Ոչնչացնելու են դրսում

14/03/2009

Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը դուրս կհանվի եւ կոչնչացվի: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Սերգեյ Ազարյանը: Ըստ նրա, ընտրվել է թունաքիմիկատները հանրապետությունից դուրս ոչնչացնելու տարբերակը, քանի որ Հայաստանում համապատասխան տեխնոլոգիաներ չկան:

Այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի մասնագետների հետ: ՌԴ «Էկոտրանս» կազմակերպությունը կիրականացնի թունաքիմիկատների տարավորման եւ տեղափոխման աշխատանքները: Իսկ դրանց ոչնչացումը կիրականացվի Ֆինլանդիայում, որտեղ կա հատուկ գործարան:

Ըստ Ս.Ազարյանի` այժմ ՀՀ կառավարության հանձնարարությամբ մշակվում է այդ գործընթացի հայեցակարգը: Թունաքիմիկատների ոչնչացումը կարժենա շուրջ 3 մլն եվրոյին համարժեք գումար: Աշխատանքներն իրականացնելու համար, բացի պետական ֆինանսավորումից, ակնկալվում է նաեւ դոնոր կազմակերպությունների մասնակցությունը: Նշենք, որ վերոհիշյալ գերեզմանոցում 1973-ից թաղված են 500 տոննայից ավելի 35 անվանում ոչ պիտանի թունաքիմիկատներ: Գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում: