Հայ-վրացական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան

14/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ներկայիս մարտահրավերներին դիմագրավելու համար:

– Նախ՝ անհրաժեշտ է հստակեցնել` ինչ ասել է տարածաշրջան: Մինչեւ վերջերս մեր տարածաշրջանը միայն աշխարհագրական հասկացություն էր, Հարավային Կովկաս ասելով կարելի էր հասկանալ՝ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, բայց` ոչ որպես միասնական տնտեսական ու քաղաքական միավոր: Իսկ Վրաց-օսական պատերազմից հետո սկսվեց մի գործընթաց, որը կարելի է անվանել տարածաշրջանի ձեւավորման գործընթաց` քաղաքական իմաստով: Պատմականորեն այս տարածաշրջանում ամենամեծ դերակատարումն ունեցել է Ռուսաստանը: Սակայն Թուրքիան արդեն փորձում է ճշգրտել իր ազդեցության շրջանակները: Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Թուրքիայի վարչապետը այցելեց Մոսկվա` ոչ թե իր աջակցությունը Ռուսաստանին կամ Վրաստանին հայտնելու համար, այլ տարածաշրջանում իր դերը հստակեցնելու համար: Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան կայունության պլատֆորմն ըստ էության ուղղված էր տարածաշրջանում հենց իր դերակատարման հստակեցմանը: Կարծում եմ` այս տեսանկյունից պետք է մոտենալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին: Դժվար է ասել, թե, եթե չլինեին Օսիայի հետ կապված այդ դեպքերը, Գյուլը Հայաստան կգա՞ր, թե՞ ոչ: Համենայնդեպս, ակնհայտ է, որ այդ իրադարձությունները կատալիզատորի դեր խաղացին: Տարածաշրջանը վաղ թե ուշ պետք է ձեւավորվի` նաեւ որպես միասնական օրգանիզմ: Հնարավոր չէ, որ տարածաշրջանի մի պետությունում մարդիկ ավելի լավ ապրեն, մյուսում՝ շատ ավելի վատ: Տարածաշրջանի ձեւավորումը, իհարկե, լավ բան է, բայց դա նաեւ մարտահրավեր է, եւ դու կարող ես տուժել, եթե լավ չես դիմագրավում, չես ֆիքսում քո դերը: Հայաստանը այդ մարտահրավերներին դիմագրավելու համար առաջին հերթին պետք է ունենա մրցունակ քաղաքական եւ տնտեսական համակարգ:

– Թուրքիայի ազդեցության մեծացումը արդյո՞ք լուրջ վտանգ չէ մեզ համար, մասնավորապես` ԼՂ հարցի կարգավորման առումով:

– Թուրքիան ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, այսպես թե այնպես, վաղուց ներքաշված էր, ուներ իր դերակատարումը, Հայաստանի հետ սահմանը փակել էր պայմաններ առաջ քաշելով ԼՂ հարցում: Ուրիշ բան, որ չկար կարգավորման ֆորմատներում, ասենք` Մինսկի խմբում: Իրողություններ կան, որոնց հետ պետք է ուղղակի հաշվի նստել: Թուրքիայի մասնակցությունից շահելը կամ տուժելը կախված է մեզանից, մեր կարողություններից, դիվանագիտությունից եւ այլն: Պետք է ձգտենք դրանից օգուտ ստանալ, միեւնույն է, Թուրքիան մասնակցելու է:

– Այդ մասնակցությունը Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվի՞ն է կատարվում:

– Եթե, օրինակ, հայ-թուրքական սահմանը բացվի, Թուրքիայի դերակատարումը Հայաստանում կմեծանա, Ռուսաստանինը կփոքրանա: Դժվար է գնահատել, դա կլինի Ռուսաստանի ազդեցության թուլացո՞ւմ, թե՞ Թուրքիայի ազդեցության ուժեղացում: Համենայնդեպս, մենք Ռուսաստանի հետ դեռեւս գտնվում ենք նույն անվտանգության համակարգում:

– Ռուսաստանը փորձո՞ւմ է սադրիչ գործողություններ իրականացնել Ջավախքում հայերի միջոցով: Հնարավո՞ր է, որ Վրաստանի իշխանությունները դրանից վախենալով են ձերբակալություններ իրականացնում Ջավախքում` որպես կանխարգելիչ միջոցառումներ:

– Ռուս-վրացական կոնֆլիկտի մեջ ոչ միայն Ջավախքի հայությունը, այլեւ ընդհանրապես ողջ հայությունը որեւէ դերակատարում չունի: Օսական պատերազմի ժամանակ ջավախահայությունը որեւէ ձեւով առիթ չի տվել մտածելու, թե իրենք կարող են անել որեւէ գործողություն, որը կարող է չբխել Վրաստանի շահերից: Ռուսաստանը ինքն էլ որեւէ ձեւով չի փորձել Վրաստանում հայերի միջոցով անկայունության եւս մեկ կենտրոն ստեղծել: Գուցե Ռուսաստանում ինչ-որ շրջանակներ նման մտադրություններ ունեն, բայց դա արտաքին քաղաքականության մակարդակում չէ եւ չէր կարող լինել: Առավել եւս, որ Աբխազիան եւ Օսեթիան մինչեւ պատերազմը բավական լուրջ ազդեցության լծակ էին Ռուսաստանի համար, եւ Ջավախքի անհրաժեշտությունը պարզապես չկար: Իսկ պատերազմից հետո էլ Ռուսաստանի կողմից համենայնդեպս մինչ այժմ չի արվել որեւէ բան, որ առիթ տար նման ենթադրությունների: Թեեւ մամուլում կային որոշ մեկնաբանություններ, թե 2008թ. հուլիսին կատարված ձերբակալություններով Վրաստանի իշխանությունները ինչ-որ կանխարգելիչ միջոցառումներ էին իրականացնում, որ երրորդ օջախ հանկարծ չառաջանար: Չի բացառվում, որ Վրաստանի իշխանությունների կողմից նման մտահոգություններ եղած լինեն, բայց այդ ենթադրությունների իրական չլինելը, ըստ էության, իրենց համար արդեն ակնհայտ է:

– Հայկական եկեղեցիների ու վրացահայ գործիչների ձերբակալությունների հարցի մասին բավականին շատ է խոսվում: Եվ տպավորություն կա, որ Հայաստանի իշխանությունները անզոր են ու ոչ մի բանով չեն կարող օգնել Ջավախքի հայությանը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

– Ցավոք, շատ է խոսվում այն հարցերի շուրջ, որոնք կատարվում են տվյալ պահին՝ որպես կոնկրետ դեպք, բայց քիչ է խոսվում այն հարցերի մասին, որոնք օբյեկտիվորեն կան եւ բարձրացվում են տեղում: Իսկ այդպիսի խնդիրներից են Ջավախքում հայոց լեզվի կարգավիճակի հարցը, տեղական իշխանության մարմինների փաստացի լիազորությունների հարցը եւ այլն: Փաստորեն, մենք գնում ենք իրադարձությունների հետեւից, արձագանքելով կոնկրետ դեպքերին, այնինչ, պետք է գնալ առջեւից՝ կանխելով եւ բացառելով նման հետեւանքները: Իսկապես խուլիգանություն է որեւէ մեկի եկեղեցին խլելը, անթույլատրելի է առանց լուրջ հիմքերի մարդկանց ձերբակալելը: Բայց կարող էին խլել ոչ թե եկեղեցին, այլ, ասենք, մի դպրոց, եւ մենք այդ մասին էինք խոսելու` կարծելով, թե դա է կարեւորը: Հայ-վրացական հարաբերություններում իսկապես լուրջ խնդիրներ կան: Կարծում եմ՝ ամենակարեւոր եւ ամենաառաջնային խնդիրը մեր երկու երկրների ինտեգրացման խնդիրն է: Առանձին-առանձին վերցրած՝ Հայաստանն ու Վրաստանը շատ փոքր տնտեսական շուկաներ են, առանձնապես հետաքրքիր չեն արտաքին աշխարհի համար: Պետք է այնպես արվի, որ արտաքին աշխարհի համար Հայաստանը ու Վրաստանը լինեն մեկ ընդհանուր շուկա: Մեր երկրների հարկատեսակների տոկոսադրույքները, եւ ընդհանրապես` հարկային դաշտը այսօր զգալիորեն տարբեր են: Ե՛վ բանավոր, եւ՛ գրավոր բազմաթիվ պայմանավորվածություններ կան տնտեսական օրենքները հարմոնիզացնելու վերաբերյալ, բայց ոչինչ չի կատարվում: Ուստի այսօր բավականին բարդ է լուրջ տնտեսական հարաբերություններ ձեւավորելը: 20 տարի է անցել, նույնիսկ մեկ համատեղ լուրջ ձեռնարկություն չկա տարածաշրջանում: Աստիճանաբար, արտաքին քաղաքական ասպարեզում եւս, ունենալով տարբեր հայացքներ, պետք է գտնել այն հարցերի շրջանակը, որտեղ մենք ընդհանուր ենք հանդես գալու: Եթե մենք չենք ինտեգրվում, եւ իշխանությունները ընդամենը արձագանքում են այդ իրադարձություններին, գնում են այդ իրադարձությունների հետեւից եւ ոչ թե առջեւից, ապա իշխանությունների միջեւ եղած խնդիրները կարող են դառնալ ժողովուրդների միջեւ խնդիրներ, եւ ժողովուրդների մեջ կարող է առաջանալ անվստահության մթնոլորտ:

– Ձեր գնահատականներով՝ ճի՞շտ էր արդյոք Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցի ընթացքում Երեւանում կազմակերպված հակավրացական ակցիան, այն էլ` իշխող` ՀՀԿ-ական պատգամավորի մասնակցությամբ: Արդյո՞ք նաեւ դրա արձագանքը չէր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունը այն մասին, թե Հայաստանի տնտեսությունը երկու շաբաթում կործանվեց, որովհետեւ շատ էր կախված Ռուսաստանից:

– Նախ՝ հանրահավաքն ամենեւին հակավրացական չէր: Այնուհետեւ նշեմ, որ Շիրակ Թորոսյանը «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահն է եւ միաժամանակ՝ «Ջավախք» հայրենակցական միության նախագահը: Հայ-վրացական հարաբերությունների եւ Ջավախքի վերաբերյալ բոլոր խնդիրները նախապես քննարկվում են նշված կառույցներում, եւ ձեւավորված մոտեցումներն ու տեսակետները Շիրակ Թորոսյանը որպես պատգամավոր ներկայացնում է հանրությանը: Մենք միշտ կողմնակից ենք բոլոր հարցերը միջպետական հարաբերություններով աշխատանքային կարգով լուծելուն, հանրահավաքը համարում ենք ծայրահեղ, բայց անհրաժեշտության դեպքում` ճիշտ քայլ, ի դեպ, որի արդյունքում ձերբակալվածներից երկուսին ազատ արձակեցին: Վերջինս համարում եմ Վրաստանի իշխանությունների կողմից դրական քայլ: Ուզում եմ բոլորը գիտակցեն, որ միայն խնդիրների լուծումը կարող է վերջ դնել անվստահության մթնոլորտին: Իսկ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու նշված հայտարարության պատճառները, կարծում եմ, ավելի խորքային են, եւ ինչ-որ տեղ կապվում են ռուս-վրացական հակամարտության եւ ոչ թե այդ հանրահավաքի հետ:

– Դուք օգտագործեցիք մրցակցային երկիր դառնալու գաղափարը: Ի՞նչ նկատի ունեք՝ մրցակցային երկիր ասելով:

– Նախ անհրաժեշտ է արագ նվազագույնի հասցնել եւ հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետեւանքները, որի համար պետք է անհապաղ մեխանիզմ ստեղծել պաշտպանելու եւ խրախուսելու մանր եւ միջին ձեռնարկատիրությունը եւ ստեղծելու խոշոր կապիտալի մրցակցություն: Տնտեսական ճգնաժամը բոլոր բացասական կողմերով հանդերձ՝ նաեւ զգաստացնող գործոն է: Այն լավագույն փուլն է տարածաշրջանի երկրների՝ հատկապես Վրաստանի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների նոր մեխանիզմներ ստեղծելու համար: Անհրաժեշտ է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել նաեւ այս ուղղությամբ: Մոտ ապագայում անհրաժեշտ է արմատապես փոխել Հայաստանի կառավարման համակարգը, հակառակ դեպքում` ցնցումները համապետական ընտրությունների ընթացքում անխուսափելի են: Կառավարման համակարգը բավականին փակ է: Մենք չունենք լայն լիազորություններով օժտված այնպիսի ընտրովի պաշտոններ, որտեղ մեծ քաղաքականություն մտնող գործիչը տեսնի իր դրսեւորման տեղը, իսկ ընտրողը տեսներ նրա աշխատանքի արդյունքը: Մրցակցային պետության բանաձեւը շատ հստակ է՝ կառավարման համակարգ, որը թելադրում է նորմալ ընտրություններ եւ ազատ մրցակցային տնտեսություն: