Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը մասնակցում է Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ Թեհրանում ընթացող գագաթաժողովին, հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրների համատեղ ջանքերը կծառայեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: Այդ մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: «ՏՀԿ-ի անդամ երկրների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել բազմաթիվ հիմնախնդիրների լուծման, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման»,- ասել է Գյուլը: «Գլոբալացված աշխարհում անկարելի է միայնակ լուծել շատ հիմնախնդիրներ: Ուստի պետությունները պետք է համագործակցեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական»,- նշել է նա: