«Ինձ մնում է միայն ափսոսանք հայտնել իմ նախագահի արած հայտարարության համար»,- ասել է «Միացյալ Վրաստան» Ժողովրդավարական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն` մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Հայաստանի տնտեսության վերաբերյալ հայտարարությունները: «Իմ երկրի նախագահը սխալ, տգեղ եւ ոչ կոռեկտ արարք է թույլ տվել ոչ միայն հարեւան, այլ նաեւ բարեկամ երկրի հանդեպ: Նորմալ նախագահներն իրենց իրավունք չեն կարող վերապահել խոսել այլ երկրի տնտեսության խնդիրների մասին: Կարծում եմ` Սահակաշվիլիի արտահայտությունները ծայրահեղ ոչ կոռեկտ էին եւ հիմար: Սակայն մեր երկրի նախագահի ոչ կոռեկտ արտահայտությունները, որոնք վերաբերում են Վրաստանի ներքին հարցերին ու հարեւան-բարեկամ երկրներին, արդեն իսկ մեզ համար նորություն չեն, մենք դրանց սովոր ենք»,- ասել է Ն. Բուրջանաձեն: «Կարծում եմ` երկրի ղեկավարը միշտ պետք է առավելագույնս կոռեկտ եւ զուսպ լինի իր գնահատականներում, հատկապես, երբ խոսքը բարեկամական երկրի մասին է»,- ասել է Վրաստանի ընդդիմադիր նոր ուժի` «Ալյանս հանուն Վրաստանի» առաջնորդ, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան: «Այսօր ժամանակը չէ քննարկել հարեւան երկրի տնտեսության վիճակը: Դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչպես միավորել մեր ջանքերը` ստեղծված տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար»,- հավելել է նա: