Թեժ ամառ՝ զովացուցիչ ըմպելիքների շուկայում

03/07/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Pepsi»-«Coca-Cola» վերջերս թեժացած առճակատումը բացահայտում է, թե
սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների շուկան ինչ վիճակում է եւ, թե
Հայաստանում մարդիկ սննդամթերք եւ տարբեր ըմպելիքներ օգտագործելով որքանով
են վտանգում իրենց առողջությունը:
Պարզվում է՝ հայկական շուկան ողողված է անորակ ապրանքներով:

Տեղական շուկայում հայտնաբերված Վրաստանից ներմուծվող ժամկետանց «Pepsi»-ի
ըմպելիքների շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ որոշ տնտեսվարող
սուբյեկտների մութ գործողություններ բացահայտվեն: Ենթադրվում է, որ
զովացուցիչ ըմպելիքների շուկայում գործող խանդոտ մրցակիցները դեռ կբացեն
այն խաղաքարտերը, որոնց միջոցով, շրջանցելով սպառողների տարրական
իրավունքները, գերշահույթ են ստանում: Նախորդ համարում տպագրված «Խմում
ենք ժամկետանց «Pepsi» հոդվածից ազդված՝ «Ջերմուկ գրուպ» ընկերության
ներկայացուցիչները շուկայում վաճառվող «Coca-Cola» ֆիրմայի ժամկետանց
հյութերով ներկայացան խմբագրություն՝ ապացուցելու համար, որ շուկայում
սպառողին խաբում է նաեւ «Coca-Cola» ֆիրման:
Ըստ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանի,
տպավորություն է ստեղծվել, թե Հայաստան են ներմուծվում այլ երկրներում
չվաճառվող, հնացած ապրանքներ, որոնց ներմուծողներից է «Ջերմուկ գրուպ»
ընկերությունը: Էդգար Ղազարյանը հայտարարում էր, որ «Ջերմուկ գրուպ»
ընկերությունը «Pepsi»-ի հետ համագործակցության առաջին օրից ժամկետանց
արտադրանք չի ներմուծել: Նա բացառում է ժամկետանց ապրանքի ներմուծումը,
որովհետեւ ապրանքի ներմուծման ընթացքում իրականացվում է բազմակողմանի
վերահսկողություն ողջ գործընթացի նկատմամբ, ինչպես Պետստանդարտի, այնպես
էլ՝ մաքսային մարմնի կողմից, ինչի արդյունքում ժամկետանց ապրանքի
ներմուծումը բացառվում է: Այնինչ, մենք հրապարակել էինք նաեւ Երեւանի
խանութներում վաճառվող ժամկետանց «Pepsi»-ի լուսանկարը: Մաքսային պետական
կոմիտեից ժամկետանց ըմպելիքների ներմուծման վերաբերյալ մեր հարցմանը
պատասխանեցին, որ ապրանքը մաքսազերծելիս մաքսավորներն առաջնորդվում են
համապատասխան տեղեկանքով, որը տալիս են դրանց համապատասխանելիության
չափանիշները հավաստող տարածքային մարմինները: Սա նշանակում է, որ կամ
ներմուծված ժամկետանց ապրանքի տեղեկանքը կարող էր կեղծված լինել, կամ
ապրանքը հնացել է իրացման փուլում: Մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝
ստուգող այդ մարմիններից մեկն էլ Որակի տեսչությունն է: Իսկ ահա Որակի
տեսչության պետի տեղակալ Գ. Գյոզալյանը հերքեց այդ փաստը՝ ասելով, որ
իրենք ոչ մի տեղեկանք չեն տալիս, այլ ընդամենը ստուգումներ են
իրականացնում տնտեսվարող սուբյեկտի մոտ: Ավելին, ստուգումների արդյունքում
հայտնաբերված թե՛ «Pepsi» եւ թե՛ «Coca-Cola» ըմպելիքների մեջ
հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ, ինչի արդյունքում որոշակի
խմբաքանակի իրացումը կասեցվել է եւ կիրառվել է պատժամիջոց: Ի դեպ, պրն
Գյոզալյանն ասաց, որ ժամկետանց «Pepsi»-ի թիվը խանութներում
սահմանափակվում է 6-7 հատով, մինչդեռ մեր տվյալներով՝ շուկայում դրանց
ծավալները շատ մեծ են: Իսկ եթե պրն Գյոզալյանի նշած թիվը՝ 6-7 հատ, ճիշտ
է, ուրեմն մենք 2 հատով պակասեցրել ենք՝ երկու հոգու փրկելով ժամկետանց
ըմպելիք խմելուց:
Ըստ Է. Ղազարյանի՝ Վրաստանում 2004թ. կառուցված «Pepsi»-ի գործարանը
հատուկ կառուցվել է Հայաստանի եւ Վրաստանի շուկայի պահանջարկը բավարարելու
համար: Է. Ղազարյանի հավաստմամբ՝ «Ջերմուկ գրուպը» ոչ թե Վրաստանից ինչ-որ
պատահական քանակություն է բերում Հայաստան, այլ հատուկ Հայաստանի եւ
Վրաստանի բնակչության պահանջները բավարարելու համար կառուցված գործարանից
է ապրանք ներմուծում. «Ջերմուկ գրուպ» ընկերությունը շուկայում ապրանքը
վաճառում է պիտանելիության ժամկետներում, այսինքն՝ չի եղել նման դեպք, որ
«Ջերմուկ գրուպից» ժամկետանց «Pepsi» վաճառվի: Մենք չենք բացառում, որ այս
կամ այն մանրածախ խանութում վաճառքի տեմպերի, գնումների ընդհանուր ծավալի
հետ կապված ապրանքի որոշակի խմբաքանակի ժամկետի խախտում լինի,- ասում է Է.
Ղազարյանը: -Բայց մենք չենք կարող պատասխանատվություն վերցնել այդ
երեւույթի համար, գործնականում չի եղել մի դեպք, երբ մանրածախ կետը դիմի
մեզ ժամկետանց ապրանքը նորով փոխելու համար, իսկ մենք մերժենք, անպատասխան
թողնենք»: Մեր թերթի հրապարակումներից հետո «Ջերմուկ գրուպ» ընկերության
մարքեթինգի աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարել, որի
արդյունքում հայտնաբերել են բազմաթիվ, մասնավորապես՝ «Coca-Cola»-ի
ժամկետանց ըմպելիքներ: «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահի խորհրդականն
ասում է. «Դա մեզ ստիպեց, որ սպառողների շահերը պաշտպանող հասարակական
կազմակերպություններին առաջարկենք օբյեկտիվությունից ելնելով շուկան
ուսումնասիրել, լինել անաչառ եւ կատարել համակողմանի վերլուծություն: Ինչ
վերաբերում է ապրանքի մակնիշման հայերեն տառերով տեղեկատվության
բացակայությանը, ապա օրենքը, որը պարտադրում է ներմուծված ապրանքների
հայերեն տառերով մակնիշումը, ուժի մեջ է մտնելու 2005թ. հուլիսի 19-ից,
իսկ «Pepsi»-ի ըմպելիքները շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստան են ներմուծվում
հայերեն մակնիշավորմամբ: Շուկայում դեռ կա որոշակի խմբաքանակ, որի
իրացումը շրջանառությունից դուրս կգա, բայց նոր ներմուծված ապրանքները
միանշանակ թողարկվում են հայերեն մակնիշումներով: Մենք նկատել ենք, որ
«Coca Cola» ընկերությունը շատ հիվանդագին է ընդունում «Pepsi»-ի
առկայությունը շուկայում, քանի որ մինչ այժմ այդ ընկերությունը լուրջ
մրցակից չի ունեցել Հայաստանում: «Pepsi»-ի ներկայությունն, այն էլ
«Ջերմուկ գրուպի» ներկայացչության մակարդակով, լուրջ անհանգստություն է
առաջացնում «Coca Cola»-ի մոտ եւ դա դրսեւորվում է նաեւ այնպիսի
երեւույթներով, որ նրանք շատ խանութներում պահանջում են, որպեսզի «Pepsi»
չվաճառեն, այլապես խանութից դուրս կհանեն իրենց գույքը, սառնարանները, եւ
որոշ խանութներում սպառնալիքները գործնականում կիրառել են»: Սպառողների
միության ոչ օբյետիվ գործունեությունը Է. Ղազարյանը ենթադրաբար բացատրում
է հետեւյալ կերպ. «Սպառողների միության տրամադրած նախնական
տեղեկատվությամբ՝ սպառողների մոտ «Pepsi» խմելուց հետո ալերգիկ
հետեւանքներ են եղել, որից հետո հայտարարում են, թե շուկայում
հայտնաբերված ժամկետանց ըմպելիքի վերաբերյալ լաբորատորիան որակական շեղում
չի արձանագրել եւ դրական եզրակացություն է տվել: Ստացվում է, որ կամ սուտ
է, թե սպառողն ալերգիկ հետեւանքներ է ունեցել, կամ սուտ է, որ ալերգիայի
պատճառը «Pepsi»-ն է եղել, որովհետեւ լաբորատոր զննումն ապացուցել է
որակական համապատասխանելիության նորմերը,- ասում է Է. Ղազարյանը: -Եթե
Սպառողների միությունն իսկապես օբյեկտիվորեն սպառողի շահերն է պաշտպանում,
ապա փաստերի հիման վրա պիտի ուսումնասիրեր շուկան եւ ներկայացներ, որ
ժամկետանց «Coca-Cola»-ի փաստերը շուկայում շատ ավելին են, քան «Pepsi»
ֆիրմայինը: Այդ դեպքում նրանք սպառողներին պետք է ներկայացնեին կոնկրետ
շուկայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ես չեմ կարող պնդել, որ
դա պատվեր էր, բայց կարող եմ ասել, որ այդ կազմակերպությունն անաչառ չէ:
Իրենց գործի մեջ կոմպետենտ չեն վարվել»: Այսպիսով, տպավորություն է
ստեղծվում, թե կարբոնացված ըմպելիքների շուկայում մրցակիցներն ամեն
հնարավոր միջոցներով, անգամ՝ շրջանցելով սպառողի շահերը պաշտպանող որոշ
նորմեր, փորձում են իրենց դիրքերն ամրապնդել շուկայում: Իրականում այս
շուկայի ներկայացուցիչներն ավելի ագրեսիվ խաղի կանոններով են
առաջնորդվում, քանի որ ժամկետանց ապրանքը վերացնելու փոխարեն՝ իրար վրա
ցեխ են շպրտում: Իսկ շուկայում վաճառվում է եւ՛ ժամկետանց «Coca-Cola»,
եւ՛ ժամկետանց «Pepsi»։