«Փող խնդրելը շահավետ աշխատանք է»

14/03/2009 Լիանա ԳԱԼՍՏՅԱՆ

Համոզված կարող ենք ասել, որ գրեթե բոլորիս փողոցներում մոտեցել են մանկահասակ երեխաներ ու ասել. «Ինձ հացի փող կտա՞ք»: Կամ ծեր կանայք` մեկնելով ձեռքը, դեղի փող են խնդրել: Որքան էլ ցավալի է, բայց նման տեսարաններն արդեն զարմանալիորեն շատերիս համար սովորական են դարձել: Սակայն նրանց թիվն օրեցօր ավելանում է` հասնելով տագնապալի չափերի:

Ի տարբերություն անօթեւան մնացած այն մուրացիկների, որոնք գիշեր-ցերեկ փողոցում են անցկացնում, 75-ամյա մուրացկան Լենա Թասարյանը գիշերելու տեղ ունի, բայց վարձով: «Ժամանակին հաշվապահ էի աշխատում ու սաղին փող էի բաժանում, ամեն ինչ ունեի, բայց կորցրեցի ու էսօրվա օրը նայում եմ, որ 100-ից մեկը 10 դրամ ինձ ողորմա: Հիմա ամոթու մեռնում եմ, ասում եմ՝ էս գետինը թող պատռվի, մտնեմ մեջը, մենակ ողորմելի վիճակս չտեսնեմ: Է, ախր տանը 51 տարեկան հիվանդ աղջիկ ունեմ, որ տեսնես` կասես՝ երնեկ քո տիրոջը: Չէ, չէ, չէ… ինչ ուզում ես՝ ասա, սուտ ա, էս խուժանի դար ա, 7000 դրամից կտրեցին, «Փարոսից» կտրեցին: Դիմում գրեցի, ասեցին` քեզ չի հասնում, բա ո՞ւմ ա հասնում, իրա՞նց: 16.000 դրամ թոշակն ա իմ տան միակ եկամուտը ու մեկ էլ՝ մարդկանց ողորմությունը»,- լացակումած դժգոհում է Լենա Թասարյանը: Հետո վրդովված ավելացրեց. «Հա, ի՞նչ անեմ, որ էն մարդս մեռավ, ու մենք մնացինք անտեր, հիմա մենք էլ սովից մեռնե՞նք»:

Սակայն, եթե մի դեպքում այս ճանապարհով իրենց գոյությունն են պահպանում ծերերն ու հաշմանդամները, ապա մեկ այլ դեպքում այս ճանապարհն առավել շահավետ է դարձել ինչպես միջին տարիքի աշխատունակ տղամարդկանց, այնպես էլ երեխաների համար: 48-ամյա Ֆելիքս Բեկնազարյանը հաստատում է, որ մուրացկաններից ոմանք օրական «աշխատում են» բավականին մեծ գումարներ: «Ես ստույգ գիտեմ մեկին, ով օրական 20.000-25.000 դրամ գումար է հավաքում մուրալով»,- ասում է նա: Նման կարծիքի է նաեւ Գնել անունով երիտասարդը, ով վստահեցնում է, թե. «Ֆիրդուսնոցի դիմաց կա մի մուրացկան, ես նրան անձամբ ճանաչում եմ: Նա ամեն օր իր «գործից» հետո մտնում է սուպերմարկետ եւ 10.000-ի առեւտուր անելուց հետո վերադառնում տուն»:

Իսկ թե նրանցից քանի՞սն է կեղծում իր չքավորությունը, քանի՞սն է դրամ շորթելու հեշտ ճանապարհ գտել, քանի՞սն է իրապես կարիքավոր` դժվար է ասել: Փողոցում պատահական անցորդների շրջանում անցկացրած մեր հարցումները, սակայն, բավական հետաքրքիր էին: «Իմ կարծիքով՝ մուրացկանների բավականին մեծ տոկոսը աշխատունակ է: Պարզապես նրանք գտել են փող վաստակելու ամենից հեշտ տարբերակը: Մի անգամ մեկին 100 դրամ տվեցի, իսկ նա շնորհակալության փոխարեն՝ ինձ շատ կոպիտ ասաց, թե՝ էս ի՞նչ ես տվել, 100 դրա՞մ»,- ասում է ԵՊՀ-ի ուսանող Արսեն Սուքիասյանը: Մասնագիտությամբ ճարտարապետ Անահիտի կարծիքով, ողորմություն խնդրողների 70%-ն աշխատունակ են. «Տեսել եմ բավականին առողջ տղամարդկանց փող մուրալիս: Իրենց մատնում են ծուլության»: 18-ամյա Արմենի խոսքերով էլ. «Հաշմանդամ մուրացկանների մեծ մասը ստում է»:

Մուրողների զգալի մասն, ի դեպ, միջին տարիքի է եւ գոնե արտաքուստ լիովին աշխատունակ են երեւում: Թերեւս, ամենավատն այն փաստն է, որ այսօր ակտիվ մուրացկանությամբ զբաղվում են նաեւ երեխաները: Նրանցից շատերը մուրացկանությամբ զբաղվում են ծնողների գիտությամբ, մի մասն էլ` նրանցից գաղտնի: Անմիջապես կարելի է տարբերել, թե նրանցից ով է փող մուրում հենց այնպես, ծնողից գաղտնի, եւ երբ` ծնողի հանձնարարությամբ: Վերջիններս ավելի համարձակ են եւ երբեմն նման «բիզնեսով» զբաղվում են ընկերովի, իսկ օրվա վերջում համերաշխ կիսում ստացված եկամուտը:

Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե օրական որքան գումար են հավաքում մուրացկանները: Նրանք կամ խուսափում էին պատասխանելուց, կամ միտումնավոր ցածր թիվ էին ասում: Բայց նրանց շարքերում էլ կան «հարուստներ» եւ «աղքատներ»: Առաջինների օրվա եկամուտը միանշանակ հասնում է մի քանի հազար դրամի, իսկ մյուսներինը՝ ընդամենը մի քանի հարյուրի: