Վտարում է Coca-Cola-ին

14/03/2009

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ամերիկյան Coca-Cola ընկերությանը հրամայել է երկու շաբաթվա ընթացքում հեռանալ Կարակասից: Այդ մասին հաղորդել են Լատինական Ամերիկայի զանգվածային լրատվամիջոցները: Թերթերը նշում են, որ անցյալ շաբաթ Չավեսին հաղորդել են, որ Մեքսիկայի Coca-Cola Femsa բաժանմունքի մասնաճյուղը Կարակասի արեւմտյան շրջանում շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասն օգտագործում է որպես պահեստ եւ ընկերության բեռնատարների կայանատեղ: Այս փաստը հարուցել է նախագահի վրդովմունքը, որն այն կարծիքին է, որ հողը պետք է պատկանի ժողովրդին, եւ նա ընկերությանը հրամայել է հեռանալ իր զբաղեցրած տարածքներից: «Ես երկու շաբաթ եմ տալիս Coca-Cola-ին, որպեսզի կամավոր հեռանա իր զբաղեցրած տարածքից: Հակառակ դեպքում ընկերությունը ստիպված կլինի հեռանալ Վենեսուելայից»,- ասել է Չավեսն «Ալո՛, նախագա՛հ» իր ամենշաբաթյա կիրակնօրյա հաղորդման ժամանակ: Նախագահը նշել է, որ այս դեպքը «բուրժուական կապիտալիստական պետության կողմից բռնության կենդանի օրինակ է»: Նրա խոսքով, ընկերությունը, փոխանակ «պահեստն այլ վայրում կառուցելու, տեղավորվել է այնտեղ, որտեղ ոչ մի ազատ քառակուսի մետր չկա»: Չավեսը նշել է, որ կայանատեղի վայրում ինքը մտադիր է «տներ կառուցել մարդկանց, աղքատների համար» եւ իրականացնել «քաղաքի բարեկարգման տարբեր նախագծեր»: «Ձեր բեռնատարներով գնացեք սավաննա: Կարակասից 100 կիլոմետր դեպի հարավ կան միլիոնավոր ազատ հեկտարներ»,- խորհուրդ է տվել Վենեսուելայի ղեկավարը: Coca-Cola-ի ներկայացուցիչներն, իրենց հերթին, հաղորդել են, որ պատրաստ են համագործակցել Վենեսուելայի կառավարության հետ եւ «քննարկել այն առաջարկություններն ու այլընտրանքները, որոնք կբավարարեն բոլորին». մասնավորապես, եթե դա անհրաժեշտ լինի, ազատել իրենց կողմից օրինականորեն զբաղեցրած հողամասը: Ներկայում Վենեսուելայում Coca-Cola-ի ձեռնարկություններում աշխատում է 8 հազար մարդ: