Պայքար սուրճի գավաթի շուրջ

03/07/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ռոյալ Արմենիան» էլ պնդում է, թե Մաքսայինը սուրճի ներկրման շուկայում
անհավասար պայմաններ է ստեղծել՝ նպատակ ունենալով՝ իրենց դուրս մղել այդ
շուկայից: Այս դեպքն առանձնահատուկ է նաեւ այն հանգամանքով, որ «Ռոյալ
Արմենիան» Հայաստանի շուկայից դուրս է մղվում ոչ թե ոլորտը
մոնոպոլիզացնելու եւ սուրճի ներմուծման նրա մասնաբաժինը մեկ այլ
տնտեսվարողի շնորհելու համար, ինչպես դա ներկրվող բազում այլ ապրանքների
դեպքում է արվել, այլ զուտ այն պատճառով, որ տնտեսվարող սուբյեկտը ՄՊԿ-ի,
նույնն է թե՝ պետության նկատմամբ հաղթանակած դուրս չգա եւ այդ առումով
նախադեպ չստեղծվի: Հակառակ դեպքում կըմբոստանան նաեւ մյուս
տնտեսվարողները: Համենայնդեպս, այդպես են կարծում «Ռոյալ Արմենիայի»
ներկայացուցիչները: Իսկ ՄՊԿ Իրավաբանական վարչության պետ Գեւորգ
Ներսիսյանը պնդում է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերը,
մասնավորապես՝ ինվոյսները կեղծ են, որովհետեւ այնտեղ չկա մատակարարի,
տվյալ դեպքում՝ «Ֆեդերալ ինվեեստմենտ գրուպ» ընկերության ղեկավար, ԱՄՆ
քաղաքացի Վաչե Պետրոսյանի ստորագրությունը եւ ավելացրած է Լ. Գոնսալեսի՝
որպես օտարերկրյա հիմնադրի կամ ներդրողի անունը: ՄՊԿ-ն նույն ապրանքախմբի
ներմուծման մեկ այլ ինվոյս ունի, այս անգամ արդեն՝ Վ. Պետրոսյանի
ստորագրությամբ եւ առանց Լ. Գոնսալեսի: Այս փաստաթուղթը ՄՊԿ-ն ձեռք է
բերել Վ. Պետրոսյանից եւ հակված է ճիշտ համարել հենց այս տարբերակը:
Ինչո՞ւ:
– Վաչե Պետրոսյանը կեղծելու ի՞նչ հիմք ուներ, նա ինչո՞ւ պետք է Գոնսալեսին
հաներ: Վաչեի կեղծելու իմաստը չեմ տեսնում,- այսպես մեկնաբանեց Գեւորգ
Ներսիսյանը:
– «Իսկ Ռոյալ Արմենիան» կեղծելու ի՞նչ պատճառ ուներ,- հարցնում եմ Գ. Ներսիսյանին:
– Որպեսզի օգտվեին «Օտարերկրյա ներդրումների մասին» (ՕՆՄ) օրենքի ընձեռած
արտոնությունից եւ ազատվեին մի շարք հարկատեսակների եւ մաքսատուրքի
վճարումներից,- պատասխանեց պարոն Ներսիսյանը:
«Ռոյալ Արմենիայի» նախագահ Գագիկ Հակոբյանի հավաստմամբ՝ Լ. Գոնսալեսն
ընկերության 92%-ի բաժնետերն է 2000 թվականից: Ընկերությունը մինչեւ
2005թ. մայիսի 5-ն իրավասու է եղել օգտվել ՕՆՄ օրենքով սահմանված
արտոնություններից: Այդ մասին 2001թ. հոկտեմբերին ՄՊԿ նախագահ Արմեն
Ավետիսյանը տեղեկացրել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ
Ա.Ստեփանյանին եւ ընկերության տնօրեն Ա.Ղազարյանին:
«…մինչեւ 2005թ. մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում «Ռոյալ-Արմենիա»
ՍՊԸ բաժնետեր Լ. Գոնսալեսի կողմից «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ին առաքվող
ապրանքներից մաքսային վճարների գանձումը կատարել ղեկավարվելով
05.05.2000թ. դրությամբ գործող ՀՀ մաքսային օրենսդրությամբ» (նկատի ունի
արտոնությունը): Սա մեջբերում է ՄՊԿ նախագահ Ա. Ավետիսյանի՝ «Ռոյալ
Արմենիա» ընկերությանն ուղղված գրությունից:
– Ես կարող եմ ներկայացնել «Միցուբիշի կորպորեյշնից» գնած սուրճի
ինվոյսները, այնտեղ ոչ մի ստորագրություն չկա,- ասում է «Ռոյալ Արմենիա»
ընկերության նախագահ Գ. Հակոբյանը: Լավ, ենթադրենք, թե մենք ինվոյսը
կեղծել ենք եւ ավելացրել ենք Գոնսալեսի անունը, ուղարկողը «Ֆեդերալ
ինվեստն» է, ստացողը՝ Գոնսալեսը: Եթե փոխադրող փաստաթղթի մեջ Գոնսալեսը
կա, բա ինվոյսի մեջ ո՞նց չի լինի: Միայն սա չէ, սերտիֆիկատների մեջ էլ
Գոնսալեսը կա: Եթե մենք ինվոյսը փոխել ենք, մյուս թղթերի մեջ ինչո՞ւ ենք
թողել:
«BIL OF LADING» միջազգային բեռնափոխադրման փաստաթղթերը մենք չենք գրում,
իրենց մոտ է կազմվում, այսինքն՝ մենք դա չենք կարող կեղծել, որովհետեւ
բնօրինակներից մեկն էլ իրենց մոտ է: Պատկերացնո՞ւմ եք, միջազգային
բեռնափոխադրողը մեզ մատուցած ծառայության համար, որն իր գործունեության
չնչին մասն է կազմում, կեղծումի գնար: Նույնն էլ «Միցուբիշի կորպորեյշնի»
պարագայում:
«Ռոյալ Արմենիայի» նախագահը պնդում է, որ Մաքսայինը ընկերության հետ
«թարսվել» է այն պատճառով, որ իրենք նրանց խաղի կանոնները չեն ընդունել:
Դեռ անցած տարի էլ ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ
մաքսավորներն իրենց առաջարկել են սուրճը հայտարարագրել ցածր արժեքով,
սակայն տարբերության կեսը «մուծել»՝ արդեն պաշտոնյաներին անձամբ:
Փոխհամաձայնության չեն եկել, եւ ստեղծվել է ներկա «պատերազմական»
իրավիճակը: Ի դեպ, մյուս տնտեսվարողները նույն տեղից գնված նույն սուրճի 1
կգ-ն հայտարարագրել են 1,01 դոլարով: Միգուցե այս պարագայում, ի
տարբերություն «Ռոյալ Արմենիայի», մյուս տնտեսվարողներն ընդունե՞լ են
ՄՊԿ-ի խաղի կանոնները, եւ վերջինս նախադեպ չստեղծելու համա՞ր է, որ չի
ուզում տեղի տալ:
– Ո՛չ, Մաքսայինն ամենալավ ցանկության դեպքում էլ չի կարող ինվոյսի գին
իջեցնել,- հերքեց ՄՊԿ Իրավաբանական վարչության պետը: -Ձեզ ո՞վ է ցույց
տվել փաստաթուղթ, որ մյուս ներկրողները հայտարարագրել են 1 կգ-ն 1,24
դոլարով, մենք ձեւակերպել ենք 1,01 դոլարով:
Պարոն Հակոբյանը ներկայացրեց ընկերությունում 2005թ. փետրվարի 8-ի ՄՊԿ-ի
ստուգումների ժամանակ հայտնաբերած խախտումների մի ձեռագիր
արձանագրություն, որը հետո դարձել է փաստաթուղթ: Նրա ասելով՝ մաքսավորներն
այդ արձանագրությունը կազմել էին նախօրոք, իրենց մոտ հայտնվել է աննկատ,
ստուգման օրը հրամանին կպած:
– Մինչեւ տպագրվելն արձանագրությունը կարող է՝ քննարկվել է կողմերի հետ,-
ասում է Գեւորգ Ներսիսյանը: -Բայց ինչպե՞ս են ապացուցում, որ դա իրենց մոտ
փետրվարի 6-ին է հայտնվել: Մաքսային աշխատողներն էլ էնքան միամիտ էին, որ
այդ արձանագրությունը թողել են իրենց մոտ: Բա էդ ժամանակ ինչո՞ւ չդիմեցին
որեւէ իրավապահ մարմնի, ինչո՞ւ աղմուկ չբարձրացրին, ինչո՞ւ չդիմեցին
կոմիտեի նախագահին, թե՝ դուք հրաման եք ստորագրել ստուգումներ
անցկացնելու, բայց նրանք արձանագրությունն էլ արդեն ունեն: Ես չեմ
կասկածում, որ նրանք դա ունենային եւ ստուգումից առաջ աղմուկ
չբարձրացնեին: Ես նյութերը պատրաստել եմ եւ ուղարկել եմ նախաքննության:
Վերջնական պատասխանը կտա դատարանը:
«Ռոյալ Արմենիայում» ընտրել են այլ մարտավարություն, նրանք դատական
մարմիններին չեն վստահում եւ որոշել են հարցին տալ հասարակական
հնչեղություն:
– Սա շոու սարքելու միջոց է, որպեսզի ճնշում գործադրեն քննության ընթացքի վրա,- կարծում է ՄՊԿ գլխավոր իրավաբանը:
– Պրինցիպի հարց է,- ասում է«Ռոյալ Արմենիայի» նախագահը: Ես պայքարելու եմ
մինչեւ վերջ, ունեմ բոլոր փաստաթղթերը եւ աշխատելու եմ օրենքով:

Հ.Գ. Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ազգային Անվտանգությունը քրեական
գործ է հարուցել «Ռոյալ Արմենիա» ընկերության դեմ: Գործն այժմ ՀՀ Գլխավոր
դատախազության վարույթում է, եւ ընթանում է նախաքննական աշխատանք:
Հուսանք, որ նախաքննության արդյունքները ցույց կտան, թե իրականում ինչ է
տեղի ունեցել: