Վրաստանի առավել խոշոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ոչ կառավարական կազմակերպությունների եւ հասարակայնության ներկայացուցիչները հինգշաբթի օրը ստորագրել են «Ազգային համաձայնության հռչակագիր», որում պատրաստակամություն են հայտնել պայքարել «երկիրը կառավարող հանցավոր ռեժիմի խաղաղ փոխարինման համար»: Փաստաթուղթը համագործակցության եւ փոխհամաձայնեցված գործողությունների առաջարկ է բովանդակում ընդդիմադիր բոլոր ուժերին՝ Վրաստանում խաղաղ իշխանափոխության հասնելու համար: «Մենք պատրաստ ենք համագործակցության եւ համաձայնեցված գործողությունների եւ մեր հարգանքն ենք հայտնում ընդդիմադիր մյուս ուժերին: Միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք խաղաղ, սահմանադրական միջոցներով փոխել իշխանությունը»,- ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է «Հանուն Վրաստանի միության» առաջնորդ Իրակլի Ալասանիան: Իսկ հռչակագիրը ստորագրած Միավորված ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն ասել է. «Մեր պարտքն է փրկել Վրաստանը, իսկ դրա համար մենք պարտավոր ենք համախմբվել, նույնիսկ, եթե ինչ-որ բանում իրար հետ համաձայն չենք»: Ընդդիմադիր ուժերը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով մտադիր են ապրիլի 9-ին բողոքի անժամկետ հանրահավաք սկսել Թբիլիսիի կենտրոնական շրջանում: