Ինչպես ամեն մի ստեղծագործող, քանդակագործ Արա Ալեքյանը նույնպես անցել է ինքնահաստատման իր ճանապարհը: Նրա խոսքերով` իր ստեղծագործական կյանքը երկար պատմություն ունի, որովհետեւ միշտ սովորել է. նախ` միջնակարգ դպրոց, հետո՝ նկարչական դպրոց, հետո՝ Թերլեմեզյանի անվան ուսումնարան, այնուհետեւ` մինչեւ 1985 թվականը, սովորել է Գեղարվեստի ակադեմիայում: Արան իր մասին երկար-բարակ խոսել չի սիրում: Նա երբեք չի բողոքում դժվար ու հեշտ կյանքից: Ի տարբերություն շատերիս` նա ապրում է, ինչն իր պատկերացմամբ նշանակում է՝ ստեղծագործել: Արա Ալեքյանի աշխատանքներից շատերը, որոնք լինում են տարբեր երկրներում` Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Մոսկվա, մեծ գնահատականի են արժանանում տեղի արվեստագետների եւ արվեստասերների շրջանում: Օրերս նրա աշխատանքները համալրվեցին եւս մեկով, սակայն, ըստ քանդակագործի, այն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։ «Փաստը կայանում է նրանում, որ ես միշտ քանդակել եմ առանց պատվերի: Այն իմ անդրանիկ աշխատանքն է կատարված «Շողակաթ» հեռուստաընկերության պատվերով: Բայց ամենից շատ ուրախ եմ, որ վերջապես աշխատանքներիցս մեկը մնում է իմ շատ սիրելի մայրաքաղաքում»,- ասում է նա:
– Երկաթից զարմանալի քանդակներ եք անում: Յուրաքանչյուր նորություն, որպես կանոն, դժվար է իր տեղը գտնում եւ սիրվում: Սակայն Ձեր աշխատանքները միանգամից սիրվեցին: Ո՞րն է պատճառը:
– Մտնելով այդ աշխարհ, ես հասկացա, որ այն շատ խորն է, շատ իմաստավոր: Այդ աշխարհում նաեւ հասկացա, որ սա էլ քանդակագործություն է, սա էլ ի՛մ քանդակն է: Այն «մահացած» երկաթե թափոնները, որոնց մարդիկ չեն նկատում փողոցով անցնելիս, ես նկատում եմ, հավաքում, տալիս նոր կյանք, ստեղծում իմ ստեղծագործությունները եւ դրանք հանձնում մարդկանց դատին: Դժվարանում եմ ասել, թե ինչու միանգամից սիրվեցին: Գուցե մարդիկ զգում են, որ ես այդ չոր թափոնների մեջ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, այնքան սեր եմ դնում, որ դրանք գեղեցկանում, մաքրվում, տեսքի են գալիս եւ իրենց ինչ-որ բան ասում:
– Գիտեմ, որ Ձեր քանդակներից մի քանիսն այժմ Բելգիայում են:
– Ոչ միայն Բելգիայում: Այսինքն` մեծ աշխատանքներս են հիմա այնտեղ` արջը, ցուլը եւ 2 ձիերը: Ձիերից մեկն արդեն տեղադրված է Բրյուսել քաղաքում եւ անցել է 200 լավագույն աշխատանքների շարքը: Ի դեպ, դրա հետ կապված նաեւ ալբոմ կա տպագրված: Իմ փոքր քանդակներից կան Ֆրանսիայում, Իտալիայում, որոնք օտարերկրացիները գնել են հենց Երեւանում կայացած ցուցահանդեսներից: Հավանաբար գնահատել են, այդ պատճառով էլ գնել են:
– Գնահատվեց նաեւ Ձեր եւ ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյանի հետ համատեղ նկարահանած ֆիլմը` «Կրակից ծնվածը», որը 2005թ. մրցանակի արժանացավ Ֆրանսիայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Ֆիլմի նկարահանումը ո՞ւմ մտահղացումն էր:
– Մտահղացումը տաղանդավոր ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյանինն էր: Երբ ծանոթացա Սուրենի հետ, մի շնչով արդեն ավարտել էի այդ քանդակը, եւ նա տեսնելով` հրապուրվեց իմ աշխատանքով: Իսկ երբ իմացավ, որ վերջում կա նաեւ այրվելու ակցիա` նա որոշեց անպայման այդ ամբողջը ֆիքսել իր տեսախցիկում: Այնուհետեւ` մոնտաժելուց հետո, նա ստեղծեց 12 րոպեանոց հրաշալի մի ֆիլմ, որը կոչվեց «Կրակից ծնվածը»: 2005 թվականին այդ ֆիլմը Սուրենը ներկայացրեց «Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնին: Նույն թվականին նաեւ ներկայացրեց Ֆրանսիայի Քոբուրգ քաղաքում ձիերի թեմայով կայանալիք «Էպոնա-2005» ամենամյա մրցանակաբաշխությանը: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ, երբ ժյուրիի անդամները ֆիլմի առաջին 4 րոպեն դիտում են եւ ձիու մասին ոչինչ չեն տեսնում, մտածում են` էս հայերը հերթական անգամ ինչ-որ սխալ բան են ուղարկել (ֆիլմի առաջին մի քանի րոպեները միայն ցույց է տալիս, թե ինչպես եմ երկաթ ջոկում, սրբում, զոդում), եւ հանում են սկավառակը: 450 ֆիլմերը դիտելուց հետո միայն նրանք նկատում են, որ մեր ներկայացրած ֆիլմի տեւողությունը ընդամենը 12 րոպե է: Այդ ժամանակ մտածում են, թե արդեն 4 րոպեն դիտել են, եւ ոչինչ չի լինի, եթե մնացած 8 րոպեն էլ դիտեն: Էդպես ֆիլմը մինչեւ վերջ նայելուց հետո միանշանակ որոշում են, որ այն պետք է արժանանա մրցանակի: Եվ 450 ֆիլմերից մրցանակ է շահում Սուրեն Տեր-Գրիգորյանի ֆիլմը:
– Հայ արվեստագետներից քչերն են կարողանում շուկա մտնել: Կարելի՞ է ասել, որ Ձեր բախտը բերել է այդ հարցում:
– Ոչ, դա բախտի բան չէ: Ես կարծում եմ, որ մարդ կյանքում պետք է միշտ ռիսկի դիմի: Գիտեմ քանդակագործների, ովքեր մեծ քանդակներ չեն անում, որովհետեւ դրանք մեծ ծախսերի հետ են կապված: Նրանք վերջերս անցել են ավելի փոքր քանդակների` կամերային գործերի: Նույնիսկ 10-15սմ բարձրության բրոնզե աշխատանքներ են անում: Ինչի՞ համար, որովհետեւ դրանք հեշտ է երկրից դուրս հանել, հեշտ է վաճառել: Այդպես են կարողանում իրենք իրենց կայացնել, ցույց տալ: Ի տարբերություն իմ ընկերների, ինձ մոտ մի քիչ այլ է: Երբ ես որեւէ քանդակ եմ անում, չեմ մտածում, թե այն պետք է լինի փոքր, որպեսզի հետագայում կարողանամ վաճառել: Օրինակ` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց դրված սարդս ունի միայն 3,5մ. բարձրություն: Այդ աշխատանքս կատարել եմ առանց պատվերի, այն իմ ոգեշնչման արդյունքն է: Ես հավատով եմ ապրում, որ տվյալ գործս էլ անարդյունք չի մնա: Օրինակ` ցուլը, արջը, ձիերը նույնպես արված են առանց պատվերի, որոնք, փառք Աստծո, գնահատողներ եղան: Համոզված եմ, որ կգա մի օր, եւ սարդս էլ կգնեն: Գուցե մի օր էլ արթնանամ ու որոշեմ, որ կարելի է սարդից 2 անգամ մեծ քանդակ անել:
– Չե՞ք ցավում, որ Ձեր աշխատանքները Հայաստանից դուրս են տանում:
– Իհարկե ցավում եմ, որ նրանց այլեւս չեմ տեսնելու: Գիտեք, դա մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից՝ շատ վատ է: Ես կուզենայի, որ նրանք մեր մայրաքաղաքի անկյունները գեղեցկացնեն, այլ ոչ թե ասենք` Բրյուսելի կամ որեւէ այլ քաղաքի: Անկասկած, ամեն մարդ, ամեն հայ մտածում է իր երկրի լուսավորման մասին: Ես էլ, որպես արվեստագետ, ուզում եմ, որ իմ քանդակները գեղեցկացնեն իմ շատ սիրելի Երեւանի փողոցներն ու պուրակները:
– Այսօր ո՞րն է երկրում մշակույթի ամենակարեւոր խնդիրը, ի՞նչ պետք է առաջին հերթին անի արվեստագետը. ի վերջո, ի՞նչ է հարկավոր արվեստը պահպանելու եւ զարգացնելու համար:
– Արվեստը կենդանի է արվեստագետով, անհատականություններով, սակայն շատ բարդ է Հայաստանում դառնալ մեծ արվեստագետ, որովհետեւ որքան էլ տաղանդավոր լինես, միեւնույն է` դու պետք է լինես այն հողի մեջ, որտեղ կարող են քեզ աճեցնել: Ամբողջ աշխարհում կա գլոբալ մի պատկեր. այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, ահռելի գումարներ են ներդնում իրենց ազգային մշակույթը պահպանելու եւ զարգացնելու համար: Այնտեղ ճշգրիտ եւ ամբողջությամբ գիտակցում են մշակույթի դերն ու նշանակությունը ժողովրդի ու պետության կյանքում: Հայաստանում` գոնե պահպանելու համար, առաջին հերթին պետական վերաբերմունք է հարկավոր, իսկ զարգացնելու համար մի քիչ դժվար է, քանի որ կզարգանա այն արվեստը, որտեղ մարդիկ սոցիալական շատ քիչ պրոբլեմներ կունենան: Ինչպես տեսնում եք, 15 տարվա մեր նորաստեղծ պետությունը դեռ չի հասել այն մակարդակին, որ մարդու գոնե մինիմալ հնարավորությունները կարողանա ապահովել: Իսկ այդ ժամանակ լրիվ անիմաստ է դառնում արվեստից խոսելը: Պարզապես մենք` անհատներս (կան նաեւ շատ անհատ գրողներ, երաժիշտներ, սպորտսմեններ), սեպ խրած գնում ենք առաջ` ցանկանալով աշխարհին ցույց տալ, թե` տեսեք, Հայաստանում էլ արվեստ կա: Դե, դա մեր անհատական վերաբերմունքն է, որովհետեւ մենք` հայերս, փոքր ազգ ենք:
– Մեր օրերում հասարակությունը քանդակագործության հանդեպ մասսայական հետաքրքրություն չունի: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է քանդակագործն իր ասելիքը հասցնել մարդկանց, երբ ցուցահանդեսների անգամ շատ քչերն են գնում:
– Ես այդպես չեմ կարծում: Եթե լավ գործեր ցուցադրվեն, ապա մարդիկ գիշերն էլ չեն քնի եւ անպայման կգնան այն դիտելու: Ես մի առիթով իմ ընկերներին ասացի. փորձեք դրսում ցուցադրվել: Եթե մարդիկ ցուցասրահներ չեն հաճախում, ուրեմն անհրաժեշտ է ցուցասրահներից դուրս հանել աշխատանքները: Ի վերջո, ձերը քանդակ է, այլ ոչ թե կտավ, որ երեկոյան դնես թեւիդ տակ ու տուն տանես, չնայած դա էլ հնարավոր է: Էս հրապարակը հո մենակ իմը չի՞: Բայց մինչ օրս ոչ ոք չի շարժվում: Հավանաբար յուրաքանչյուրը աշխատելու իր ձեւն ու ոճն ունի: