«Երեւանը Հայաստանի սիրտն է, իսկ յուրաքանչյուր սիրտ, որպեսզի առողջ գործի, այդտեղ պետք են հոգատար ձեռքեր, բանիմաց մարդիկ, որակյալ կադրեր, եւ այստեղ է, որ պարոն Քուշկյանի բժշկական մասնագիտությունը իսկապես կարող է կիրառվել նաեւ մեր քաղաքի հիմնախնդիրները ճիշտ ախտորոշելու եւ դրանց լուծման բանաձեւերը առաջարկելու համար»,- երեկ հրավիրված ասուլիսում` մեկնաբանելով Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու որոշումը, ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Նա նշել է, որ իրենք նորմալ են վերաբերվում իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի նշանակմանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում եւ բարձր են գնահատում ընտրություններում հաղթելու` «Բարգավաճ Հայաստանի» հնարավորությունները: «Գուցե մի փոքր անհավասար է, բայց դա օրենքին համապատասխան է: Մեր երկրում բոլոր ընտրություններում գործող իշխանության ներկայացուցիչները մասնակցել են թեկնածուների կարգավիճակով եւ կարողացել են օգտագործել որոշակի լծակներ, բայց այս պահին մենք պատրաստ ենք նույնիսկ այդ պարագայում նորմալ մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակը: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի` արդյոք ԲՀԿ հավակնությունն ավելի բա՞րձր է, քան ՀՀԿ-ինը, Խաչիկ Գալստյանն ասել է. «Ինչո՞ւ ոչ»: Նա նշել է նաեւ, որ ԲՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում իրեն մրցակից է համարում բոլոր մասնակից ուժերին: Իսկ հարցին, թե ԲՀԿ հաղթանակի դեպքում Քուշկյանը կընտրի Երեւանի քաղաքապետի՞, թե՞ նախարարի պաշտոնը, Խ. Գալստյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ քաղաքապետի»: Իսկ ի՞նչ է անելու ԲՀԿ-ն, եթե ընտրությունների ժամանակ կեղծիքներ լինեն: «ԲՀԿ-ն պատրաստ է իր բոլոր ինստիտուցիոնալ ռեսուրսները մաքսիմալ օգտագործել ընտրությունները վերահսկելու համար»,- ասել է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակը: