Ալոէն եւ նրա բուժիչ առանձնահատկությունները

14/03/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ալոէն բազմամյա բույս է, որի հայրենիքը համարվում են Մադագասկարն ու Հարավային Աֆրիկան: Հաճախ ալոէն անվանում են հարյուրամյակ, քանի որ այն ծաղկում է հարյուր տարին մեկ անգամ: Այն մշտադալար բույս է, որի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի: Կան ալոէի շատ տեսակներ, բայց դրանք բոլորն էլ սիրում են ջուր ու լույս, այդ պատճառով տնային ալոէն էլ միշտ դրվում է լուսամուտագոգին:

Ժողովրդական բժշկության մեջ գտնում են, որ այս բույսը հրաշքներ է գործում` բուժելով շատ հիվանդություններ:

Բժշկության մեջ ալոէ պարունակող պրեպարատներն ուժեղ ազդեցություն ունեն: Դրանք օժտված են հակաբորբոքային, ցավազրկող ու հակաբակտերիալ հատկություններով: Ալոէի հիմքի վրա պատրաստված դեղորայքը շատ է օգտագործվում գինեկոլոգիայում, դերմատոլոգիայում, վիրաբուժության մեջ եւ այլն: Օրինակ` «ալոէի հյութ» պրեպարատը ստացվում է ալոէի տերեւների եւ բժշկական սպիրտի 8:2 հարաբերության խառնուրդից: Այն հաճախ օգտագործվում է գաստրիտի, էնտերոկոլիտի, փորկապության, արտրոզի, պոլիարտրիտի, կոնյուկտիվիդի, պարոդոնտոզի բուժման նպատակով:

Ալոէից պատրաստվում են բազմաթիվ օգտակար միջոցներ: Օրինակ` հյուծված ու թույլ երեխաների համար պատրաստվում է մի խառնուրդ, որի բաղադրության մեջ մտնում է 100 գ ալոէի հյութ, 500 գ ընկույզ, 300 գ մաքուր մեղր եւ 3-4 կիտրոնի հյութ: Այս խառնուրդը կարելի է ընդունել օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ` 1-ական թեյի գդալ:

Թոքախտով հիվանդներին, բացի անցկացվող խիստ բուժումից, խորհուրդ է տրվում խմել նաեւ 15 գ ալոէի հյութից, 10 գ արծաթախոտից, 100 գ կարագից, մեղրից ու կակաոյից պատրաստված խառնուրդ: Այս խառնուրդն ընդունում են ճաշին ու երեկոյան` 1 ճաշի գդալից, եւ դրա հետ խմելով տաք կաթ:

Ալոէն շատ լավ բուժում է թոքաբորբ: Ալոէի տերեւները պետք է լավ լվանալ, մանրացնել ու հյութը քամել: 1/3 բաժակ ալոէին ավելացնել 250 գ մեղր, բաժակի 1/3 կագոր տեսակի գինի ու 5 օր թողնել մութ տեղում եւ սենյակային ջերմաստիճանում: Ընդունում են 1-ական ճաշի գդալից, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Ալոէն հաճախ գործածվում է կոսմետոլոգիայում, քանի որ այն պարունակում է շատ եթերային յուղեր, մոտ 20 ամինաթթուներ, վիտամին E,C,B եւ այլ սնուցող ֆերմենտներ ու սնուցող միկրոէլեմենտներ: Կոսմետոլոգիայում ալոէն օգտագործվում է վերքերի ապաքինման, բորբոքված ակնեների բուժման նպատակով: Այն շատ է օգտագործվում մազաթափության ու արագ աճի համար:

Դիմակ մազաթափության համար. Սխտորը քամել եւ այդ հյութին ավելացնել ալոէի 2 ճաշի գդալ հյութ, որում նախապես լուծված է 1 գդալ մեղր: Ստացված խառնուրդը լավ քսել մազարմատներին ու փաթաթել մազերը սրբիչով` թողնելով 20 րոպե: Այս դիմակը պետք է քսել մազերին լվանալուց առաջ, իսկ լվանալուց հետո մազերն անպայման ցայել եղինջի թուրմով:

Իսկ մազերի արագ աճի համար շատ լավ օգնում է կոնյակով ու ալոէի հյութով պատրաստված դիմակը: Այս դիմակը պետք է օգտագործել մազերը լվանալուց հետո եւ պահել 15 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով: Վնասված ու չոր մազերի համար շատ օգնում է ալոէով, 1 ձվի դեղնուցով, նշի յուղով ու թթվասերով պատրաստված դիմակը: Այս դիմակից 30 րոպե հետո լվանալ մազերն ու ցայել նախապես իրար խառնած 2 ճաշի գդալ ալոէի հյութով ու հանքային ջրով:

Ալոէի հյութն օգտակար է նաեւ մաքուր ձեւով` առանց որեւէ խառնուրդների: Դրանից կարելի է պատրաստել տարբեր քսուքներ ու մաքրել դրանցով դեմքի մաշկը կամ սառեցնել ու օգտագործել որպես կոսմետիկական սառույց: Իհարկե, զգայուն մաշկ ունեցողներին պետք է զգույշ լինել: