Անհետեւանք ինքնախոստովանանքի պահը

10/03/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ասում են, որ ճգնաժամը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ, այնուամենայնիվ, ունի մեկ շատ կարեւոր, դրական ազդեցություն։ Այն ստիպում է մի պահ լրջանալ, կանգ առնել, վերաիմաստավորել անցած ճանապարհը եւ նորովի մտածել ու գործել։

Հիմա հայրենի իշխանությունները կարծես սկսել են անուղղակի կերպով խոստովանել, որ «ինչ-որ բան սխալ է աշխատել»։ Երկիրը տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ է արձանագրել, սակայն այդ ընթացքում միշտ եղել են քննադատություններ՝ տնտեսական քաղաքականության (եթե այդպիսին կա) վերաբերյալ։ Եվ եթե իշխանությունները ժամանակին այդ քննադատությունը անվանում էին «միայն կույր լինելու հետեւանք», «լավը չտեսնելու նախատրամադրվածություն», այժմ հենց իրենք՝ դեռեւս, իհարկե, անուղղակի կերպով ընդունում են այդ քննադատությունների ճշմարտացիությունը։ Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ դրանցից մի քանիսին։

1. «Տնտեսական աճ»։ Մինչ անցած տարիներին իշխանությունները հայտարարում էին երկնիշ աճի մասին, ընդդիմախոսները նշում էին, որ դա ոչ թե տնտեսական աճ է, այլ ՀՆԱ-ի ցուցանիշի աճ՝ հիմնված առավելապես շինարարության ոլորտի վրա։ Վերհիշելու համար մի քանի տարի հետ գնանք: 2001 թ. արդեն «արձանագրվեց» գրեթե երկնիշ՝ 9.6%-անոց տնտեսական աճ։ Այդ ժամանակ շինարարության ոլորտի տեսակարար կշիռը կազմում էր ՀՆԱ-ի շուրջ 9%-ը։ Հետո այդ թիվը սկսեց գնալով մեծանալ. 2002թ.՝ 11.7%, 2003թ.՝ 14%, եւ այդպես շարունակ։ 2008-ին շինարարությունն ապահովել է ՀՆԱ-ի 23%-ը (ամենամեծը՝ իր տեսակարար կշռով)։ Այսօր վերամբարձ կռունկները կանգնած են, շինարարություն գրեթե չկա։ Արդյունքում` 2009-ի համար կանխատեսվում է լավագույն դեպքում ՀՆԱ-ի զրոյական աճ կամ կրճատում։ Ճգնաժամն այստեղ իր դերն ունի, բայց անկախ դրանից՝ շինարարությունը տնտեսության շարժիչ ուժ դարձնելը վաղ թե ուշ հանգեցնելու էր սրան, քանի որ չի կարելի միայն շենք ու ճանապարհ սարքելով՝ երկիր զարգացնել։

2. Դրսից կախված տնտեսություն։ Նույն շինարարության ոլորտի տխուր պատկերը պայմանավորված է բացասական սպասումներով եւ, իհարկե, պահանջարկի նվազմամբ։ Իսկ պահանջարկն, իհարկե, առաջին հերթին պայմանավորված է արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների նվազմամբ։ Նույն տրանսֆերտները, բացի անշարժ գույքի շուկայից, նաեւ ուղղվում էին սպառողական շուկա։ Այսինքն՝ մեր ներքին պահանջարկը, հետեւաբար՝ տնտեսության աշխուժությունը կախված է ոչ թե մեզնից, այլ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում աշխատող մեր հայրենակիցների բարեկեցությունից։ Եվ հիմա, երբ իշխանությունները ամեն ինչ` պահանջարկի նվազումը, դրամի արժեզրկումը եւ այլն, կապում են դրսից եկող տրանսֆերտների նվազման հետ, անուղղակիորեն խոստովանում են, որ տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրած երկրի տնտեսությունը կախված է առավելապես դրսի փողերից։

3. Անարդյունք աճ կամ՝ աճ՝ առանց նոր արժեքի ստեղծման։ Մի բանում մեր իշխանություններն իրոք անգերազանցելի են՝ նույն երեւույթը երկու տեսանկյունից մեկնաբանելու ունակությամբ։ Դրամն արժեզրկվեց, եւ իշխանությունները միանգամից սկսեցին խոսել տեղական արտադրողների եւ արտահանողների շահերի մասին։ Իհարկե, իրենք էլ չեն հավատում իրենց ասածին. տեղական արտադրող-արտահանողը վերջին մի քանի տարիների ընթացքում այնքան է տուժել, որ տարիներ կպահանջվի, մինչեւ նա գտնի իր տեղը արտաքին շուկաներում՝ այն էլ՝ գլոբալ ճգնաժամի պայմաններում։ Հարցն այլ է. իշխանությունները խոստովանեցին, որ երկար տարիներ իրենց քաղաքականությունը վնասել է արտահանողներին։ Եթե շինարարությունը, ինչպես արդեն նշեցինք, իր տեսակարար կշիռը գնալով ավելացրեց եւ հասցրեց 23%-ի, ապա արդյունաբերության դեպքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Օրինակ՝ 2004-ին արդյունաբերական արտադրանքը կազմում էր ՀՆԱ-ի շուրջ 30%-ը, իսկ այսօր՝ 20%։ Ընդ որում, դրա մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն էներգետիկան, պարենային ապրանքները եւ հանքահումքային արտադրությունը։ Նորարարություն, բարձր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ. նման բաներ չկան։ Դրամի արժեզրկումից րոպեներ անց բարձրացան գրեթե բոլոր ապրանքների գները, քանի որ Հայաստանն այսօր սպառում է հիմնականում ներմուծվող արտադրանք։ Այլ կերպ ասած՝ Հայաստանն ընդամենը սպառման դաշտ է. փողերը գալիս են դրսից, ապրանքները գալիս են դրսից, մենք ընդամենը սպառում ենք։

4. Ֆինանսական համակարգ։ «Մեր բանկային համակարգը համապատասխանում է միջազգային չափանիշներին, այն իր զարգացման մակարդակով զգալիորեն առաջ է անցել տնտեսության մյուս ճյուղերից»,- վերջին տարիների ընթացքում կրկնում էին մեր իշխանությունները։ Ընդդիմախոսներն էլ ասում էին, որ բանկային համակարգը չի կատարում իր հիմնական ֆունկցիան՝ ռեսուրսների վերաբաշխումը։ Այս քննադատություններն, իհարկե, լուրջ չէին ընդունվում։ Ավելին՝ մերոնք խոսում էին ֆինանսական կենտրոն դառնալու հեռանկարների մասին։ Հետո սկսվեց ճգնաժամը, կամ դրա առաջին՝ ֆինանսական ալիքը (ինչպես սիրում են ասել մեր իշխանությունները)։ Ու հնչեց իշխանությունների տեսակետը՝ ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդի, քանի որ մեր բանկային համակարգն ինտեգրված չէ միջազգային ֆինանսական համակարգին։ Փաստորեն, թերությունը, որը երկար ժամանակ չէին ընդունում, միանգամից դարձավ առավելություն։

Մի խոսքով, իշխանություններն այս ընթացքում ակամայից խոստովանեցին, որ մեր տնտեսությունը շատ խոցելի է, իսկ երկնիշ տնտեսական աճը ընդամենը քարոզչական շուտասելուկ էր։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ տարիներ շարունակ «վագրային թռիչքներով» զարգացող տնտեսությունը հայտնվեց այսպիսի անօգնական վիճակում։ Տնտեսագետներից ու փորձագետներից շատերը բազմիցս հարց են ուղղել իշխանությանը՝ անկախ տնտեսական աճի ցուցանիշից, ո՞ւր է գնում մեր երկիրը, ի՞նչ տնտեսություն ենք մենք ունենալու տարիներ հետո։ Պատասխան կամ չէր լինում, կամ լինում էր շատ լղոզված։ Իսկ այսօր այդ պատասխանը տվեց իրականությունը՝ ունենք տնտեսություն, որը կախված է արտաքին աշխարհից (բայց ոչ ինտեգրված), ոչինչ չի արտադրում եւ արտաքին շուկային ներկայացնելու ոչ մի արժեքավոր նոր բան չի ստեղծել։ Ու այսքանով հանդերձ՝ մենք ճգնաժամը դիմավորում ենք «ուժեղ դիրքերից»։ Երեւի «ուժեղ դիրք» ասելով՝ նկատի ունեն հենց մեր չունեցած հզորությունները՝ չեղած արտադրությամբ, չեղած արտահանմամբ։ Ինչպես հայտնի ֆիլմի երգում է ասվում. «Եսլի ու վաս նետու տյոտի, տո վամ եյո նե պոտերյատ»։ Ամենավատը, սակայն, այն է, որ հետեւություններ անելու փոխարեն՝ իշխանությունները շարունակում են նույն գործելաոճը՝ չտեսնելու տալով առկա խնդիրները։ Օրինակ՝ գների չհիմնավորված բարձրացում թույլ չտալու փոխարեն՝ հայտարարում են, որ գները չեն բարձրացել։ Իսկ ամենամեծ ճգնաժամը՝ կոնկրետ մեր երկրի համար, վստահության ճգնաժամն է իշխանության նկատմամբ։ Իսկ այն գնալով սրվում է. մարդիկ ավելի շատ հավատում են նույնիսկ զուգարանի թղթի 40%-անոց թանկացումը արձանագրող իրենց աչքերին, քան իշխանություններին։