Գործելու է 5-րդ սցենարը

14/03/2009

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորների հետ: Անցած շաբաթ էլ նա մասնակցել էր ՀՀԿ խորհրդի նիստին: Թե ինչ է խոսվել այդ հանդիպումների ժամանակ, պաշտոնապես չի հայտարարվում. նշվում է միայն, որ քննարկվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հարցեր: «Այո, կա կանխատեսում, որ Հայաստանում կլինի 4,5 տոկոսանոց աճ, զրոյական աճ, կամ 1-2 տոկոսանոց անկում, 4,5 տոկոսի անկում: Մենք այս բոլոր սցենարներն էլ հաշվի ենք առել»,- հանդիպումներից հետո լրագրողներին ասել է Տ.Սարգսյանը` չմանրամասնելով, թե այս սցենարներից յուրաքանչյուրի համար կառավարությունն ինչ քայլեր է նախատեսել: Եթե նախատեսել է ընդհանրապես: Սակայն ուշադրություն դարձրեք, որ Տ. Սարգսյանի նշած չորս սցենարներից ոչ մեկը գոնե մոտավոր աղերս չունի 2009թ. ՀՀ պետական բյուջեի հետ, որը, ինչպես հայտնի է, նախատեսում է 9.5 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին նույնիսկ խոսելն արդեն ծիծաղելի է: Հետաքրքիր է միայն` ի՞նչ էին մտածում նույն կառավարությունում ընդամենը 3-4 ամիս առաջ, երբ ԱԺ էին ներկայացնում 9.5 տոկոսանոց տնտեսական աճ նախատեսող բյուջեի նախագիծը, եւ ի՞նչ էին մտածում պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ նախագծին: