Կողմ են վերադարձին

14/03/2009

Ֆրանսիացիների մեծամասնությունը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ռազմական կառույց Ֆրանսիայի վերադառնալու օգտին, ինչը պնդում է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Սարկոզին 2007 թվականից հայտարարում է ՆԱՏՕ-ի ռազմական կառույց Ֆրանսիայի հնարավոր վերադարձի մասին, որից երկիրը դուրս է եկել 1966 թվականին: Այժմ Ֆրանսիան մասնակցում է դաշինքի քաղաքական կառույցների, օրինակ, ՆԱՏՕ-ի Խորհրդի աշխատանքին:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման ֆրանսիական ինստիտուտի հետազոտության համաձայն՝ դաշինք Ֆրանսիայի լիարժեք վերադառնալու օգտին հանդես է գալիս երկրի քաղաքացիների 58 տոկոսը, այն դեպքում, երբ կառավարության ծրագրերին բացասաբար է վերաբերվում 37 տոկոսը, իսկ 5 տոկոսն էլ չի հայտնում իր կարծիքը: