Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում հանդիպել է ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների հետ:
Մինչ այդ նա անցած շաբաթ մասնակցել էր ՀՀԿ խորհրդի նիստին: Այդ հանդիպումների հիմնական քննարկման թեման եղել է միջազգային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի ազդեցությանն ուղղված գործողությունների ծրագիրը: Երեկ Տ. Սարգսյանը ԱԺ-ում նախ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել ԲՀԿ խմբակցության հետ, ապա` երկու ժամանոց հանդիպում ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների հետ: Այս երեք խմբակցությունների պատգամավորները չցանկացան մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են քննարկումներն ընթացել, վարչապետը ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու համար ի՞նչ ծրագրեր է առաջարկել կամ նախատեսել: Պատգամավորներից մի քանիսը քննարկումից դուրս գալուց հետո պարզապես ասացին միայն, որ «շատ տխուր է» կամ «շոկի մեջ ենք»: Շոկի մեջ էին հատկապես դաշնակցական պատգամավորները: Ի՞նչ է ասել Տ.Սարգսյանը նրանց: Քննարկումներից հետո, որքան էլ զարմանալի էր, վարչապետը թեեւ դժկամությամբ, բայց պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Նախ հայտնեց, որ դաշնակցական պատգամավորների շոկի մեջ ընկնելու պատճառը Հայաստանում Թուրքիայի կատարելիք ներդրումների մասին լուրն է եղել: Տ. Սարգսյանը, սակայն, չմանրամասնեց, թե Թուրքիան ինչ ներդրումներ է ուզում անել Հայաստանում: Հիշեցնենք միայն, որ անցած ամիս կառավարությունը նոր ատոմակայան կառուցելու համար՝ մրցույթ էր հայտարարել, եւ կարծիք կա, որ հնարավոր է թուրքական ընկերությունները եւս մասնակցեն այդ մրցույթին:
«Եվ այստեղ մեր տեսակետները չեն համընկնում այն առումով, որ ես կարծում եմ, թե մենք պետք է լիբերալ սկզբունքներին հավատարիմ մնանք եւ ստեղծենք բարենպաստ պայմաններ բոլոր տեսակի ներդրումների համար առանց սահմանափակումների»,- հայտարարեց Տ.Սարգսյանը:
Լրագրողներին նախ հետաքրքրում էր, թե որքան են իրականությանը համապատասխանում նրա հրաժարականի մասին խոսակցությունները: Տ.Սարգսյանը շրջանցեց այս հարցը` հասկացնելով, թե իր այս հանդիպումների ու քննարկումների ֆոնի վրա անիմաստ են հրաժարականի մասին խոսակցությունները: Վարչապետը չցանկացավ գնահատել, թե որքան կշարունակվի տնտեսական ճգնաժամը, եւ ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
«Դուք տեսնում եք, որ համաշխարհային տնտեսական իրավիճակի գնահատականները հաճախակի փոխվում են, վերջին 3 ամիսներին մենք ծանոթացանք առնվազն 4 կանխատեսումների, որոնք դրվեցին եւ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպայի Կենտրոնական բանկի, Ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից, նաեւ Անգլիայի Կենտրոնական բանկի կողմից: Եվ մենք տեսնում ենք, որ ամեն ամիս այդ գնահատականները փոխվում են: Դրա համար հիմա այնպիսի իրավիճակ է, որ պետք է աշխատել օպերատիվ ռեժիմով: Իրավիճակը փոխվում է, գնահատականներն էլ են փոխվում, եւ, բնականաբար, այդ իրավիճակը չի կարող ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա»,- ասաց Տ.Սարգսյանը:
«Այո, կա կանխատեսում, որ Հայաստանում կլինի 4,5 տոկոսանոց աճ, զրոյական աճ, կամ 1-2 տոկոսանոց անկում, 4,5 տոկոսի անկում: Մենք այս բոլոր սցենարներն էլ հաշվի ենք առել»,- հայտարարեց Տ.Սարգսյանը` չմանրամասնելով, թե այս տարբերակներից յուրաքանչյուրի համար կոնկրետ ինչ ծրագրեր կամ մեխանիզմներ են մշակվել: Եթե մշակվել են ընդհանրապես:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ` ֆինանսական շուկայում նոր ցնցումներ, փոխարժեքի նոր տատանումներ կլինե՞ն, թե՞ ոչ: «Ոչ, մենք ֆինանսական շուկայում որեւիցե ցնցումներ չենք կանխատեսում, անցումը լողացող փոխարժեքին ճիշտ որոշում էր ԿԲ կողմից, ճշգրիտ հաշվարկված էր, հաշվի էին առնվել միջազգային փորձագետների կարծիքները եւ խորհուրդները: Փուլային անցումը, կարծում եմ, որ բոլոր հնարավորություններից ամենաճշգրիտ մոտեցումն էր»,- հայտարարեց նա: Տ. Սարգսյանը վաղաժամ համարեց բյուջեի վերանայման մասին կարծիքները: «Հայտարարել ենք, որ օրենսդրությունը կառավարությանը տալիս է որոշակի ճկունություն: Մենք այդ հնարավորությունից օգտվում ենք եւ իրականացնում ենք ծախսերի վերաբաշխում: Առաջին եռամսյակներին մեր վարքագիծը լինելու է խիստ տնտեսման ռեժիմով աշխատել, իրականացնել առաջնահերթ նշանակություն ունեցող ծախսեր, իսկ կապիտալ առաջնային նշանակություն չունեցող ծախսերը հետաձգել վերջին եռամսյակ»,- ասաց Տ.Սարգսյանը:
Մեր տեղեկություններով՝ Տ.Սարգսյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախարարներին առաջարկել է 2009թ. համար նախատեսված ծախսերի 10 տոկոսը տեղափոխել 4-րդ եռամսյակ ու կրճատել գործուղումների, գույքի գնման համար նախատեսված ծախսերը:
Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր, թե վարչապետն ինչո՞ւ չի հանդիպում նաեւ խորհրդարանական ընդդիմության «Ժառանգություն» խմբակցության հետ: «Նրանց հետ էլ կլինի, ինչի՞ եք իրադարձություններից առաջ ընկնում»,- պատասխանեց Տ.Սարգսյանը: Ի դեպ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է օրենքով ամրագրել, որ 2009թ. բյուջեով հաստատված սոցիալական պաշտպանության ծախսերը` կենսաթոշակներ, ընտանեկան եւ գործազրկության նպաստներ, միանվագ դրամական օգնություն, բանկային ապահովում, սոցիալական հատուկ արտոնություններ, ենթարկել ինդեքսավորման առնվազն 20 տոկոսի չափով: «Ֆինանսատնտեսական ճգնաժամի, դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման, գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների բարձրացման հետեւանքներով հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է մասնավորապես առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գների բարձրացում միջինը 20 տոկոսի չափով, բնակչության գնողունակության անկում եւ սոցիալական վիճակի զգալի վատթարացում: Ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում մեղմել ստեղծված իրավիճակը բնակչության սոցիալապես անապահով հատվածի վրա»,- իր առաջարկությունն այսպես է հիմնավորել Վ. Դալլաքյանը` ավելացնելով, թե ինդեքսավորման համար անհրաժեշտ բյուջետային եկամուտները հնարավոր է ապահովել խոշոր բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելու եւ ստվերային տնտեսությունը կրճատելու միջոցով: