Չորեքշաբթի առավոտյան Հանրապետության հրապարակի մետրոյի աշխատակիցները զբաղված էին կաշառակեր դասախոսների լուսանկարների հետքերի մաքրմամբ, որոնք պատերին էին փակցրել «Միասին» երիտասարդական շարժման անդամները:
Նրանք մաքրում էին պատերն ու զարմանում լուսանկարները փակցնողների վրա։ «Գիտեն, թե էս ակցիաներով կաշառակերությո՞ւնն են վերացնում, բա ամոթ չէ՞»,- ասաց աշխատակիցներից մեկը: Անցորդների արձագանքները` լուսանկարները նայելիս, գրեթե նույնն էին` ծիծաղում էին ու արագ հեռանում: Իսկ Ազգային պատկերասրահի աշխատակից տիկին Հասմիկը լուսանկարների շարքում գտել էր իր բարեկամին. «Էնպես ա ստացվում, որ մեր երկրում բոլորը դառել են Քրիստոսներ ու իրենց էլ իրավունք են տալիս քննադատելու»: Իսկ ուսանողների եւ անցորդների նոր խմբերն էլ իրավիճակը բնութագրում էին որպես շոու:
«Սիրելի ուսանողներ։ «Միասին» երիտասարդական շարժումը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երեւանի մի շարք բուհերում»,- սա կարդում ենք «Միասին» երիտասարդական շարժման ինտերնետային կայքում, որտեղ մանրամասն գրված է նաեւ ծրագրի նպատակը, ըստ որի` բուհերի ուսանողների ուժերով պետք է վեր հանեն կոռուպցիոն երեւույթները եւ հրապարակեն բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաեւ ուսանողների եւ բուհերի անունները: Արդեն երեքշաբթի երեկոյան մի շարք բուհերի դասախոսների լուսանկարները հայտնվեցին շենքերի պատերին: Փակցված էր շուրջ երեսուն լուսանկար, որոնցից մի քանիսը կրկնվում էին: Յուրաքանչյուր լուսանկարի վերնամասում գրված էր. «Համաձայն ուսանողների շրջանում անցկացրած հարցումների եւ «Միասին»-ի էլեկտրոնային փոստին ուղարկված նամակների»: Սակայն, հետաքրքիրն այն է, որ այդ նամակագիրները հիմնականում ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-Ի եւ ԵՊԼՀ-ի ուսանողներն էին, որոնց կարծիքով՝ կաշառակեր դասախոսներ են. Աբրահամյան Սամվել-ԵՊՀ, ռոմանագերմանակ. բանաս. ֆակուլտետ, փոխդեկան, Փոլաջյան Հրաչյա-ԵՊՀ, արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս, Խաչատրյան Ռաֆայել-ԵՊՀ, մաթ-մոդելավորման անալիզի ամբիոն, Տեփոյան Լիպարիտ-ԵՊՀ, մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, Ղարիբյան Գրիգոր-ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, Վաղարշյան Արթուր-ԵՊՀ պետ. եւ իրավ. տես եւ պատմական ամբիոնի վարիչ, Թասլաքյան Առաքել-ԵՊՀ մեխանիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետի փոխդեկան, Այվազյան Վարդան-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, Այվազյան Նորիկ-ԵՊՀ սահմանադրական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, Սալնազարյան Աշոտ-ՀՊՏՀ արժեթղթերի շուկայի ամբիոնի վարիչ, Գրիգորյան Սերգեյ-ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, եւ այլք:
Ի դեպ, սրանք այն դասախոսների անուններն են, որոնց լուսանկարները դեռեւս չեն հասցրել պատռել: Երեկ մենք պարզաբանումներ ստանալու համար այցելեցինք ԵՊՀ, սակայն ռեկտորը տեղում չէր: Իսկ ուսանողներն էլ մեզ հետ զրույցում ձեւացրին, թե տեղյակ չեն, որ իրենց դասախոսների նկարները հայտնվել են «Հանրապետություն» մետրոյի կայարանի հարակից պատերին: «Էդ սխալ է, մեր համալսարանում էդպիսի երեւույթ չկա: Տեսնես ովքե՞ր են սարքել»,- ասում էին ուսանողները` առաջարկելով իրենց դասախոսներին ամեն բան անել իրավիճակը պարզելու համար: Այսպես են մտածում նաեւ ԵՊՀ-ի կաշառակերների ցուցակում դեռ չհայտնված դասախոսները. «Բա կարելի՞ է դասախոսներին խաչի հանել»: Իսկ իրավիճակին Կրթության նախարարությունը դեռեւս գնահատականներ չի տալիս` խոստանալով իրականացնել համապատասխան միջոցառումներ այն դեպքում, երբ կլինեն կոնկրետ փաստեր: Այս մասին մեզ ասաց ԿԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը։