Մեղադրողները հետեւում են պաշտպաններին

14/03/2009

Երեկ սկսվել եւ կրկին հետաձգվել է «7-ի գործով» հերթական դատավարությունը, որին արդեն երկրորդ օրը մասնակցում էր միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը:

Երեկ նա դատավոր Մնացական Մարտիրոսյանից նկատողություն է ստացել «ոտքի չկանգնելու» համար: Երեկվա դատական նիստին Գ. Ոսկերչյանը կրկին մասնակցել է առանց դատապաշտպանի, քանի որ, ինչպես հայտնի է, վերջինիս պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատավորին տեղեկացրել էր, որ Ախալցխայում ընթացող մեկ այլ գործով դատավարությանը մասնակցելու պատճառով մարտի 10-13 ընկած ժամանակահատվածում չի կարող ներկա լինել «7-ի գործով» դատավարությանը: Սակայն դատավոր Մարտիրոսյանը Ստեփանյանի` ինչպես նախօրեի, այնպես էլ երեկվա բացակայությունը համարել է անհարգելի եւ որոշել է նրա նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար դիմել Փաստաբանական պալատ:

«Փաստաբանական պալատը խաղալիք չէ, որ նման որոշում կայացնի: Ստեփան Ոսկանյանը դիմում ուներ այսօրվա համար»,- արձագանքելով Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու` դատավորի դիմումին, երեկ հայտարարել է «7-ի գործով» պաշտպանական խմբի անդամ Հովիկ Արսենյանը: Իսկ մեկ այլ քաղբանտարկյալի՝ Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը «Ա1+»-ին տեղեկացրել է, որ մարտի 9-ին Ստեփան Ոսկանյանը դատավարության ավարտից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանին անձամբ տեղեկացրել է, որ մարտի 10-13-ը բացակայելու է հանրապետությունից: Այսինքն, դատավորը ստո՞ւմ է, երբ ասում է, որ Ստեփան Ոսկանյանը իրեն տեղյակ չի պահել` «Ա1+»-ի հարցին` Մելանյա Առուստամյանը պատասխանել է. «Այո: Փաստաբան Ոսկանյանը իմ ներկայությամբ արտադատարանական կարգով դատավորին ասել է, որ մեկնելու է Վրաստան` նիստի: Դատարանի որոշումը ողջամիտ չէ»: Ի դեպ, Մելանյա Առուստամյանը նաեւ Փաստաբանական պալատի խորհրդի անդամ է: Պարզաբանելով պալատին դիմելու ընթացակարգը՝ նա ասել է. «Խորհուրդը նախ նայում է դիմումը եւ հետո որոշում է կայացնում` գործ հարուցել-չհարուցելու մասին, եւ գործը հանձնում է կարգապահական հանձնաժողովին: Չի բացառվում, որ հանձնաժողովը գործը քննելու ընթացքում հրավիրի նաեւ դատավարության մասնակիցներին, այդ թվում` դատավորին»:

Կարգապահական հանձնաժողովը եզրակացությունից հետո, երբ առկա է լինում փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում, խորհուրդը կարող է համապատասխան տույժ կրել: Տիկին Առուստամյանը «Ա1+»-ին նաեւ տեղեկացրել է, որ եղել է նախադեպ, երբ դատավորը դիմել է փաստաբանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար, սակայն պատժի է ենթարկվել դատավորը: Մ. Առուստամյանը վստահ է, որ Ստեփան Ոսկանյանի գործողությունների մեջ փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում չկա: Ինչ վերաբերում է մեղադրող Կորյուն Փիլոյանի այն հայտարարությանը, թե իրենք գիտեն, թե երբ է Ոսկանյանը հատել հայ-վրացական սահմանը, ապա այդ առնչությամբ Մ. Առուստամյանն ասել է. «Նրանք հետեւում են մեզ բոլորիս, վերահսկում են մեր բոլորիս անձնական կյանքը: Դա շատ տհաճ է: Ո՞վ է մեղադրողին իրավունք տվել հետեւել, թե երբ է Ոսկանյանը հատել սահմանը»: Նշենք, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը հայտարարել էր, թե իրենք պարզել են, որ Ստեփան Ոսկանյանը ոչ թե երեկ է հատել Վրաստանի սահմանը, այլ այսօր` առավոտյան ժամը 7։45-ին: «7-ի գործով» դատավարությունը կշարունակվի այսօր եւ Ստեփան Ոսկանյանի չներկայանալու դեպքում` քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկանյանը կզրկվի փաստաբանից: Ընդ որում, դատավոր Մ. Մարտիրոսյանն այդ որոշումը կայացրել է` համոզված լինելով, որ Ստեփան Ոսկանյանը Վրաստանից չի կարող Հայաստան վերադառնալ նաեւ այսօր: