540 մլն դոլարանոց ղազագիր

14/03/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Օրեր առաջ մամուլը հեղեղվեց «Bloomberg» ֆինանսական գործակալության հրապարակման մասին տեղեկություններով, որտեղ փորձագետները Ռուսաստանին եւ այլ երկրների խորհուրդ էին տալիս հետեւել Հայաստանի օրինակին՝ անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Կենտրոնական բանկն էլ (որն ըստ երեւույթին լրատվամիջոցներին «հուշել» է այդ հրապարակման մասին), վերցրել ու իր կայքում ամբողջությամբ տեղադրել է «Bloomberg»-ի հրապարակումը՝ բնօրինակով, անգլերեն տարբերակով։

Մեջբերենք դրանից մի հատված։ «Armenia, the former Soviet republic bordering Turkey, Iran, Azerbaijan and Georgia, devalued the dram 22 percent against the dollar during the past two days as part of a $540 million credit- line agreement with the International Monetary Fund»։ Թարգմանաբար ստացվում է հետեւյալը` «Հայաստանը (նախկին Խորհրդային երկիր, որը սահմանակցում է Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին եւ Վրաստանին) վերջին 2 օրերի ընթացքում 22 տոկոսով արժեզրկեց դրամը դոլարի նկատմամբ՝ որպես Արժույթի միջազգային հիմնադրամի հետ 540 միլիոն դոլարի վարկային պայմանագրի բաղկացուցիչ»։ Սա փաստորեն նշանակում է, որ «վերադարձը լողացող փոխարժեքին» արվել է ոչ թե հանուն արտահանողների, այլ պարզապես՝ ԱՄՀ-ի պահանջով։ Դա եղել է պայմանագրի հստակ կետ, որը չկատարելու դեպքում այս կառույցը փող չէր տրամադրի Հայաստանին։ «Bloomberg»-ը լուրջ գործակալություն է, այնքան լուրջ, որ ՀՀ ԿԲ-ն իր կայքում տեղ է հատկացնում նրա հրապարակմանը։ Հետեւաբար, լուրջ է նաեւ այն պնդումը, որ դրամի արժեզրկումն իրականացվեց հանուն փողի։ Ավելին, եթե այս հրապարակումը տեղադրված է ԿԲ-ի կայքում, ուրեմն սա որոշակիորեն կարելի է համարել նաեւ որպես պաշտոնական տեսակետ։ Այնպես որ, կարելի է ասել, որ մենք ընդամենը արձանագրում ենք պաշտոնական տեսակետի՝ եթերում «պատահաբար» չերեւացող մասը։

Ի դեպ, վերջին օրերին ոմանք սկսել են մեղադրել այն մի քանի թերթերին, որոնք քննադատում են իշխանություններին, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ վարվող տնտեսական քաղաքականության ու փոխարժեքային խաղերի համար։ Ամենազավեշտալի մեղադրանքներից մեկն այն է, որ իբր թերթերը նոր են հիշել 1 շաբաթ առաջ տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկումն ու դրա հետեւանքները։ Այսինքն՝ բացասական երեւույթի մասին գրել չի կարելի, եթե դրա «յոթն ու քառասունքը» արդեն լրացել է։ Հետո՞ ինչ, որ դրա դրսեւորումներն ու բացասական հետեւանքները ամեն օր նորովի են դրսեւորվում, ու արդեն իրականություն դարձած փաստերի ֆոնին, մեղմ ասած, հնարավոր չէ նորովի չհիշել նախկինում հնչած մտքերն ու կանխատեսումները։

Օրինակ, ԱՄՀ-ն երեկ հրապարակել է մի զեկույց՝ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վրա ճգնաժամի ազդեցության մասին, որտեղ նշում է, որ տարածաշրջանի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը զգալի վնասներ են կրել ճգնաժամի պատճառով։ Երկրների մի մասը, որոնք վառելիք են արտահանում, տուժել է էներգակիրների գնանկումից։ Մյուս երկրները, այդ թվում՝ նաեւ Հայաստանը, տուժում են, քանի որ տնտեսությունը մեծապես կախված է այլ երկրներից՝ մասնավորապես Ռուսաստանից եւ այնտեղից եկող դրամական փոխանցումներից։ ԱՄՀ-ն նաեւ կանխատեսում է, որ 2009-ին տարածաշրջանում տնտեսական աճը 2%-ից ցածր կլինի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ն կանխատեսել էր ՀՆԱ-ի 1.5 տոկոսանոց կրճատում, Համաշխարհային բանկն էլ կանխատեսում է զրոյական աճ։

Հիմա՝ այս ամենի ֆոնին, ինչպես չհիշել այն ելույթները, որ հնչում էին 2008-ի վերջին: Գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները միաբերան նշում էին, որ ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդի, ու մենք կարձանագրենք 9.2%-անոց տնտեսական աճ, խորհուրդ էին տալիս չխոսել ճգնաժամի մասին ու ասում էին, որ ուր որ է՝ արտասահմանցիներն իրենց ֆինանսական միջոցները կբերեն «կայունության նավահանգիստ»՝ Հայաստան։

Ի դեպ, Հայաստանի ԿԲ-ին պաշտպանելու ֆունկցիան իր վրա է վերցրել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը։ ԶԼՄ-ներին ուղարկված «ԱՄՀ-ի պատասխանները փոխարժեքի ճշգրտման վերաբերյալ հարցերին» հաղորդագրության մեջ ԱՄՀ-ն այնպես է արդարացրել ԿԲ-ի քայլերը, որ կարդացողն ակամայից հուզվում է։ Պատասխանների մեջ կարդում ենք, որ ԱՄՀ-ն լիովին սատարում է լողացող փոխարժեքին վերադառնալու որոշմանը, որ դրամը նախկինում արժեւորվում էր, որովհետեւ դրսից շատ դոլար էր գալիս Հայաստան, որ էժան դրամը կօգնի արտահանողներին, որ մեր բանկային համակարգը շատ կայուն է, եւ այլն։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն հատվածն է, որտեղ ԱՄՀ-ն պատասխանում է, թե «Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ փոխարժեքն այժմ արժեզրկվի»։ Խոսելով արտահանման գների, Հայաստանի արտահանման նկատմամբ համաշխարհային պահանջարկի, հետեւաբար եւ՝ արտահանողների եկամուտների նվազման, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների անխուսափելի կրճատման մասին, ԱՄՀ-ն ամփոփում է. «Ավելի հակիրճ՝ ներկայում շատ ավելի քիչ դոլար է Հայաստան գալիս, քան նախկինում: Այժմ, երբ ՀՀ ԿԲ-ն որոշել է թույլ տալ, որ փոխարժեքը լողա, եւ շուկան որոշի դրամի հավասարակշիռ մակարդակը, ավելի քիչ դոլարը նշանակում է, որ դոլարի գինը պետք է բարձրանա, իսկ դրամը՝ արժեզրկվի»։ Պարզ է, որ եթե նշվում է՝ «Այժմ, երբ ՀՀ ԿԲ-ն որոշել է թույլ տալ, որ փոխարժեքը լողա», ապա առողջ տրամաբանությունը հուշում է, որ նախկինում թույլ չէր տալիս։ Այսինքն՝ ԿԲ-ին արդարացնելու հետ մեկտեղ՝ ԱՄՀ-ն թեթեւակի «քլնգում» է այս կառույցին։ Իսկ թե ինչո՞ւ նախկինում ձայն չէին հանում, երբ ԿԲ-ն փոխարժեքի «լողն» արգելում էր, պատասխանների մեջ գտնել հնարավոր չէ։