Թեժ ամռան սարսափից

03/07/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Եթե նկատել եք, «թեժ ամառ» բառակապակցությունն իսպառ բացակայում է մեր
մամուլի բառապաշարից։ «Թեժ գարուն» կա, «թեժ աշուն» կա, հնարավոր է երբեմն
գտնել «թեժ ձմեռ» սպառնալիքը, «թեժ ամառ» չկա։ Ամառն ուրիշ հոգսերի շրջան
է։ Ազգի մի մասն արձակուրդային տրամադրության մեջ է։ Մյուս մասն
ընդունելության քննություններով է զբաղված։ Ընդունելության
քննությունները, դրանց դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ որեւէ
տեսանկյունից վերլուծված չէ։ Ի՞նչ գիտենք մենք այդ երեւույթի մասին։
Գիտենք, որ հայերը կրթության (կամ բուհի դիպլոմի) պաշտամունք ունեն։
Գիտենք, որ միջնակարգ դպրոցի 45-50 հազար շրջանավարտներից առնվազն 25
հազարը փորձում է պետական բուհ ընդունվել։ Յուրաքանչյուր տարի պետական
բուհ է ընդունվում նրանցից մոտ 13-15 հազարը։ Այս ոլորտի մասին բոլորիս
իմացած ամենակարեւոր փաստն այն է, որ ապագա դիմորդին հարկավոր է պարապելու
տալ։ Վերջին տարիներին ընդունելության քննություններին պատրաստվելու համար
ապագա դիմորդները դասախոսների մոտ պարապել սկսում են 9-րդ դասարանից։
Այսինքն՝ դիմորդները մասնավոր դասընթացներ արդեն ստանում են 2 տարի։
Դիտարկենք, թե ինչ է նշանակում այդ պարապելը վիճակագրության տեսանկյունից։
Փորձագետների կարծիքով՝ բուհական դասախոսների մոտ տարեկան մասնավոր դասեր
է առնում առնվազն 10-12 հազար դիմորդ։ Նրանք, որպես կանոն, պարապում են
առնվազն 2 առարկա։ Յուրաքանչյուր առարկայի 9-ամսյա պարապմունքի արժեքը
600-800 ԱՄՆ դոլար է։ Եթե հաշվենք, որ 10 հազար դիմորդ մասնավոր դասերի
դիմաց տարեկան վճարում է 1000 դոլար, կիմանանք այս ոլորտի
դրամաշրջանառության ծավալը։ Ամեն տարի մասնավոր պարապմունքների համար
դիմորդները վճարում են առնվազն 10 մլն դոլար։ Այսքան լուրջ
դրամաշրջանառություն ունեցող ոլորտն ամբողջովին ստվերային է։ Այսինքն,
դուրս է հարկային հաշվից։ Տարեկան մի քանի հազար ռեպետիտոր (մասնավոր
պարապող) առանց հարկային պարտավորությունների առնվազն 10 մլն դոլար է
աշխատում։
Այս շուկան նոր չի ձեւավորվել, այն տարիների «քրտնաջան» աշխատանքի
արդյունք է։ Ավագ տարիքի դասախոսները պնդում են, որ մասնավոր
պարապմունքները դիմորդների հետ սկսվել են դեռեւս 60-ական թթ.։
70-ականներից մինչ օրս այս շուկան ծաղկուն (փթթուն) վիճակում է։ Անցած
տասնամյակների ընթացքում մասնավոր դասավանդողների ինստիտուտը կարողացավ
հնարավորինս բացառել մասնավոր դասեր չառածի ուսանող դառնալու
հնարավորությունը։ Ես չեմ պնդում, որ հենց պարապող դասախոսները գցեցին
միջնակարգ դպրոցի հեղինակությունը։ Փոխարենը կարող եմ ենթադրել, որ նրանք
զանազան հնարքներով կարողացան կտրել դպրոցական ծրագրերն ընդունելության
քննության ժամանակ դիմորդից պահանջվող հմտություններից։ Մաթեմատիկայի,
ֆիզիկայի, պատմության եւ այլ առարկաների պարագայում սա փաստարկելը մի փոքր
դժվար է (լրագրային հոդվածի ֆորմատում)։ Փոխարենը Հայոց լեզու առարկայի
պարագայում նույն միտումը բավական հեշտ տեսանելի է։ Օրինակ՝ 10 տարի
անընդմեջ աշակերտը Հայոց լեզվի ուսուցչից լսել է, որ «հայ քրիստոնյա»
բառակապակցությունը գրվում է անջատ։ Եվ եթե այդ աշակերտը չի պարապել
«Դիմորդ-2005» ծրագրին տեղյակ ռեպետիտորի մոտ, թե՛ լեզվի, թե՛
գրականության քննություններին կտապալվի։ Որովհետեւ հիմա այն արդեն
բառակապակցություն չէ, այլ բարդ բառ եւ գրվում է միասին։ «Մաքուրօդ»,
«մայրգումար» եւ այլ նախկինում՝ բառակապակցությունների նման։
Ռեպետիտորները որոշել են, որ քերականությունը «Կարող է փոխվել նույնիսկ
մեկ օրվա ընթացքում»։ Այսինքն, նույն այդ մեկ օրվա ընթացքում անգրագետ
կարող են հայտարարվել մասնավոր դասեր չառած բոլոր դիմորդները։ Հընթացս՝
նաեւ ազգային մնացած հատվածը։ Ո՞ւմ մտքով կարող է անցնել, որ կարելի է
փոխել Արգիշտի կամ Դանթե անունների գրելաձեւը։ Բայց եթե մեջը «քյար» կա,
ռեպետիտորի մտքով կարող է անցնել։ Քերականական խառնաշփոթը նրանց ձեռնտու
է։ Նրանք կարող են հայտարարել, որ հին հայերը (կամ ուրարտացիք) արտասանել
են Արգիշթի։ Նախկին ձեւով գրող դիմորդը կարմիր նշումներ ու ցածր
գնահատական կտեսնի իր գրավոր աշխատանքում, որովհետեւ վերջին տարիներին չի
հասցրել պարապել որեւէ դասախոսի մոտ եւ տեղյակ չէ քերականական
նորամուծություններին։ Նորմալ երկրներում նոր օրենքը շրջանառության մեջ
դնելու պարտադիր ժամանակաշրջան կա։ Անգամ Ռուսաստանում Տնտեսական օրենքն
ուժի մեջ կարող է մտնել հրապարակումից առնվազն 6 ամիս անց, որ մարդիկ
հասցնեն տեղեկանալ ու պատրաստվել։ Հայաստանում այդպես չէ։ Մեզ մոտ մեկը
կարող է որոշել, որ հենց իր որոշած պահից եւ այսուհետ «սուլթան Համիդ»
բառակապակցությունը պետք է գրվի մեծատառով՝ «Սուլթան Համիդ»։ Այս պահից
անգամ Հայ դատի գրասենյակները պահանջատիրական իրենց շրջաբերականներում
թուրք սուլթանին մեծատառ գրով պիտի հիշեն։ Ու վերջ։
Պարապող դասախոսների համքարությունն իր կազմակերպվածությամբ կարողացավ
բուհական ընդունելության քննությունների պահանջները կտրել դպրոցական
ծրագրերից։ Սպիտակօձիք ու կիրթ այս համքարությունն էապես տարբերվում է
մյուսներից։ Նրանց երբեք չես համեմատի դատավորների կամ, ասենք,
օլիգարխների հետ։ Դատավորների հետ չես համեմատի՝ որովհետեւ հասարակական
կարծիքը դասախոսների կաստայի նկատմամբ անհամեմատ բարեհաճ է։ Օլիգարխների
հետ չես համեմատի՝ կրթական ցենզի պատճառով։ Այս նույն պատճառով պարապող
դասախոսներին հնարավոր չէ համեմատել սոցիալական որեւէ այլ խմբի հետ։ Նրանք
բոլորը թունդ գրագետ են եւ համարյա բոլորը գիտությունների թեկնածու կամ
դոկտոր են։ Ռեպետիտորների կաստան չես համեմատի անգամ ակադեմիական
գիտնականների կամ հենց նույն բուհերի չպարապող դասախոսների հետ։ (Այս
անգամ՝ ունեցվածքի ցենզի պատճառով)։
Վերջին մեկ-երկու ամիսը լեցուն է քերականության կամ ուղղագրության մասին
բանավեճային հրապարակումներով։ Պարապող դասախոսներին հաջողվում է
հասարակությանը համոզել, որ «Հայեցի՞ն է ճիշտ, թե՞ հայացին» բանավեճը զուտ
գիտական է։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ այն ոչ թե լեզվաբանական
խնդիր է, այլ հացի խնդիր։ Այսինքն՝ վեճն ընթանում է «Դիմորդ-2005» ծրագրի
շրջանակներում եւ ընդունելության քննություններից անմիջապես առաջ։
ՀՀ-ում գործող կարգի համաձայն՝ գիտելիքների ստուգման եւ գնահատման հարցում
գործում են այն գրքերը, որոնք երաշխավորված են Կրթության ու գիտության
նախարարության կողմից եւ պետական գրանցում են ստացել Արդարադատության
նախարարությունում։ Բարձրագույն կրթություն ունեցող ընթերցողին առաջարկում
եմ վերցնել այդ գրքերը եւ փորձել դրանցով պատրաստվել մասնագիտության գծով
ընդունելության քննություններին։ Եթե կարծում եք, թե դա ձեզ կհաջողվի,
ուրեմն դուք անուղղելի լավատես եք եւ ՀՀ արժանի քաղաքացի։