ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նկատմամբ վստահությունն աճում է: Այն 2006 թվականի 56 տոկոսից ընթացիկ տարում հասել է 73 տոկոսի: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալները: Ամենից հաճախ նախագահի վերաբերյալ նման կարծիք են հայտնում «Միասնական Ռուսաստանի» կողմնակիցները (89 տոկոս) եւ հարցման 60-ից բարձր տարիքի մասնակիցները (76 տոկոս): Պետության ղեկավարին չի վստահում հարցվածների 16 տոկոսը (11 տոկոսն ավելի շուտ չի վստահում, 5 տոկոսը բացարձակ չի վստահում): Ավելի հաճախ այդ մասին հայտարարում են դեմոկրատների, ՌԴ Կոմկուսի եւ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմնակիցները (33-36 տոկոս), ինչպես նաեւ՝ նրանք, ովքեր նրա մասին ոչինչ չգիտեն: 11 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ռուսաստանցիները Դմիտրի Մեդվեդեւի նկատմամբ ավելի հաճախ հույսի զգացում են ունենում (48 տոկոս, 2006 թվականից նման հարցվածների թիվն աճել է գրեթե կրկնակի): 29 տոկոսը հայտնում է, որ նախագահն իրենց հարգանք է ներշնչում, 15 տոկոսը համակրանք է տածում նախագահի նկատմամբ: 5 տոկոսը հայտարարում է, որ նախագահն իրենց մեջ հիասթափության զգացում է առաջացնում, 4 տոկոսն, ընդհակառակը, հիացած է նրանով: