«Զեկույցը օբյեկտիվ չէ: Գտնելով, որ օմբուդսմենը պետք է խիստ գնահատականներ հնչեցնի, այնուհանդերձ, այդ գնահատականները պետք է իրականության հետ կապ ունենան»,- մեկնաբանելով ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի տարեկան զեկույցը, «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս նշել է, որ զեկույցը օբյեկտիվ չէ: «Քաղաքական նպատակներով եւ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել են իրականությանը օբյեկտիվ գնահատականներ տալու ծրագրից: Իսկ ինչ որ ներկայացված է, այդ ամենի համար պատասխանատվությունը վերագրված է ժառանգված համակարգին: Ըստ էության, Ա.Հարությունյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչակազմի փաստաբանի դերը»,- հայտարարել է նա: Անդրադառնալով իր զեկույցի առիթով իշխանության եւ ընդդիմության հնչեցրած դժգոհություններին, Ա.Հարությունյանն ասել է. «Մենք զեկույցը չենք գրում, որպեսզի որեւէ մեկին գոհացնենք: Դա մեր օբյեկտիվ վերլուծությունն է երկրում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ»: