Երեկ «7-ի գործով» դատավարության ժամանակ մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանն, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: «Անցած տարվանից դուք ինձ զրկում եք ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից»,- իր միջնորդությունը հիմնավորել է սպանվածի հայրը: Մեղադրող Հովսեփ Սարգսյանն ընդդիմացել է` ասելով, թե այն գրագետ է կազմված, հետեւաբար ՝ Ս.Քլոյանն արդեն ստանում է իրավաբանական խորհրդատվություն: Մեղադրողի այս հայտարարությունը բարկացրել է նիստին ներկա 6 քաղբանտարկյալներին (Շանթ Հարությունյանին Մարտիրոսյանը թույլ չի տվել մասնակցել դատական նիստին), ովքեր իրար հետեւից հանդես են եկել հայտարարություններով: Դատավորը որոշել է, որ այդպիսով քաղբանտարկյալները «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորում», եւ նրանցից 5-ին հեռացրել է դահլիճից` 10 օրով զրկելով նիստերին մասնակցելու իրավունքից: Իսկ միայն Գրիգոր Ոսկերչյանի մասնակցությամբ դատական նիստը նշանակվել է այսօր: Այդպիսով Մ.Մարտիրոսյանն իրականացրել է առանց քաղբանտարկյալների նիստ անցկացնելու իշխանությունների անհագուրդ ցանկությունը, ինչի հնարավորությունն արդեն տալիս է Քրեադատավարական օրենքում կատարված վերջին փոփոխությունը: