Դեռ 3 տարի
Համաշխարհային ճգնաժամն ամենասուր կերպով կդրսեւորվի 2009թ. վերջին կամ 2010-ի սկզբին, այդ իսկ պատճառով Ռուսաստանը ճգնաժամից դուրս կգա 3 տարուց ոչ շուտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։ «Ես տեսնում եմ, որ այսօր ավելի վստահ ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ աշխարհի առաջատար երկրների ՀՆԱ-ի անկումը կշարունակվի մինչեւ 2010 թվականը։ Դա նշանակում է, որ ճգնաժամի պիկը կլինի ոչ թե այս տարվա կեսերին, ինչպես կանխատեսվում էր, այլ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Այսինքն, մենք դեռ շատ լուրջ խնդիրներ կունենանք, եւ վերականգնումը դանդաղ կընթանա։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, ճգնաժամը 3 տարուց շուտ չենք հաղթահարի»,- ասել է Կուդրինը BBC-ին տված հարցազրույցում։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ճգնաժամից դասեր քաղել եւ այնպես անել, որ երկրի տնտեսությունը դառնա ավելի կայուն. «Մենք այսօր ավելի շատ, քան առաջ, մտածում ենք ստեղծել ռուսական տնտեսության նոր մոդել՝ կայուն մակրոէկոնոմիկայով, կայուն փոխարժեքով, կայուն ցածր գնաճով, եւ երկարաժամկետ ներդրումների համար անհրաժեշտ խթաններով։ Այսինքն՝ դիվերսիֆիկացված եւ նավթից ու գազից ավելի քիչ չափով կախված տնտեսություն»։
Տնտեսական Պերլ Հարբոր
«Ֆորբսի» վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Ուորրեն Բաֆեթը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգներին սպառնում է «տնտեսական Պերլ Հարբորը», եւ տնտեսության հետագա զարգացման սցենարը շատ մոտ է ամենավատ կետին՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության նվազումն ու գործազրկության աճը։ Գործարարն այս մասին հայտարարել է CNBC հեռուստաալիքի եթերում՝ ավելացնելով, որ իրավիճակը կարող են փրկել քաղաքական գործիչները։ «Իհարկե, բանկային համակարգի նկատմամբ վստահությունը եւ տնտեսական աճը վերականգնելու համար նրանք պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, մոռանան միջկուսակցական տարաձայնությունների մասին եւ միասնական ճակատով աջակցեն նախագահ Բարաք Օբամային»,- ասել է Բաֆեթը։ Վերջինս գտնում է սակայն, որ անգամ այդ դեպքում նվազագույնը 5 տարի կպահանջվի՝ տնտեսությունը կարգի բերելու համար։ Իսկ այդ ընթացքում՝ սպառողական պահանջարկի աճի ֆոնին, անխուսափելի կլինի արագացող ինֆլյացիան։
Նոր կարգի բանկեր
Ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու եւ հետագա տնտեսական աճ ապահովելու համար ԱՄՆ-ին հարկավոր է ստեղծել նոր կարգի բանկեր՝ մասնագիտացած բիզնեսի վարկավորման մեջ։ Նման կարծիք է հայտնել հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդմունդ Ֆելպսը։
«Անգամ եթե գոյություն ունեցող բանկերը գոյատեւեն հաջորդ տարիների ընթացքում, այդ գոյատեւումը տեղի կունենա վարկային պորտֆելների կրճատմանը զուգահեռ, ինչը կհանգեցնի շուկայական հատվածում ներդրումների կրճատմանը։ Սակայն կարող են հայտնվել նոր բանկեր, որոնք կլրացնեն վարկային միջոցների պակասը»,- ասել է Ֆելպսը։
Տնտեսագետը կառավարությանը խորհուրդ է տվել լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե անհրաժե՞շտ է արդյոք երկրին վարկավորման այն համակարգը, որը գոյություն ուներ վերջին տարիների ընթացքում։ Ֆելպսի խոսքերով, հիպոթեքային ճգնաժամի ընթացքում բանկերի թույլ տված սխալներն արդեն իսկ ամեն ինչ ասում են։ Տնտեսագետը գտնում է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նոր վարկային ընկերությունների ստեղծման գործում։ Մասնավորապես, պետությունը կարող է նրանց արտոնյալ վարկային ռեսուրսներ տրամադրել եւ սուբսիդավորել այն վարկերի տոկոսադրույքները, որոնք ուղղվելու են տնտեսության իրական հատվածի զարգացմանը։ Այս առումով Ֆելպսը կարեւորել է ինովացիոն ընկերությունների վարկավորումը։ «ԱՄՆ-ում նկատվում է իրական սեկտորի զարգացման դինամիզմի նվազում, առաջին հերթին՝ վենչուրային ընկերությունների մասով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ նոր բանկերի կողմից նորարարական բիզնեսի վարկավորումը կլինի հետագա տնտեսական զարգացման երաշխիքը։
UBS բանկը կորցրել է 21 միլիարդ դոլար
Շվեյցարիայի խոշորագույն բանկը՝ UBS-ը, հայտարարել է, որ 2008 թվականի ընթացքում ունեցել է շուրջ 21 միլիարդ դոլարի կորուստներ։ Դա մոտ 1.5 միլիարդով ավելի է, քան հայտարարվում էր նախկինում։ Այս տարվա փետրվարին բանկը հայտարարեց, որ կորուստներն անցյալ տարվա ընթացքում կազմել են 19 միլիարդ 697 միլիոն դոլար։ Սա ամենամեծ կորպորատիվ վնասն է, որ արձանագրվել է Շվեյցարիայի ողջ պատմության ընթացքում։ UBS-ի կորուստները պայմանավորված են հիմնականում ԱՄՆ վարկավորման համակարգի փլուզմամբ եւ դրան հաջորդած համաշխարհային ֆինանսական ճգնաժամով։ Սակայն դա դեռ ամենը չէ. լրացուցիչ 1.5 միլիարդ դոլարի կորուստը, որի մասին բանկը հայտարարել է, կապված է մի սկանդալային պատմության հետ։ Բանն այն է, որ բանկի հաճախորդներից շատերը խնդիրներ են ունեցել ԱՄՆ իշխանությունների հետ, թաքցրել են հարկերը։ UBS-ը փետրվարին խոստովանեց, որ անուղղակիորեն օգնել է իր հաճախորդներին հարկերից խուսափելու հարցում, եւ վճարեց 780 միլիոն դոլար, որպեսզի գործը դատարան չհասնի։ Սակայն ԱՄՆ իշխանություններն այսքանով չբավարարվեցին եւ դատի տվեցին բանկին՝ ստիպելով բացահայտել այն 52 հազար հաճախորդների անունները, ովքեր խուսափել են հարկերից։ Այս ամենը, իհարկե, բացասաբար է ազդել բանկի հեղինակության եւ գործունեության վրա։ UBS-ի ղեկավարները խոստովանել են, որ բանկի ֆինանսական վիճակը շատ ավելի վատ է, քան կարծում էին նախկինում։
Սթիվեն Սփիլբերգը «խեղճանում» է
Հոլիվուդի ամենահայտնի պրոդյուսերներից մեկը՝ Սթիվեն Սփիլբերգը, չի կարողանում ներդրողներ գտնել՝ իրեն պատկանող «DreamWorks» ստուդիայի նոր նախագծերը կյանքի կոչելու համար։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով «բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին»։ Հաշվի առնելով ճգնաժամը՝ 2009 թվականի համար Սփիլբերգը «սեղմել» էր ստուդիայի բյուջեն՝ հասցնելով 325 միլիոն դոլարի (թեեւ նախապես ծրագրված էր երկու անգամ ավելի շատ գումար)։ Սակայն անգամ կրճատված բյուջեն ապահովել չի հաջողվում. Սփիլբերգը հավաքել է այդ գումարի ընդամենը կեսը։ Ֆինանսական ճգնաժամն ու «սառեցված» վարկային շուկան զգալիորեն կրճատել է հոլիվուդյան ֆիլմարտադրողների հնարավորությունները, որոնք նախկինում երբեք ֆինանսական դժվարություններ չեն ունեցել։ Օրինակ, «Paramount» ստուդիան, միջոցները տնտեսելու նպատակով, հետաձգեց «Մենակատարը» (Ջեյմի Ֆոքսի մասնակցությամբ) եւ «Մարտահրավեր» (Դենիել Քրեյգի մասնակցությամբ) ֆիլմերի պրեմիերաները, որոնք նախատեսված էին անցյալ տարվա դեկտեմբերին։ «Paramount»-ը կրճատել է նաեւ արտադրվող ֆիլմերի քանակը՝ տարեկան 25-ից հասցնելով 20-ի։ Մյուս ընկերությունները նույնպես չեն խուսափել խնդիրներից։ «Weinstein»-ը աշխատանքից ազատել է աշխատակիցների 10%-ին եւ անցյալ տարվա դեկտեմբերին նախատեսված միջոցառումները տեղափոխել 2009 թվական։ «Universal»-ը կրճատել է բյուջեն մոտ կես միլիարդ դոլարով եւ հրաժարվել է ֆինանսավորել Սթիվեն Սփիլբերգի եւ Պիտեր Ջեքսոնի նոր լայնամասշտաբ նախագիծը՝ «Տինտինը»։ Այն պետք է նկարահանվեր բելգիական կոմիքսների մոտիվներով, սակայն Սփիլբերգը իր մտահղացումը կկարողանա կյանքի կոչել լավագույն դեպքում 2011 թվականին։ Նշենք նաեւ, որ «Time» ամսագիրը Սթիվեն Սփիլբերգին համարել էր դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Փաստորեն, ճգնաժամը չի խնայում անգամ ամենաազդեցիկներին։
46 միլիոն մարդ՝ աղքատության գծից ցածր
Տնտեսական ճգնաժամի արդյունքում 46 միլիոն մարդ կարող են հայտնվել աղքատության շեմից ցածր մակարդակում։ Այս կանխատեսումն արել են Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները։ Ռուսաստանցի փորձագետների կանխատեսումներն ավելի մռայլ են. նրանք գտնում են, որ աղքատության շեմից ցածր կհայտնվեն կրկնակի ավելի մարդիկ։ Բուն Ռուսաստանում, ըստ ռուս տնտեսագետների, կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր եկամուտներ ունեցող մարդկանց թիվը կկազմի բնակչության 12%-ը։ ՀԲ մասնագետները նշում են, որ «նոր» աղքատության հիմնական պատճառներն են աշխատատեղերի եւ աշխատավարձերի կրճատումը՝ կապված համաշխարհային ճգնաժամի հետ։ Ընդ որում, ամենաշատը կտուժեն զարգացող տնտեսությունները, որոնց թվին դասվում է նաեւ Ռուսաստանը։ 2007 թվականի համեմատ՝ զարգացող շուկաներում կատարվող ներդրումներն արդեն իսկ նվազել են 17%-ով։
«Պահանջարկի նվազումն Արեւմուտքում ամենալուրջն է՝ վերջին 80 տարվա ընթացքում, իսկ դա հանգեցնում է առեւտրի ծավալների կրճատմանը ամենաաղքատ երկրներում»,- նշում են ՀԲ մասնագետները, որոնց հաշվարկներով՝ 116 զարգացող երկրներից 94-ում արդեն իսկ արձանագրվել է տնտեսական աճի դանդաղում։ Նշենք, որ Համաշխարհային բանկը, որպես աղքատության շեմ, ընդունում է 1.25 դոլարը՝ 1 օրվա համար։ Իսկ որ մարդկանց եկամուտները կշարունակեն նվազել, դրանում համոզված են բոլորը։ «Ernst & Young» աուդիտորական ընկերության հետազոտության համաձայն, գործատուների 30%-ը ծրագրում է վերանայել վարձատրման քաղաքականությունը եւ նկատելիորեն կրճատել աշխատակիցներին տրվող պարգեւավճարները։
Մոսկվայում կյանքը էժանացել է
Նման եզրակացության է եկել «Economist Intelligence Unit» (EIU) միջազգային վերլուծական ընկերությունը, որը տարին երկու անգամ հրապարակում է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամն, իհարկե, ազդել է այս ցանկի վրա եւ փոխատեղումներ կատարել քաղաքների միջեւ։ Ցանկը կազմվում է բնակմակերեսի, ապրանքների եւ ծառայությունների գների հիման վրա, որտեղ յուրաքանչյուր քաղաքի տվյալները համեմատվում են Նյու Յորքի հետ։ Վերջին հրապարակման մեջ իր դիրքերը նկատելիորեն զիջել է Մոսկվան, որը 2008թ. «Forbes»-ի վարկածով ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ քաղաքը։ EIU-ի 2008թ. ցանկում Մոսկվան սեպտեմբերին զբաղեցնում էր 31-րդ հորիզոնականը, իսկ այժմ՝ 63-րդ։ Սանկտ Պետերբուրգը նահանջել է 33 տեղով՝ 78-րդ հորիզոնականից հասնելով 45-րդին։ Կյանքը էժանացել է նաեւ Կիեւում, որտեղ ազգային արժույթը՝ գրիվնան, 80%-ով արժեզրկվել է։ Եթե նախկինում Ուկրաինայի մայրաքաղաքը համարվում էր 65-րդ քաղաքը՝ թանկությամբ, այժմ զբաղեցնում է 124-րդ տեղը, հավասարվելով Յոհաննեսբուրգին (Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն)։ Նախկին ցանկում ամենաթանկ քաղաք ճանաչված Օսլոն այս անգամ հայտնվել է 5-րդ տեղում։ Չորրորդ տեղում Կոպենհագենն է, երրորդում՝ Փարիզը։ Իսկ առաջին երկու տեղերում հայտնվել են միանգամից 2 ճապոնական քաղաքներ՝ Տոկիոն եւ Օսական։ Դա բացատրվում է Ճապոնիայի ազգային արժույթի՝ իենի արժեւորմամբ դոլարի նկատմամբ։ Ընդհանրապես, ցանկում դիրքերը զիջել են այն քաղաքները, որոնցում արձանագրվել է ազգային արժույթի արժեզրկում։ Այսինքն՝ կյանքն այդ քաղաքներում դոլարային արտահայտությամբ էժանացել է։