Մականունների սիրահարը

10/03/2009

Երեւանի քաղաքապետի ընտրություններում պայքարն ընթանալու է ոչ թե ընդդիմության եւ ՀՀԿ-ի թեկնածուի միջեւ, այլ` կոալիցիոն ուժերի:

Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մրցամարտը հենց ներսում է լինելու»,- ասաց նա` դա բացատրելով նրանով, թե կոալիցիոն ուժերն ավելի շատ ձայն կհավաքեն, քան մյուս քաղաքական ուժերը: Նա ասաց նաեւ, թե Հանրապետական կուսակցությունը Երեւանի կառավարման գործում «բավականին մեծ» դերակատարում է ունենալու: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, Գ. Սահակյանը «մեծահոգաբար» նրանց հորդորեց պասիվ չլինել եւ «պարտվողի տրամաբանություն չունենալ»: «Արդեն մի տարի է` ասում են` խորհրդարանական ընտրություններ լինեն, լուրջ արդյունքներ կունենանք: Չեմ կարծում, որ սա համապետական ընտրություններին զիջում է: Ընդդիմությունը պետք է փորձի, որ ապացուցի այդ գաղափարախոսությունը: Ընդդիմության մեջ ձայների տեսակետից միավորում չեմ տեսնում: Պետք է բաց քննարկումներ անեին, հայտարարեին, թե ով է իրենց ցուցակը գլխավորելու, սակայն նման բան չենք տեսնում»,- ասաց Գ. Սահակյանը: «Կոնգրեսն ավելի զգուշավոր է, եւ հիմնականում մի փոքր վախեցած են կարծես, իսկ «Ժառանգությունը» ցանկանում է իրեն ամենաարմատական ընդդիմություն ներկայացնել»,- հայտարարեց հանրապետականը, որի կարծիքով՝ «Ժառանգությունն» այն թիմը չէ, որը կարողանա «7 տոկոսի շեմը հաղթահարել»: Ըստ նրա` հենց դա է պատճառը, որ «Ժառանգությունը» քննադատում է իրենց թեկնածու Գագիկ Բեգլարյանին քաղաքապետ նշանակելու իշխանությունների որոշումը` դրանով իսկ «փորձելով արդարացնել հետագայում իրենց ստանալիք ձայների քիչ լինելը»:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ Գ. Բեգլարյանին մինչեւ ընտրությունները նշանակեցին Երեւանի քաղաքապետ, եւ արդյոք դրանով ՀՀԿ-ն չի՞ ցանկանում ցույց տալ, որ իրենց թեկնածուն է հաղթելու` նրան լծակներ տալով, Գ. Սահակյանը պատասխանեց. «Եթե հանրությանը հայտարարում ես, որ առաջին համարը պետք է լինի Գագիկ Բեգլարյանը, նշանակում է` պետք է նաեւ նշանակել քաղաքապետ, այլապես այս 2-3 ամիսը քաղաքապետարանի աշխատանքները կպասիվանային: Դա է եղել հիմնական գաղափարախոսությունը: Իսկ եթե դա լծակ են համարում, ապա ասեմ, որ ՀՀԿ-ն դրանից ավելի բարձր եւ լուրջ լծակների է տիրապետում, որովհետեւ, ըստ էության, իշխանության հիմնական մասը ՀՀԿ-ի ձեռքում է»: Հարցին էլ, թե արդյո՞ք Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ նշանակումը չկանխորոշեցին ընտրությունները նաեւ կոալիցիայի ներսում, քանի որ դրանից հետո կոալիցիոն կուսակցությունների լիդերները խուսափում են գլխավորել իրենց կուսակցական ցուցակները, շատ լավ հասկանալով, որ արդեն կանխորոշված է, թե ով է դառնալու Երեւանի քաղաքապետ, Գ. Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման խնդիրներ կան: Կոալիցիոն ուժերի մեջ հարաբերությունները շատ ջերմ են, եւ երբեք խանդի տեսարաններ չի առաջանում»:

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ, եթե ինքն ունենար մականուն, ինչպես Գագիկ Բեգլարյանը, ապա կմասնակցեր Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Այս հայտարարության առնչությամբ երեկ ՀՀԿ փոխնախագահն ասաց, թե «յուրաքանչյուր մարդու էլ մանկուց ինչ-որ բան են ասում, որը հետագայում` մեծանալուց հետո, երբ բարձր արդյունքների է հասնում, դառնում է մականուն: Բացասական մականունով մարդիկ մեզ չեն շրջապատում: Այնպես որ` ՀՌԱԿ ատենապետը եթե քաղաքում է ծնվել, համենայնդեպս, քաղաքի մտածողության արժեւորմամբ հանդես չի եկել: Քաղաքում ծնվածը մի քիչ քաղաքի տղա պետք է լինի»: Այնուհետեւ նա օրինակ բերեց Աղբյուր Սերոբին` ասելով. «Աղբյուր Սերոբը մականուն ունի, ասենք` մականուն ունի՞»: Ապա նա ափսոսանք հայտնեց, որ ինքն այդպես էլ իր ամբողջ կյանքում ոչ մի մականուն չունեցավ։ «Գալուստ եղել եմ, Գալուստ էլ մնացել»,- ասաց նա: