Գարնանային անակնկալներ Ագարակում

14/03/2009

Դեռ փետրվարին Ագարակի գրեթե բոլոր խանութների ցուցափեղկերում փակցված էին պարտքով ապրանք չտալու մասին հիշեցում-թերթիկները, որոնք, ըստ էության, միայն ձեւական բնույթ էին կրում, ու ավելի շատ խոսում առեւտրի պարտքացուցակների մասին:

Վաճառականներն ասում էին, որ իրենք գործազուրկներին չեն դարձնի հացազուրկներ, թեեւ դրանից իրենք շատ են տուժում: Ագարակում հուսահատության ալիքի բարձրացման պատճառը քաղաքի միակ գործարանի փակման մասին լուրերն էին եւ աշխատակիցների անորոշ ճակատագիրը, որը պետք է պարզ դառնար մարտի 9-ին: Ու չնայած քաղաքում առկա տրամադրությանը, գարունը եկավ անակնկալներով:

Մարտի 6-ին Ագարակ էին մեկնել ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խոդոլիյը: Այնտեղ պարոն Խոդոլիյը հայտարարել է, թե Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի դադարեցման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, եւ, որ իրենք այդպիսի խնդիր չեն դրել: Փոխարենն՝ իրենց համար լուրջ խնդիր է արտադրական, վարչական կառուցվածքների համապատասխանեցումը նոր պայմաններին, ինչպես նաեւ՝ ծախսերի եւ առավելագույն չափով կորուստների կրճատումների իրականացումը: Սակայն այս միջոցառումները կտեւեն մինչեւ մայիս, որից հետո արդեն կոմբինատը կշարունակի գործել` ընդգրկելով շուրջ 900 մարդու: Ընդ որում` այսօր կոմբինատում աշխատում է շուրջ 370 մարդ, 430-ը` վճարովի արձակուրդում են, իսկ 87-ը` հարկադիր պարապուրդում: Թեպետ երկու շաբաթ առաջ ագարակցիների շրջանում մեր հարցումների արդյունքը, մեղմ ասած, հակասում է այս թվին, ըստ որի` գործարանի աշխատակիցների թիվը չէր գերազանցում 60-ը: Այնուամենայնիվ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունում նկատում են, որ Ագարակի ժողովուրդն արդեն հասկանում է համաշխարհային ճգնաժամի լրջությունը, որից անմասն չէ նաեւ Ագարակի կոմբինատը: Այստեղ ներկայումս ընթանում են մակաբացման, վերականգնման, վերականգնողական աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտել մայիսին: