Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ «ֆոնոգրամայով»

14/03/2009 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հայրենի շոու-բիզնեսում իրարանցում է: Մշակույթի նախարարի հրամանի համաձայն, այսուհետեւ արգելվում է համերգների ժամանակ երգել ֆոնոգրամայով:

Եվ այդ հրամանը զայրացրել է տեղական «աստղիկներին», որոնք այլեւս զրկվել են «գռդոնի» հնարավորությունից: Իհարկե, ամոթ-աբուռ ունենալու պարագայում այդ զայրույթը «աստղիկները» կարող էին պահել իրենց մեջ: Սակայն վերջիններս այնքան են «հաբռգել», որ հեռուստատեսությամբ եւ մամուլով հայտարարում են իրենց դժգոհությունն առ այն, որ իրենց թույլ չեն տալիս շարունակել հիմարի տեղ դնել հանդիսատեսին: Հիմա էլ նոր բան են մոգոնել. «Դե, եթե պահանջում են, որ կենդանի երգենք, թող մեզ համար լավ տեխնիկա ապահովեն»: Սակայն «աստղիկներն» այս հարցում մեղավոր չեն: Մեղավորը նրանք են, ովքեր տարիներ շարունակ վերջիններիս սովորեցրել են պարազիտ կյանքի եւ ապահովել վերջիններիս համար «հացիկը, ճաշիկը, շորիկը եւ ֆիրմա ավտոները»: Նրանք անգամ չգիտեն, որ իրենց համերգի համար ձայնը, լույսը, երաժշտությունը եւ այլ պարագաներ պետք է իրենք, իրենց պրոդյուսերները կամ տվյալ համերգի կազմակերպիչներն ապահովեն, այլ ոչ թե նախարարը կամ նախարարությունը: Կամ էլ սպառնում են, որ տոմսերը կթանկանան: Մեր «աստղերին» նախ ուզում եմ հիշեցնել, որ առաջին հերթին թող վճարեն մինչ օրս վաճառված ոչ էժան տոմսերի համար գոյացած հարկերը, եւ հետո միայն խոսեն ապագայում վաճառվող տոմսերի գների մասին: Իսկ թանկ տոմսերով թող ոչ մեկին չվախեցնեն: «Ջազ 70»-ի շրջանակներում անցկացված համերգների տոմսերի գինը էժան չէր: Սակայն մեր հանդիսատեսը չէր ափսոսում այդ գումարը եւ մեծ հաճույքով գնում էր լսելու ինչպես հայ, այնպես էլ աշխարհահռչակ երաժիշտների որակյալ երաժշտությունը: Ի դեպ, լավ կլիներ, որ մեր «աստղիկները» եւս հաճախեին այդ համերգներին եւ գոնե ինչ-որ բան սովորեին նրանցից, այլ ոչ թե իրենց «թիթեռի ուղեղով» այսօր մուննաթ գան լրագրողների, նախարարի եւ հանդիսատեսի վրա:

Եթե հեռուստացույցի էկրաններից չիջնող մեր «երգչիստների» ասածը վերագրենք այլ մասնագետների, ապա կստացվի, որ ուսուցիչները պետք է պահանջեն, որպեսզի ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն իրենց համար ապահովի «ֆարինգիտի բժիշկներ» եւ անձնական ավտոմեքենաներ: Հակառակ պարագայում նրանք չեն հասցնում գնալ դպրոց, իսկ գնալու դեպքում էլ նրանց ձայնը կտրվում է: Բժիշկները պետք է պահանջեն, որպեսզի ինչ-որ մեկը օպերացիայից առաջ գա իրենց ձեռքերը լվանա, իսկ գաջ քսողները «մալա ու թարազու» պահանջեն պատվիրատուից: Ի դեպ, եթե շատ պլաստիկ վիրաբույժներ մեր աստղերի քթերն ու այլ օրգանները վիրահատելիս այդպես վարվեին նրանց հետ, միգուցե այսօր վերջիններս հասկանային, որ յուրաքանչյուր մարդ իր անմիջական պարտականությունը կատարելու համար ուրիշի վրա չպիտի «մուննաթ» գա: Մարտի 8-ին տեղի ունեցավ մեր «աստղիկների» առաջին համերգը, այս երկար սպասված հրամանից հետո: Եվ պարզվեց, որ շատերն անգամ հրաժարվել են մասնակցել այդ համերգին: Որովհետեւ համերգին ներկա գտնվող նախարարության ներկայացուցիչները կազմակերպիչներից պահանջել են, որպեսզի նախօրոք գովազդված համերգի բոլոր մասնակիցները երգեն առանց ֆոնոգրամայի: Եվ այսքանից հետո, պարզվել է, որ «Սասունցի Դավիթ» կոչվածը «շուստրիություն ունի»: Իսկ մնացածը կամ հրաժարվել են մասնակցել համերգի եւ հեռացել են դահլիճից, կամ ստիպված են եղել երգել կենդանի: Համոզված եմ, եթե Մշակույթի նախարարությունը հետեւողական լինի, ապա շատ շուտով մեր շոու-բիզնեսում մեծ «կրճատումներ» կլինեն, եւ ինչպես կասեր Սերգո Երիցյանը` «օպտիմալիզացիան անխուսափելի է»:

Այս թեմային կարող է այդքան տեղ չտայինք, եթե «ֆոնոգրամա» հասկացողությունը համատարած չլիներ: Իհարկե, այս տերմինն ընդունված է օգտագործել միայն շոու-բիզնեսում, որտեղ այն անվանվում է նաեւ «պլյուս», սակայն այլ բնագավառներում եւս հաճախ են «ֆոնոգրամայով երգողները»: Օրինակ, վերցնենք մեր դատական համակարգը: Այնպիսի տպավորություն է, որ մեր դատավորները դատերին «ֆոնոգրամայով են ելույթ ունենում»: Սակայն, եթե «երգչիստների» դեպքում դահլիճներում միացվում է տվյալ երգիչ-երգչուհու ֆոնոգրաման, ապա դատավորների պարագայում` «ուրիշի զապիսն են» միացնում: Շատ հետաքրքիր են գերատեսչությունների լրատվական ծառայությունների ղեկավարների ելույթները: Որովհետեւ վերջիններիս դեպքում անգամ «ֆոնոգրաման» է «ֆալշ» գրված լինում: Դե, իսկ քաղաքական գործիչների ֆոնոգրամաները վերջին քսան տարիների ընթացքում ընդհանրապես չեն թարմացվել: «Լափած մազութից» սկսված, «տարածաշրջանի կենտրոն» եւ «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ով ավարտված՝ բոլորը նույն երգերն են երգում: Ամեն մեկն՝ իրենը: Եվ հիմա մեկն էլ պետք է, որպեսզի արգելի այս «ֆոնոգրամաները»: