Համաշխարհային զբոսաշրջային ֆորումի գնահատականով, Հայաստանը տուրիզմի եւ ճանապարհորդությունների մրցունակության ու գրավչության առումով նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը: Այս տարի Հայաստանն 91-րդ տեղում է՝ նախորդ տարվա 89-ի փոխարեն: Հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը վարկանշային աղյուսակում մեզանից առաջ են: Այսպես. Վրաստանը զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 72-ի փոխարեն, իսկ Ադրբեջանը` 76-րդ տեղում է, առաջընթացը 3 հորիզոնական է: Ֆորումի անդամները Հայաստանի ներկայացուցիչներին հայտնել են հետընթացի պատճառները, որոնց մի մասի հետ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման գործակալության պետ Մեխակ Ապրեսյանն այնքան էլ համամիտ չէ: Ֆորումը պատճառաբանել է, որ իրավական դաշտի կարգավորման ակտերն այնքան էլ թափանցիկորեն չեն ընդունվում, Ապրեսյանն էլ երեկ հակադարձել է, որ բոլոր իրավական ակտերի նախագծերը, նախաձեռնությունները տեղադրվում են նախարարության կայքէջում եւ բաց են քննարկումների համար: Հաջորդ թերացումը վերաբերում է ցուցահանդեսների մասնակցությանը, սակայն, ըստ Մ. Ապրեսյանի, մասնավոր ֆորումի կողմից վարկանշված ոչ բոլոր ցուցահանդեսներն են Հայաստանի համար կարեւոր, օգտակար եւ շահավետ, ուստի երբեմն որոշվում է, որ այս կամ այն ցուցահանդեսին մասնակցելու համար անիմաստ է պետական բյուջեից գումար ծախսել: Ի դեպ, ներկայում Բեռլինում անցկացվում է ITB միջազգային ցուցահանդեսը, որտեղ, Հայաստանից բացի, առաջին անգամ առանձին ցուցանակով ներկայացված է ԼՂՀ-ն: Հայաստանը մյուս երկրներին զիջում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, բնության մաքրության առումներով: Եվ պատկերացրեք` Ապրեսյանը համամիտ է ֆորումի այս գնահատականների հետ: