Ամերիկան Հայաստանում հեղափոխություն չի հրահրելու

03/07/2005 Էմիլ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ջորջ Բուշը հռետորական վարպետությամբ երբեք աչքի չի ընկել: Սակայն
հետխորհրդային իշխանափոխությունները ողջունելիս դժվար թե կարելի է լինել
ավելի պերճախոս, քան ԱՄՆ նախագահը: Պատահական չէ, որ իր կողմից վերջերս
արված հայտարարությունները մեծ աղմուկ (եւ հույսեր) են առաջացրել
ժողովրդավարացման ուղին դեռ չբռնած Հայաստանում:
Տեղական մամուլի վերլուծաբանները շարունակաբար պնդում են, որ
ամերիկացիները պատրաստվում են հեղափոխություն հրահրել նաեւ Հայաստանում:
Կրակի վրա յուղ են լցնում հայկական ընդդիմության առաջնորդները, որոնց
թվում է, թե Միացյալ Նահանգներն արդեն խաչ է քաշել Ռոբերտ Քոչարյանի
վարչակարգի վրա:
Նման խոսակցություններն ամերիկյան պաշտոնյաների մոտ տարակուսանք են
առաջացնում: Նրանց ասելով, Բուշի վարչակազմը հայաստանյան ընդդիմությանը
իշխանության բերելու որեւէ մտադրություն չունի: «Մենք հեղափոխություններով
չենք զբաղվում»,- ասում է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա: Նրա
խոսքերով, Բուշի հայտարարությունները չպետք է ընկալվեն որպես փողոց դուրս
գալու եւ ռեժիմը տապալելու կոչ:
«Ընդդիմությունը չպետք է ձգտի իրականացնել վտանգավոր հեղափոխություն կամ
նվաստացնել իշխող ռեժիմը»,- ասում է վարչակազմի պաշտոնյան (որը չցանկացավ
իր անունը հրապարակել)՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը նախընտրում է Հայաստանի
ժողովրդավարացման «էվոլյուցիոն» ճանապարհը:
Նմանատիպ պնդումներ են արվում ԱՄՆ Պետդեպարտամենտում, որի Հայաստանի հետ
կապված հարցերով զբաղվող պաշտոնյաները շեշտում են միայն «օրինական
միջոցներով» քաղաքական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:
«Նախագահ Բուշն իշխանափոխության կոչեր չի արել, նա պարզապես պաշտպանել է
դեմոկրատական սկզբունքները»,- ասում է նրանցից մեկը:
Իրենց ասածները հիմնավորելու համար ամերիկյան պաշտոնյաները շեշտում են, որ
Վաշինգտոնը ոչինչ չի արել Վրաստանում, Ուկրաինայում կամ Ղրղըզստանում
հեղափոխություններ առաջացնելու համար: Եվ Էդուարդ Շեւարդնաձեն, եւ Լեոնիդ
Կուչման եւ Ասկար Ակաեւը Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ
ունեին: Նրանք պարզապես դարձան իրենց իսկ ընտրակեղծիքների զոհը. ասում են
ամերիկացիները:
Ակնարկն ակնհայտ է՝ Հայաստանի իշխանավորները պետք է ավելի շատ
անհանգստանան իրենց հնարավոր նոր ընտրակեղծիքներին հետեւող ներքին
հակազդեցությամբ: Իսկ որ նրանք արդեն անհանգստացած են՝ փաստ է. ասում է
վարչակազմի պաշտոնյան: Իր խոսքերով, անցյալ գարնան իրադարձությունները
Երեւանում ցույց տվեցին, որ հայաստանցիներից շատերն ուզում են տեսնել
«դեմոկրատական բարելավումներ» եւ այլ «դրամատիկ փոփոխություններ» իրենց
երկրում:
Այնուամենայնիվ, այն ոգեւորությունը, որով Բուշն արձագանքեց ԱՊՀ երեք
երկրներում տեղի ունեցած հեղափոխություններին, իրոք ուշագրավ է: Մայիսին
Թբիլիսի կատարած իր այցի ժամանակ նա նշեց, որ Վրաստանը պետք է օրինակ
ծառայի իր հարեւաններին: Դրանից մեկ շաբաթ անց Վաշինգտոնում ունեցած իր
ելույթում նա հայտարարեց, թե այդ հեղափոխությունները ժողովրդավարացման
ավելի լայն գործընթացների «միայն սկիզբն էին»: «Կովկասով եւ Կենտրոնական
Ասիայով մեկ փոփոխությունների հեռանկարը հույս է ծնում, եւ
փոփոխություններ տեղի կունենան»,- ասել է նա:
Հենց այսպիսի հայտարարություններն են մեծ ոգեւորություն առաջացրել
Հայաստանի ընդդիմադիր առաջնորդների մոտ: Նրանք հիմա հույս ունեն, որ ԱՄՆ-ը
իրենց կօգնի՝ Քոչարյանին հեռացնելու իշխանությունից: Ոմանք մասնավորապես
կարծում են, որ ամերիկացիները կարող են ուղղակի հրահանգել
իշխանություններին՝ այլեւս ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների դեմ:
«Սրանք կեղծ եւ վտանգավոր ենթադրություններ են»,- ասում է Պետդեպարտամենտի մի պաշտոնյա:
Ըստ ամերիկյան վերլուծաբան Քորի Վելթի, որն աշխատում է Վաշինգտոնի հայտնի
Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, տեղի
պաշտոնյաների նման պնդումներին կարելի է հավատալ: «Ամեն ինչ վկայում է այն
մասին, որ Հայաստանը թիրախ չէ Բուշի վարչակազմի համար: Նրանք հանդուրժում
են ներկայիս վարչակարգը Երեւանում»,- ասում է նա:
Վելթը կարծում է, որ ամերիկյան կառավարությունը Վրաստանում, Ուկրաինայում
եւ Ղրղըզստանում «վազել է իրադարձությունների հետեւից» եւ թերեւս նույն
բանն էլ անի Հայաստանի պարագայում: Այսինքն, նրանք ակտիվ կեցվածք
կընդունեն միայն այն դեպքում, եթե Երեւանում էլ տեղի ունենան նմանատիպ
իրադարձություններ: Վերլուծաբանը նաեւ պատահական չի համարում ԱՄՆ դեսպան
Ջոն Էվանսի քանիցս հայտնած այն միտքը, որ Հայաստանը «շարժվում է ճիշտ
ուղղությամբ»:
Եվ իսկապես, փորձառու դիվանագետի խոսքերը դժվար թե կտրուկ հակասեն իր
կառավարության տեսակետին: Թեեւ Բուշի վարչակազմի պաշտոնյան զգուշացրեց այս
առումով, որ «ճիշտ ուղու վրա լինել՝ դեռ չի նշանակում՝ բավարարել
անհրաժեշտ չափանիշները», սակայն Էվանսի մտքերը համահունչ են վերջերս
Երեւան այցելած երկու ամերիկյան սենատորների հայտարարություններին:
Սենատորներ Չաք Հեյգլն ու Նորմ Քոլմանը (երկուսն էլ՝ Բուշի «Հանրապետական»
կուսակցությունից) գովեցին Հայաստանի իշխանություններին երկրում
իրականացրած բարեփոխումների համար: Քոլմանը նույնիսկ դեմ արտահայտվեց
Հայաստանում վաղաժամ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:
Այստեղ տեղին է հիշել, որ ԱՄՆ-ը այդպես էլ հստակորեն չդատապարտեց անցյալ
տարվա ապրիլին խաղաղ ցուցարարների ծեծուջարդն իր երեւանյան դեսպանատան
առջեւ:
Բնականաբար, հարց է առաջանում, թե հայաստանյան վերջին ընտրությունները
խստիվ քննադատելով եւ Քոչարյանին Սպիտակ տուն չհրավիրելով հանդերձ, ինչո՞ւ
են ամերիկացիները բավական մեղմ վերաբերվում իր վարչակարգին: Պատճառներից
մեկը երեւի այն է, որ իրենք, համենայնդեպս մինչ այժմ, մեր ընդդիմության
առաջնորդներով այնքան էլ տպավորված չեն եղել: Այդ առաջնորդներից ոմանց
կտրուկ վերակողմնորոշումը դեպի Արեւմուտք դժվար թե ԱՄՆ համակրանքը շահելու
բավարար պայման լինի:
Այնուամենայնիվ, դա կարեւոր գործոն է: «Հանրապետություն» կուսակցության
առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վերջերս գտնվում էր Վաշինգտոնում, դրական
տպավորություն թողեց Բուշի վարչակազմի որոշ պաշտոնյաների վրա՝ ղարաբաղյան
խնդրի կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, Հայաստանի
անվտանգության դոկտրինի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
իր նոր արեւմտամետ հայացքներով: Նույնը չի կարելի ասել Ստեփան Դեմիրճյանի
մասին, որը նախկինում հանդիպել էր նույն պաշտոնյաների հետ: Դեմիրճյանի
հայացքները սույն հարցերի շուրջ ավելի անորոշ են եւ դժվար ըմբռնելի:
Սակայն սխալ կլիներ հեռուն գնացող եզրակացություններ անել այս փաստից: ԱՄՆ
Պետդեպարտամենտում, օրինակ, կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են ԱԺ նախագահ
Արթուր Բաղդասարյանով եւ նույնիսկ նրան համեմատում են Միխայիլ
Սահակաշվիլու հետ:
Մյուս կողմից, ԱՄՆ-ը դժվար թե շահագրգռված լինի արագ իշխանափոխությամբ,
եթե ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում այս տարի բեկում
գրանցվի: Իսկ այդպիսի բեկման հնարավորությունն ամերիկյան պաշտոնյաներն
այժմ չեն բացառում: Բացի այդ, Բուշի «ազատասեր» խոսքերի եւ կոնկրետ
քայլերի միջեւ ակնհայտ հակասություն կա: Դրա վառ ապացույցն է նաեւ
ամերիկյան մեղմ արձագանքը վերջերս Ուզբեկստանում տեղի ունեցած արյունալի
իրադարձություններին: Ուզբեկստանի բռնապետական ռեժիմն, ի վերջո, կարեւոր
դաշնակից է Վաշինգտոնի հակաահաբեկչական պայքարում:
Այդ քաղաքականությունը խիստ քննադատության է ենթարկվում ամերիկյան
առաջատար թերթերի եւ իրավապաշտպանների կողմից: Ոմանք հիմա կարծում են, որ
երեսպաշտության մեղադրանքներից խուսափելու համար Բուշի վարչակազմը կարող է
ավելի զգուշավոր կեցվածք ընդունել՝ Կովկասում եւ այլուր ազատություն եւ
ժողովրդավարություն տարածելու հարցում: Ինչպես ասաց վերլուծաբան Վելթը՝
«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները հիմա հստակ գիտի, թե ինչ է ուզում,
եւ դրանով էլ մասամբ պայմանավորված է ամբողջ խնդիրը»: