ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել 2009 թվականի 410 միլիարդ արժողությամբ բյուջեն: Ավելի վաղ փաստաթուղթը հաստատվել էր նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից եւ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրվելուց հետո օրենքի ուժ կստանա: Հանրապետականները քննադատել են Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատներին` բյուջեի ծախսային մասը 2008թ. համեմատ 8 տոկոսով ավելացնելու համար: Հիշեցնենք, որ անցած ամիս Կոնգրեսը հաստատել էր նաեւ ԱՄՆ-ի տնտեսության խթանմանը եւ առողջացմանը ուղղված 787 միլիարդ դոլար արժողությամբ հակաճգնաժամային ծրագիրը: Իսկ երեկ հաստատված փաստաթուղթը ստորագրման համար կներկայացվի նախագահ Բարաք Օբամային: Ի դեպ, ամերիկացի օրենսդիրները հրաժարվել են 2010 թվականին իրենց աշխատավարձի ինքնաբերական բարձրացումից: Նրանք, սակայն, նույն փաստաթղթում ամրագրել են մի վերապահում, ըստ որի՝ դա վերաբերում է միայն 2010 թվականին: Ավելի վաղ համանման միջոցը ստացել է Ներկայացուցիչների պալատի հավանությունը: Կոնգրեսի անդամների աշխատավարձի ինքնաբերական հավելումից հրաժարման կողմնակիցների դիրքորոշումը հայտնել է սենատոր Ռասել Ֆայնգոլդը, որը հայտարարել է, որ «այս պրակտիկան երբեք տեղին չի եղել, իսկ այժմ, երբ երկիրն ապրում է վատթարագույն տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր, այն պարզապես անպարկեշտ է»: