Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղազախստանը եւ Ռուսաստանը ճգնաժամի պայմաններում կարող են դառնալ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների «լոկոմոտիվներ»: «Ես համոզված եմ, որ ճգնաժամի պայմաններում կտրուկ կաճի երկկողմ եւ բազմակողմ հիման վրա ինտեգրացիոն նախագծերի դերը: Ղազախստանը եւ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ավանդաբար հանդես են գալիս որպես ինտեգրացիոն գործընթացների «լոկոմոտիվներ», եւ այժմ հենց այն պահն է, երբ անհրաժեշտ է ԱՊՀ գծով մեր գործընկերներին խրախուսել առավել արդյունավետ գործակցության»,- ասել է նա: Բացի այդ, նրա խոսքով, Ղազախստանի եւ Ռուսաստանի իշխանություններին հարկավոր է լրջորեն մտածել այն մասին, որ սահմանափակվի արտաքին գործոնների ազդեցությունը ազգային էկոնոմիկաների զարգացման վրա: «Այլընտրանքային տարածաշրջանային արժույթների ստեղծումն անհրաժեշտ քայլ է այդ ուղղությամբ: Ընդ որում, փոխգործակցության ձեւաչափը կարող է տարբերակված լինել»,- ասել է Վլասովը: