Ի՞նչ է թեյավճարը

14/03/2009

Արտասահմանյան երկրներում թեյավճար տալու ճիշտ ձեւը համարվում է քաղաքավարության արտահայտություն: Աշխարհի շատ երկրներում թեյավճար տալը պարտադիր երեւույթ է եւ այն հաճախ կազմում է տաքսու վարորդների, բեռնակիրների, մատուցողների եւ այլ մասնագիտությունների տեր մարդկանց հիմնական վարձատրության մեծ մասը: Եվրոպայում, Ամերիկայում եւ Կանադայում թեյավճարը տրվում է վաղուց սահմանված ու ընդունված չափով: Տաքսու վարորդին տալիս են հաշվիչի վրա գրանցված գումարի 5 տոկոսը, իսկ ահա Ճապոնիայում տաքսու վարորդին երեկոյան ժամերին պետք է վճարել սովորականից 2 անգամ ավելի գումար, այլապես նա ձեզ չի տեղափոխի: Իսկ ահա օրինակ Հունաստանում եւ Բելգիայում ընդունված չէ տաքսու վարորդներին թեյավճար թողնել: Բեռնակիրներին թեյավճար տալն ընդունված է աշխարհի բոլոր երկրներում:

Թեյավճար վճարում են նաեւ այն դեպքերում, երբ մատուցված ծառայությունը ձեր խնդրանքով է: Օրինակ, եթե հյուրանոցի համարի դուռը փակվել է ձեր մեղքով, եւ խնդրել եք ծառայողին դուռը բացել, կամ ծառայողը ձեր խնդրանքով տաքսի է հրավիրել:

Թեյավճար թողնում են ռեստորաններում ու սրճարաններում: Սովորաբար մատուցողը վճարվելիք գումարի չափը բերում է գրքույկով կամ ափսեի մեջ` առանձին թղթով: Եթե թղթի վրա կա աղյուսակ, որում գրված է «tip» (անգլալեզու երկրներում), «servis compris» (ֆրանսերեն), ուրեմն թեյավճարն արդեն մտնում է ընդհանուր գումարի մեջ: Ամեն դեպքում, ըստ ցանկության, թեյավճար թողնում են: Նաեւ պետք է անպայման հաշվի առնել, որ թեյավճարը երբեք չի կարելի շատ ընդգծված տալ, այն պետք է շատ աննկատ կերպով դնել գրքույկի տակ կամ ափսեի մեջ: Եթե հաճախորդը մատուցման մակարդակից դժգոհ է` երկար է սպասել, կամ լավ չեն սպասարկել, նա թեյավճար թողնում է, բայց ոչ թե 10 տոկոս, այլ քիչ` հասկացնելու համար, որ ինքը գիտի կանոնները, բայց դժգոհ է սպասարկումից: