Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է սահմանել Եվրասիական տնտեսական հանրակցության միասնական միջպետական անկանխիկ հաշվարկային-վճարային միավոր՝ եվրաս: «Այսօր ԵվրԱսՏՀ-ի երկրները բոլոր հիմքերն ունեն, որպեսզի նվազեցնեն մեր երկրների տնտեսությունների վրա գենետիկորեն արատավոր համաշխարհային արժույթի ճգնաժամային բեռը. ինտեգրացիոն միավորման ներսում կարող է սահմանվել սեփական միասնական միջպետական անդրազգային անկանխիկ հաշվարկային-վճարային միավորը»,- ասել է Նազարբաեւը՝ երեկ ելույթ ունենալով Աստանայի երկրորդ տնտեսական համաժողովում: Նրա կարծիքով՝ այդ արժույթի փոխարժեքը չպետք է կախված լինի համաշխարհային արժույթների տատանումներից: Նազարբաեւը համաձայն չէ այն տեսակետին, որ ԵվրԱսՏՀ-ի միասնական արժույթի սահմանումը կարող է հանգեցնել միավորման մասնակից երկրների ինքնիշխանության կորստին: Հակառակը` ըստ Ղազախստանի նախագահի, այդ գաղափարից հրաժարվելը սպառնում է առնվազն երկրների տնտեսական ինքնիշխանության կորստով: «Միայն ինտեգրված ջանքերով կարելի է նվազեցնել գլոբալ ճգնաժամի ճնշումը ԵվրԱսՏՀ-ի երկրների տնտեսության վրա»,- հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւը: Նա առաջարկել է ստեղծել ԵվրԱսՏՀ-ի շրջանակներում արժութաֆինանսական միավորման կոնկրետ հարցերի քննարկման աշխատանքային խումբ եւ հայտարարել է այդ աշխատանքային խմբին Ղազախստանում ընդունելու պատրաստակամության մասին: