Շներն՝ ընդդեմ հանցավորության

03/07/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ոստիկանական շուն ստանալու համար ոչ թե տաղանդ, այլ քրտնաջան աշխատանք
ու արհեստավարժություն է պետք: ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության
վարչության մասնագիտացված շնաբուծարանում պահպանվում է ոստիկանական
մասնագիտացված շների ամբողջ մի սերունդ՝ սկսած տատիկից, վերջացրած
թոռնիկով, ընդ որում՝ ծառայությունում գրանցված է, թե որ շան պապիկը, ձագը
կամ հայրն ու մայրն ովքեր են եղել:
Ավելին, շների անունները ժառանգաբար փոխանցվում են նախնիներից:

1948թ. ստեղծված այս համակարգում նախկինում գոյություն ուներ 8-9 շուն,
իսկ հիմա դրանց թիվը հասնում է 60-ի: Շնաբուծարանում վարժեցնում են եւ՛
հետքով գնացող, եւ՛ թմրանյութ փնտրող եւ զենք-զինամթերք որոնող շներ:
Զենք-զինամթերք որոնող շների վարժեցումը սկսել է զարգանալ վերջերս, քանի
որ նախկինում այդ տեսակի շների աճեցումն արդիական չէր: Ղարաբաղյան շարժման
ընթացքում սկսվեց զենք-զինամթերք որոնող շների մասնագիտացումը: 1994 թվից
մասնագիտացված շնաբուծարանի անձնակազմը՝ բաժնի պետ Ներսես Քերեյանի
նախաձեռնությամբ՝ կազմակերպել է դրանց բեղմնավորումը, ձագերի
պահպանությունը, մեծացնելը, ապա՝ մասնագիտացնելը: Պրն Քերեյանի
հավաստմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը 2-3 ամսով հայ
մասնագետներին գործուղում է Ռոստով, որպեսզի նրանց որակավորումը բարձրանա,
բացի այդ, մասնագիտացված շներ են բերվում Հայաստան՝ ցեղատեսակը
զարգացնելու նպատակով: Մասնագիտացված շներին վարժեցնում են երեք
ուղղությամբ, եւ այդ խմբերի շներն ունեն տարբեր բնավորություններ:
Շնաբուծարանի 60 շներից 2-ը թմրանյութ փնտրողներ են, 18-ը՝ զենք-զինամթերք
որոնող, 10-ը՝ հետախույզ: Օրինակ՝ զենք որոնող շան բնավորության գիծն
այնպիսին է, որ առանց հոտոտելու չպետք է քայլ անի, քանզի հասկանում է, որ
հնարավոր է պայթուցիկ նյութ հայտնաբերի: Թմրանյութ որոնող շան
բնավորությունն այլ է. այդ շներն ավելի շարժունակ են, իսկ զենք-զինամթերք
որոնող շան դեպքում շարժունակությունն ընդհանրապես անտեղի է: Հետախույզ
շներն աշխատում են սպանությունների, ավազակային հարձակումների,
գողությունների դեպքում: Հանցագործության դեպքի վայրը պաշտպանվում է,
շունն ընկալում է հանցագործի հոտը, ապա հետքերով բացահայտում է:
Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլ զարգացած երկրներում բավական մեծ գումարներով
ձեռք բերված բարձրորակ սարքավորումների միջոցով են կարողանում բացահայտել
հանցագործությունները: Հաճախ սարքավորումներով նրանք ի զորու չեն լինում
հետախուզությունը ճիշտ ուղիով կատարել, դրա համար էլ գործնականում մեծ տեղ
են տալիս մասնագիտացված շների աշխատանքին, որովհետեւ շունը երբեք չի
սխալվում: «Շունը չի կարող սխալվել, որովհետեւ իր կատարած աշխատանքի համար
մշտապես խրախուսվում է մսով,- ասում է պրն Քերեյանը: -Եվ գործնականում չի
եղել մի դեպք, երբ շունը սխալվի»: Մասնագիտացված շնաբուծարանում կան
գերմանական եւ արեւելյան «Օվչարկա» ցեղատեսակի շներ: Հավելենք, որ
ծառայությունը համագործակցում է մաքսակետերի հետ: Թմրանյութ եւ
զենք-զինամթերք փնտրող շներն աշխատում են Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի
մաքսակետերում մաքսանենգության դեմ պայքարի համար: Մասնագիտացված
շնաբուծարանի ծառայության բաժնի պետ Ն. Քերեյանի հավաստմամբ՝ շների
աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մաքսանենգ ճանապարհով չարտոնագրված
դեղորայք եւ թմրանյութեր Հայաստան տեղափոխելու դեպքեր: Անգամ դեղորայքի
սրվակների մոլեկուլային սպեցիֆիկ հոտով հատուկ վարժեցրած շներն իրենց
գերզգայուն հոտառության շնորհիվ կարողանում են բացահայտել նմանատիպ
դեպքերը:

Շները հանցագործություն են բացահայտում

Մասնագիտացված շնաբուծարանի ծառայության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության
կապիտան Արարատ Ծատուրյանին խնդրեցինք պատմել, թե շների ջանքերով ինչպիսի
հանցագործություններ են բացահայտվել: «Շնաբուծարանը գտնվում է
Բուսաբանական այգու հարեւանությամբ: Մասնագետներից մեկն այդ տարածքում
«Զեա» մականունով շանը վարժեցնելիս, փորձերն ավարտելուց հետո շանը թողել
է, որ հանգստանա, ապա նկատել է, որ «Զեան» սկսել է ինչ-որ հետքեր փնտրելով
այլ ուղղությամբ շարժվել: Ավելի ուշ շունը հայտնաբերել է կապոցով դրված
մեծ քանակությամբ զենք: Հետաքրքիր էր 2003թ. Տաուշի Բերդ քաղաքում
սպանության փորձի դեպքը. մեծ թվով կասկածյալներ կային, իսկ իրական
հանցագործին բնավ կասկածող չկար: Ընդ որում, սպանության փորձի հեղինակը
հենց տուժողի եղբայրն էր, որը «F-1» տեսակի նռնակ էր կախել դռան վրայից,
որպեսզի դուռը բացելուն պես պայթեր: Տեղամասային օպերատիվ խումբը 1-2 օր
աշխատելով չէր կարողացել որեւէ բան հայտնաբերել, դրանից հետո դիմել էր
մեզ: Դեպքի վայրում հայտնաբերված նռնակը փաթաթված էր եղել լաթի կտորով, եւ
երբ կասկածյալներին կանգնեցրել էինք, որպեսզի շունն ինչ-որ հետեւություն
անի, վերջինս լաթի կտորի հոտով գտավ հանցագործին: Հանցագործն իրականում
տուժողի եղբայրն էր, որն ամեն հնարավոր միջոցներով աղմկում էր, թե անհապաղ
պիտի բացահայտվի հանցանքը: Կամ 2003թ. Վանաձորի զորամասերից մեկում
կատարված սպանությունը. Զինվորը սպանել էր զինակցին: Տեղի ոստիկանության
բանավոր աշխատանքներն արդյունք չէին ունեցել, որից հետո դիմել էին մեր
շների օգնությանը: Ի վերջո, հանցագործության հեղինակը բացահայտվեց
համազգեստի հոտառությամբ կողմնորոշված շան շնորհիվ»:
 
Էգ շներն ավելի հավատարիմ են

Մասնագիտացված շնաբուծարանի ավագ տեսուչ Ա. Ծատուրյանի խոսքերով՝ զրոյից
կարելի է ստանալ ոստիկանական պրոֆեսիոնալ շուն: Շներին հատուկ
դաստիարակելու մեթոդներ կան, որոնք համարվում են ՆԳ համակարգի գաղտնիք եւ
չեն բացահայտվում: Այնուամենայնիվ, մասնագիտացված շնաբուծարանի
ծառայության պետն այդ հմտություններից մի քանիսի մասին պատմեց:
Պրոֆեսիոնալ շուն վարժեցնելու գրավականը միսն է: Թմրանյութ որոնող շանը
վարժեցնելու շոուն այսպես է սկսվում. պլաստմասսայե փակ արկղի վրա անցքեր
են արվում, միսը պահվում է արկղի մեջ եւ դրվում է այնպիսի խոր տեղ, որ շան
համար գտնելը դժվար լինի: Միսը գտնելու դեպքում վարժեցնողն արկղի մեջ
բացի, ասենք, 100 գ. մսից դնում է նաեւ 10 գ. թմրանյութ, մեկ օր մնալուց
հետո թմրանյութի հոտը տարածվում է մսի վրա: Աստիճանաբար մսի գրամները
պակասում են, իսկ թմրանյութինն՝ ավելանում: Շունն այս վարժանքներին
տիրապետելուց հետո, ասել է թե՝ մսի ու թմրանյութի պարունակությունը
գտնելուց հետո արդեն բնազդաբար կարողանում է նաեւ գտնել միայն թմրանյութը:
Բնազդաբար հասկանում է, որ թմրանյութը հայտնաբերելիս իրեն միս է տրվելու:
Նույնն արվում է զենք որոնող շների դեպքում՝ զենքի վրա մսաջրի հոտ
տարածելով: Հետքերով փնտրող շներին նույնպես վարժեցնում են մարդու հետքերի
վրա մսաջուր տարածելով: Ըստ շնաբուծարանի ծառայության բաժնի պետ Ն.
Քերեյանի, ճիշտ է, աշխատանքի արդյունավետության մեջ շների սեռերի
տարբերությունն էական դեր չի խաղում, բայց էգ շներն ավելի հավատարիմ են,
իսկ արուներն՝ անհամեմատ սանձարձակ: Շների բնակատեղին ուսումնասիրելով՝
պարզ դարձավ, որ նրանք ապրում են բավական քաղաքակիրթ պայմաններում եւ
կինոլոգներն առանձնահատուկ խնամքով են վերաբերվում նրանց: Ցանկացած հյուր
ընդունելուց առաջ եւ նրա հեռանալուց հետո այնտեղ ախտահանում է կատարվում:
Բացի այդ, ոստիկանական շները գտնվում են բժիշկների հսկողության տակ,
պարբերաբար հետազոտվում են: Վերջիններս օրական սնվում են երկու անգամ եւ
յուրաքանչյուրն ուտում է մոտ 5 կգ, 1 դույլ կերակուր: Հարկ է նշել, որ
շների մենյուն բազմազան է՝ բրնձի, հնդկաձավարի փլավ, բանջարեղեն,
ոսկրաալյուր, տավարի միս, մի խոսքով՝ ամեն ինչ, բացի լոբազգիներից: Այս
ամենից զատ, մասնագետները հետեւում են նաեւ նրանց ֆիզիկական կառուցվածքին
եւ եթե բժիշկներն ինչ-որ թերություն են նկատում, ապա վիտամինների կուրս,
մերսումներ են նշանակում, կամ վարժություններն ակտիվացնում են, որպեսզի
կազդուրիչ ազդեցություն լինի: Շների վարժեցումները սկսվում են առավոտյան
ժամը 9.30-ից եւ տեւում մինչեւ 13.00-ն, որից հետո 1 ժամ ընդմիջում է
լինում, ապա՝ կրկին վարժեցում, մինչեւ ժամը 18.00-ն: Պատահում է, որ նրանք
գիշերն էլ են աշխատում, որովհետեւ ահազանգ է լինում: Բացի օրակարգային այս
ռեժիմից, շներն ունեն հատուկ ծնարան եւ բժշկական զննման համար նախատեսված
կացարան, ասել է թե՝ հիվանդանոց: Առհասարակ շներն ապրում են 15 տարի, իսկ
ոստիկանական ծառայության համար պիտանի ժամկետը մինչեւ 12 տարեկանն է: 12
տարին լրացած «տատիկ-պապիկներին», ինչպես նշեց պրն Քերեյանը, նվիրում են
համակարգի աշխատակիցներին, եւ ենթադրվում է, որ հատուկ բարեկեցիկ
պայմաններում ապրած այդ շները խնամակալների հովանու ներքո վայելում են
իրենց ծերությունը: