«Ճիշտն ասած՝ ես անբախտ եմ»,- ասում է միայնակ մայր Շաքեն

14/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

31 տարեկան Շաքե Հակոբյանի ծանր հիշողությունները խանգարում են խաղաղ, անհոգ կյանքով ապրելուն: Հիշում է երիտասարդությունը, որը խեղաթյուրվեց զուտ այն պատճառով, որ մեկ տարվա մեջ երիտասարդ Շաքեն երկու դիակ ճանապարհեց գերեզման. ազատամարտիկ հորն ու երիտասարդ եղբորը: Շաքեի հայրը Ղարաբաղյան պատերազմից տուն չեկավ: 1994թ. Մարտակերտի Լեոնարխի անտառում Ներսես Հակոբյանը սպանվեց` երեք երեխաներին թողնելով որբ ու անպաշտպան: Հոր կարոտից մահացավ նաեւ որդին` 16 տարեկան Հայրապետը: Շաքեն ասում է` «Շատ պատահական ախպերս անկողին ընկավ, առողջ տղա էր: Պապայի կարոտին չէր դիմանում, անհասկանալի պատճառով ջերմությունը չէր իջնում: Պապայի մահից մի քանի ամիս հետո հանկարծամահ եղավ, սիրտը կանգնեց»: Ու սկսվեց դժբախտությունների շարքը: Զոհված ազատամարտիկ Ներսեսի աղջիկներից ավագը` Շաքեն, ամուսնացավ Անդրեյի հետ ու դժբախտացավ, որովհետեւ պարզվեց` ամուսինը հանցագործի մեկն է: «Ճիշտն ասած` ես անբախտ եմ»,- ասում է Շաքեն` իր անբախտությունը հիմնավորելով իրեն բաժին ընկած տղամարդու վատ մարդ լինելու հանգամանքով: Ասում է` «Հղի էի, երբ ամուսնությունից մի քանի ամիս չանցած ինքը գողություն էր կատարել, պետական գույքի հափշտակում: Դատեցին, ու ես հղի վիճակում մնացի մենակ»: Գողության հոդվածով դատապարտված Անդրեյին ութ տարի ազատազրկեցին: Շաքեն ասում է, որ այդ դեպքից հետո չի տեսել ամուսնուն, անգամ փորձ չի արել կալանավայրում տեսակցության գնալ, որովհետեւ չի ներել նրան: Բանից անտեղյակ Շաքեն անակնկալի է եկել, երբ Արտաշատում գտնվող հայրական տան հասցեով գույքի բռնագրավման ծանուցագիր է եկել. «Շոկի մեջ էի, որովհետեւ չէի հասկանում` ինչ ա կատարվում: Բախտս բերեց, որ իմ հոր տան վրա գրանցում չունեի, թե չէ` եղածն էլ էդ հանցագործության տույժ ու տուգանքի համար սրբել, տանելու էին»: Երիտասարդ կինն անգամ տեղեկություն չունի` Անդրեյը ներկայումս ազատության մե՞ջ է, թե՞ պատժաժամկետը չի լրացել: Փոխարենը հոր բացակայությունից տառապում է Անդրեյի աղջիկը` Լուիզան, ով երբեւէ չի տեսել հորն ու չի էլ պատկերացնում, թե ինչպիսի՞ն է անբախտ մորը բաժին ընկած տղամարդը: Լուիզան պարբերաբար մորը հարցուփորձ է անում, հոր «իսկությունը» ճշտելու փորձեր է անում, սակայն մշտապես արժանանում է Շաքեի խիստ ցուցումներին: «Ես իրեն արգելել եմ հոր մասին խոսալ: Չեմ ուզում, որ շատ բան իմանա, առավել եւս, որ էդ շատ բանն իրան ավելի վնասելու ա, քան օգնելու: Աղջիկս նույնիսկ հարեւաններից ա հարցնում իրա պապայի մասին, բայց հարեւաններին էլ եմ խնդրել, որ էդ թեմայով բան չասեն»,- ասում է ամուսնու թեմայից դյուրագրգիռ դարձած երիտասարդ կինը, ով աստիճանաբար ջղաձգվում է Անդրեյի անունը շոշափելիս: Հարցնում եմ` «Բայց մենակ, երեխայի հետ դժվար է: Էլ չե՞ս ամուսնանալու»: Պատասխանում է` «Ամուսնանամ, բայց ո՞ւմ հետ: Եթե թեկնածու լիներ` հենց հիմա էլ կամուսնանայի, չկա… Բա որ ասում եմ` անբախտ եմ: Գիտե՞ս մենակ ինչ դժվար ա, ահավոր ա: Եթե մամաս չլիներ` մենք կորած էինք»: Շաքեն 11 տարեկան Լուիզայի հետ ապրում է Էրեբունի համայնքի Վարդաշենի հանրակացարանի մի փոքրիկ սենյակում: Մեկ տարի առաջ մայրը վաճառել է Արտաշատի իրենց բնակարանը եւ աղջկա համար գնել է այդ սենյակը: Ներկայումս գործազուրկ է, որովհետեւ աշխատանք խնդրելու համար «բաց ոտքերով» չի գնում գործատուի մոտ: Վերջերս ավարտել է համակարգչային դասընթացները եւ ստացել է ծրագրավորողի մասնագիտություն: Ասում է` «Ոչ մեկ չի ուզում աշխատանքի ընդունել: Էնքան տեղեր եմ գնացել նույնիսկ բանվորուհու աշխատանք խնդրելու… Իսկ էդ աշխատանքի տեղավորման գործակալությունները խաբեբաների խմբեր են, որովհետեւ գրպանիդ եղած գումարները շորթում են, ոչինչ էլ չեն անում»: Շաքեն հերթով թվարկում է աշխատանքի տեղավորման գործակալությունների անուններն ու փաստում է, թե որտեղից որքան գումար են պահանջել, այնուհետեւ խաբել իրեն: Օրինակ` Շենգավիթ համայնքում գտնվող «Տնակ» աշխատանքի տեղավորման գործակալություն դիմած Շաքեից 5000 դրամ են պահանջել աշխատանքով ապահովելու համար, սակայն գումարը վերցնելուց հետո ոչ մի աշխատանք էլ չեն գտել իր համար: Ասում է` «Զարմանում եմ, թե ինչի՞ չեն փակում էդ գործակալությունները, ախր մարդկանց թալանում են, իբր թե գործ են անում: Էն էլ ումի՞ց են փող վերցնում` ամենակարիքավոր մարդկանցից»: Մարդկանց գումարները շորթելու պատրվակով Շաքեն մեղադրում է նաեւ Էրեբունի թաղապետարանի աշխատող, ընտանեկան նպաստի գրասենյակի տեսուչ Անահիտին: Ասում է` «Այո՛, էդ Անահիտը բոլորից կաշառք ա հավաքում, որ նպաստ տա: Ինձնից երեք ամսվա նպաստի գումարն ա ուզում, որ թղթերը դասավորի ու ինձ նպաստ տա»: Նախկինում 15.500 դրամ ընտանեկան նպաստից օգտվող Շաքեն ներկայումս զրկվել է այդ նպաստից ու դրանում մեղադրում է ընտանեկան նպաստի գրասենյակի կոռումպացված տեսուչներին. «Որովհետեւ արդար չեն: Ով իրանց կաշառք ա տալիս` նպաստ տալիս են: Դուք մեր շենքի բնակիչներից հարցում արեք ու կտեսնեք, որ ապահովված, տնով, մեքենայով մարդիկ են նպաստ ստանում: Ով իրանց լավ ա նայում` նպաստ ստանում ա, կամ էլ իրանց ծանոթ-բարեկամներին են տալիս: Օրինակ` մեր շենքում մի քանի ապահովված ընտանիքներ կան, որոնք Ամերիկայից օգնություններ են ստանում: Տեսուչին էդ հագուստի օգնություններից տալիս են, իսկ նա էլ` նպաստ ա դասավորում»: Հարցնում եմ` «Բայց փաստեր ունե՞ս, որ կաշառք է վերցնում»: Պատասխանում է` «Ես Անահիտին սպառնացի, որ նախարարություն կդիմեմ, ու նա հուշտ եղավ, թե չէ` կվերցներ»: Ներկայումս Շաքեն ու Լուիզան գոյատեւում են ամեն կիրակի Արտաշատից իրենց տուն եկող Շաքեի մոր բերած «ուտելիքով»: Լուիզան հաճախում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց: Ընտրել է դաշնամուրի եւ վոկալ բաժինները, բայց քանի որ ամսական վարձը 11.000 դրամ է` Շաքեն վախենում է աղջկա՝ դպրոցից դուրս մնալու հեռանկարից: Ասում է` «Հիմա իմ կյանքի նպատակը երեխայիս լավ մարդ դարձնելն ա: Ամեն ինչ անում եմ, որ ուսում ստանա, շատ լավ նվագում, երգում ա: Չեմ ուզում իմ նման անբախտ լինի: Առաջ նպաստի գումարով դպրոցի վարձն էի տալիս, իսկ հիմա…»: Վերջերս դիմել է Կրթության եւ գիտության նախարարին` խնդրելով օգնել երաժշտական դպրոցի ուսման վարձի հարցում, սական նախարարն այդ նամակը վերահասցեագրել է Երեւանի քաղաքապետարան: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանը հետեւյալ բովանդակությամբ մի նամակ է ուղարկել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գ. Մելքումյանին. «Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 1-ին կետի պահանջներով` Ձեր քննարկմանն եմ ուղարկում քաղաքացի Շաքե Հակոբյանի` ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանն ուղղված դիմումը: Խնդրում եմ պատասխանել դիմողին»: Դիմողի խնդրանքը, սակայն, մինչ օրս մնացել է անպատասխան, քանի որ քաղաքապետարանի պաշտոնյաները զբաղված են «հույժ կարեւոր հարցերով»: Մինչդեռ քաղաքապետի կրթության գծով տեղակալ Կամո Արեյանն ու համապատասխան բաժնի պետն արդեն քանի տարի ասուլիսներում մտահոգված հայտարարում են, թե մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաների թիվը կտրուկ նվազել է: