«Եթե Սամվել Նիկոյանն ուզում էր բացահայտել այդ գործը, ինչո՞ւ մինչեւ հիմա մեզ չի հրավիրում եւ լսում: Կարող է մենք այնպիսի տեղեկատվություն ունենք, որ նրա գործին կօգնի: Իսկ եթե ընդամենն իշխանությունների պատվերն է կատարում, ժամանակ է շահում եւ չի ուզում սպանություն կատարողներին բացահայտել, ես զարմանում եմ, թե այդ մարդն ինչո՞ւ է ընկնում մեր անեծքների տակ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Վերջինս վստահ է, որ իր որդու բջջային հեռախոսի մեջ եղած պարունակվող լուսանկարները շատ բան կարող են բացահայտել: «Մենք հրավիրում ենք բոլորին, ովքեր ասելիք ունեն, եւ եթե դա կարող է օգնել մահվան հանգամանքների բացահայտմանը»,- ի պատասխան ասել է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս.Նիկոյանը: Մեր թղթակցի հարցին, թե հրավիրե՞լ են Ա.Հովհաննիսյանին, Ս.Նիկոյանը պատասխանել է. «Ես մեր տղաների միջոցով նրան փոխանցել եմ, որ եթե ասելիք ունի, կարող է գալ-մասնակցել նիստին, կամ պարզապես կարող ենք նրա հետ զրույց անել»: