HSBC բանկային խմբի վերլուծաբանները 2009 թվականի ընթացքում Հայաստանում կանխատեսում են զրոյական տնտեսական աճ: Այդ մասին հայտարարել է «HSBC Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: «Մենք կարծում ենք, որ Հայաստանում ՀՆԱ-ի զրոյական աճը բավական լավ արդյունք է լինելու` հաշվի առնելով Հայաստանում մասնավոր տրանսֆերտների ներհոսքի կրճատումը գործընկեր երկրներում առկա դժվարությունների պատճառով»,- հայտարարել է Սլեյթերը: Նա ասել է նաեւ, որ HSBC խմբի վերլուծաբանները Հայաստանում մինչեւ 2009 թ. վերջը կանխատեսում են 10-12%-անոց սղաճ՝ երկու գործոնների պատճառով: Նախ` ազգային արժույթի արժեզրկման պատճառով կբարձրանան Հայաստան ներկրվող ապրանքների գները: Մյուս կողմից` սղաճի բարձր մակարդակը կարող է ձեւավորվել գազի եւ ջրի սակագների բարձրացման արդյունքում: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա, Թ. Սլեյթերի գնահատականներով, 2009 թվականը դժվար տարի է լինելու դրա համար: Ըստ բանկի ղեկավարի, այս տարի դրամային վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ կլինի, իսկ դոլարով եւ այլ արտարժույթով վարկերի տոկոսադրույքները կմնան անփոփոխ կամ նույնիսկ կնվազեն: Ի դեպ, ըստ HSBC-ի վերլուծաբանների, տնտեսական աճի տեսանկյունից միակ շահող երկիրը լինելու է Վրաստանը, որտեղ բազմաթիվ ներդրումներ են նախատեսվում Եվրամիության դոնոր երկրների կողմից: