Երկու ամսում վաճառվել է 700 մլն դոլար

10/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ես անթույլատրելի եմ համարում այն, ինչ արվեց դրամի կուրսը պահպանելու համար, որովհետեւ այդ նպատակով 2009թ. առաջին երկու ամիսներին իմ հաշվարկներով ծախսվել է մոտ 700 մլն դոլար»,- երեկ կազմակերպված բանավեճի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ այսօր ԿԲ պահուստները 1.2 մլրդ դոլար են, եւ որ արտարժույթի փոխարժեքը կայուն պահելու համար 2008 եւ 2009թթ. իրենք պահուստներից ծախսել են ընդամենը 400 մլն դոլար: Թ. Մանասերյանը նշեց, որ դրամի կտրուկ արժեզրկմանն այլընտրանք կար: «Հարկավոր էր դրամն ավելի վաղ բաց թողնել` ավելի փափուկ վայրէջքի համար»,- նշեց նա: Իսկ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը փորձում էր համոզել, որ նույնիսկ միջազգային կառույցներն են այլ պետությունների խորհուրդ տվել փոխանակման կուրսի այնպիսի քաղաքականություն իրականացնել, ինչպիսին իրականացրեց Հայաստանի ԿԲ-ն: Ըստ նրա, սահուն արժեզրկումը, ինչպես տեղի ունեցավ Ռուսաստանում, ունի բազմաթիվ թերություններ: Վ. Արամյանը նաեւ նշեց, որ դրամի կուրսի կտրուկ տատանումներ առաջիկայում չեն սպասվում: «Փոխարժեքը դա տնտեսական ֆունդամենտալների արտացոլանքն է, եւ միայն դրանց կտրուկ փոփոխության դեպքում կարող է կտրուկ փոխվել: Հայաստանում ֆինանսատնտեսական այդ ֆունդամենտալների` առեւտրային պայմանների, կապիտալի հոսքերի, արտադրողականության կտրուկ փոփոխություն առաջիկայում չի կարող լինել»,- վստահեցրեց Վ. Արամյանը: Նա նաեւ ասաց, որ դրամի արժեզրկումը սպասելի էր եւ անպայման տեղի էր ունենալու: Սրան ի պատասխան՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրերում ոչ միայն դրամի արժեզրկման կանխատեսում չի եղել, այլեւ անգամ նուրբ ակնարկ չի արվել այդ մասին: «Ցավոք, մենք կանխարգելիչ քայլեր չարեցինք` հասարակության մոտ դրական սպասումներ ձեւավորելու համար»,- հայտարարեց նա: Նրա հետ համակարծիք էր Թ. Մանասերյանը: «Այսօր ամենամեծ հարվածը հասցվել է հասարակության գնողունակությանը այն ֆոնի վրա, երբ ապրիլի մեկից բարձրանալու են նաեւ կոմունալ սպասարկումների սակագները: Սա արդեն կրկնակի հարված է»,- նշեց Թ. Մանասերյանը: Վերջինիս կարծիքով, գործարարների, մասնավորապես` ներմուծողների շրջանակից լուրջ դիմադրություն կա ուղղված կառավարությանը, ինչը թույլ չի տալիս կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: «Դրա լավագույն ապացույցն է նաեւ այն, որ կառավարությունը հետ վերցրեց մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը»,- նշեց Թ. Մանասերյանը: «Պետք է նվազագույն աշխատավարձը 30 հազ. դրամից բարձրացնել մինչեւ 40 հազարի, այսինքն` գոնե մինչեւ կենսապահովման նվազագույն զամբյուղը»,- առաջարկեց տնտեսագետը: Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ կարելի է վիճել այն հարցի շուրջ` դոլարի փոխարժեքը պետք էր արժեզրկել սահուն կերպո՞վ, թե՞ միանգամից, ինչպես արեց մեր ԿԲ-ն: «Սակայն դրամի այս կտրուկ արժեզրկման հետեւանքով ժողովրդի մոտ առաջացել են որոշակի մտահոգություններ` կապված որոշ մարդկանց կամ տնտեսվարող սուբյեկտների գերշահույթներ ստանալու հետ»,- հայտարարեց Ա. Մինասյանը: Նա նշեց, որ ԿԲ-ն պարտավոր է հասարակության առաջ ներկայացնել այդ մարդկանց կամ սուբյեկտների ցանկը: Ա. Մինասյանը նմանատիպ զարգացումներ հետագայում թույլ չտալու համար կարեւորեց ֆյուչերսային շուկաների ձեւավորումը: «Դրամավարկային քաղաքականության ոլորտում շատ եմ կարեւորում ֆյուչերսային շուկայի ստեղծումը, որտեղ մի կողմը պարտավորվում է ապագայում ֆիքսված գնով որոշակի արտարժույթ վաճառել, մյուս կողմն էլ` գնել: Ժամանակն էլ ցույց տվեց, որ այս շուկայի բացակայությունը, ի տարբերություն կանխիկ շուկայի, հենց հիմնական պատճառներից մեկն է, որ Կենտրոնական բանկը ստիպված է նման կտրուկ քայլերի գնալ: Եթե մենք ունենայինք ապագայում կատարման ենթակա պարտավորությունների շուկա, հստակ եւ հանգիստ կարելի էր այս սպասումները դրական ձեւավորել հասարակության մոտ, եւ հասարակությունը կիմանար՝ երբ ինչ արժույթ կարելի է ձեռք բերել»,- հայտարարեց Ա. Մինասյանը: