Գորգը համարվում է արեւելյան շքեղություն, թանկ եւ հարուստ կյանքի գրավական հատկապես Արեւմուտքում: Մենք մեզ որոշակիորեն կարող ենք հպարտ զգալ, երբ խոսքը գնում է գորգի, նրա ավանդների ու տարածման մասին:
Այժմ՝ պատմական ակնարկ: Գորգի նախատիպը կենդանիների մորթիներ են եղել, որոնցով մեր նախահայրերը ծածկել են իրենց մարմիններն ու կացարանները: Այնուհետեւ մարդը սկսեց ավելի կատարելագործել իր իմացածը եւ խոտաբույսերի, ճյուղերի միջոցով ներհյուսել եւ ստանալ սկզբում փռոցներ, հետո գորգ հիշեցնող գործվածքներ, որոնք էլ համարվեցին գորգագործության առաջին նշխարները: Գորգը հատուկ է Արեւելքին, թեպետ ըստ ուսումնասիրությունների՝ մեր ժամանակներում ամենաթանկ գորգերը ստեղծվում են Եվրոպայում: 8-րդ դարի վերջին Արեւմուտքի մի շարք արվեստաբաններ գորգագործությունը համարում էին աղքատ եւ ոչ քաղաքակիրթ երկրների արվեստ: Գորգի հայրենիք կարող է համարվել Ասորեստանը, Բյուզանդիան, Եգիպտոսը, Պարսկաստանը, բայց միջնադարյան այլազգի պատմիչներն իրենց աշխատություններում նշում են նաեւ Հայաստանի անվանումը` որպես գորգագործական դպրոցներ եւ հարուստ գորգագործական ավանդներ ունեցող երկիր: Իսկ Քսենոֆոնը, ով 5-րդ դարի պատմիչ է, պատմում է, որ հայկական գորգերն առողջարար էին, թանկարժեք եւ բնական: Հայկական գորգագործությունը հետագայում, այսինքն՝ 13-րդ դարից սկսած, նոր ու մեծ թափով զարգացում ապրեց: Պատճառը` Հայաստանը գտնվում էր Միջին եւ Փոքր ասիական երկրների քարավանային ճանապարհների խաչմերուկում, ուստի հայերն իրենց արհեստագործության գլուխգործոցները տեղափոխում էին Արեւմուտք` հատկապես Իտալիա: Այսօր շաբաթ օր է եւ վերնիսաժյան իրարանցում. ամենատարբեր գորգեր, ամենատարբեր չափերի ու ձեւերի, ինչպես նաեւ՝ տարբեր տարածքների ու ժամանակների: Գեորգին եւ իր հորեղբայր Վարդանը, արդեն երկար տարիներ է, գորգ են վաճառում, հասկանում են գորգերի լեզուն եւ գնահատում իրենց աշխատանքը: Գորգի առեւտուրը շատ բան է սովորեցրել Գեորգիին, նա արվեստն ու շփումը համատեղում է: Գորգ վաճառելը, ինչպես նշում է Գեորգին, հետաքրքիր գործ է, քանի որ գնորդների ու հատկապես վաճառողների միջեւ կա հետաքրքիր շփում: Նրանց գորգերի գները տատանվում են 500-ից մինչեւ 3500 դոլարի սահմաններում: Գնորդները սփյուռքահայերն են, մեկ-մեկ էլ` մեր հարուստները: Մեր զրուցակիցը պատմում է, որ գորգը հատկապես գարնանն ու ամռանն է լավ վաճառվում, այն էլ հիմնականում միջին գների գորգերը: Իսկ գորգերը նրանք ձեռք են բերում Հայաստանի տարբեր քաղաքներից ու հեռավոր գյուղերից: Գորգը բերվում է Երեւան, լվացվում, անհրաժեշտության դեպքում` թարմացվում են գույները, վերականգնվում նախշերը եւ հետո նոր միայն վաճառվում: Գերակշռող գույները կարմիրը, ծիրանագույնը, կանաչի ու կապույտի երանգավորումներն են: Նրանց տեսականիում ամենահին գորգը 13-րդ դարի հյուսք է, թեպետ խամրած գույներով, այնուամենայնիվ հետաքրքիր խորհրդանիշներով, այն բերված է Գորիսից: Գեորգին ասում է, որ Արցախի, Նախիջեւանի, Գորիսի գորգերն են ամենաորակյալը: Վարդանն էլ ամեն կերպ փորձում էր համոզել, որ Հայաստանն է գորգագործության հայրենիքը, նույնիսկ այդ հանգամանքը ապացուցող փաստեր էր բերում: Վարդանը պատմությունից հիշեցնում է` 16-րդ դարում Շահ Աբասը հայերին բռնի բնակեցնում է Սանահինի արվարձանում, որտեղ հայերը հիմնադրում են գորգագործության նոր ավանդներ ու մշակույթ, եւ այդ գորգերով պարսիկները ծածկում էին բնակարանների հատակները, հպարտանում, որ իրենց ձեռքի գործն է: Ո՞րն է հայկական գորգի զորությունը, ինչո՞ւ են այն համարում առեղծվածային, եւ ի՞նչն էր հատկապես գրավում աշխարհի շուկաներին: Այս եւ այլ հարցերի մեկնաբանությունները կտա Հայաստանի երեւի միակ ազգագրագետ-գորգագետ Աչխունջ Պողոսյանը: Նա նախ նշեց, որ մեր գորգերի վրա կան նախշեր, որոնք մինչեւ հիմա մեկնաբանված չեն: Գերբնական ուժ կա դրանց մեջ, որը հին ժամանակներում բուժել է հիվանդին, մարդիկ հեռավոր գյուղերից լսել են բուժիչ գորգի մասին եւ իրենց հիվանդին բերել-պառկեցրել են առողջարար գորգի վրա եւ առողջացած հետ տարել: Իսկ գորգի բուժիչ հատկությունները բացատրվում են այն հանգամանքով, որ հայկական գորգի հումքը բնական էր, բրդյա թելերը գունավորում էին բույսերի ու արմատների միջոցով, որոնք բուժիչ ու մոգական հատկություններ ունեին: Աչխունջ Պողոսյանը նշում է, որ Հայաստանի տարբեր բնակավայրեր ունեին գորգի իրենց սիմվոլիկան: Մի տեղ առավել շատ պատկերվում է կենաց ծառը, մի տեղ` կարիճը, օձը, մեկ այլ տեղ՝ եղջերուն եւ այլն: Մեր գորգերին հատուկ են նաեւ մրգերի եւ տառերի նախշազարդերը: Ըստ քրիստոնեական եկեղեցու ավանդության, պատմում է մեր զրուցակիցը, գորգը կյանք է տվել եւ առել, գորգի նախշերն այնքան բնական ու իմաստալից են եղել, որ դրանցից ծնունդ է առել մարդկային մարմին: Իսկ թե ինչու է Լյուդովիկոս 9-րդը այդքան մեծ համակրանք ունեցել հայկական գորգերի հանդեպ, ինչու է ժամերով ծնկաչոք փորձել հասկանալ նախշերի իմաստը, գորգագետը բացատրում է նրանով, որ սիմվոլների գերբնականությունը երեւի կլանել էր թագավորին: Ժառանգաբար սերնդեսերունդ անցնող տնայնագործ գորգերը զորավոր են եւ կարող են ընտանիքի անդամներին փրկել չարիքից, անհաջողություններից, հիվանդություններից: Այնպես որ, պետք չէ երբեմն չնչին գումարով վաճառել այն, ինչպես մեծերն են ասում` «Տանից հանելով խերը»…
Գայանե ԱՍՐՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ