Թղուտը՝ դրամատիկ զարգացումներում

10/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թեեւ Թեղուտում թեղիները վաղուց վերացել են, սակայն թեղուտցին շարունակում է հավատարիմ մնալ իր անվանը։

«Թեղին չկա, բայց հո թեղուտցին կա»,- ասում են գյուղի ավտոբուսի ուղեւորները: 760 բնակիչ ունեցող գյուղն ապրում է դրամատիկ կյանքով` 2006 թվականից «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսել է գյուղացիներից հողեր գնել` գյուղում նոր կոմբինատ ստեղծելու նպատակով: Այսօր գյուղացիներից շատերն արդեն վաճառել են հողերն ու ստացել փողերը, մինչդեռ կան մարդիկ, ովքեր չեն ուզում հրաժարվել գյուղացու միակ եկամտի աղբյուրից` հողից:

Թեղուտցի Մելիք Շալուխանյանը մի քանի ամիս առաջ է վաճառել իր հողը: Ասում է` հիմա էլ չգիտի, թե ինչպե՞ս է ապրելու: Մեր հարցին, թե ինչո՞ւ է վաճառել հողը, 52-ամյա գյուղացին պատասխանեց. «Թեղուտում բռնատիրություն է: Դուք էստեղ չեք ապրում, չեք իմանա: Կարող ա Թեղուտ գաք ու դատվեքգ»: Մինչդեռ հարեւան Սերոբի գործն արդեն դատարանում է։ «Ես իմ հողերը չեմ վաճառելու: Վաճառեմ, բա հետո ինչո՞վ զբաղվեմ: Ինձ նման 17 մարդ կա գյուղում, որոնց գործերը դատարանում են»,- ասում է Սերոբ Օսարյանը, ով դեմ է գնացել Լոռու մարզի Շնողի ու Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմանների որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահի ճանաչմանը: Ս. Օսարյանի կինը, որ ներկա էր մեր զրույցին, ավելացնում է. «Ի՞նչ գերակա շահ: Կարող ա մեր շահը պակա՞ս ա: Երկու ուսանող ունենք` մեկը Երեւանի պետական համալսարանում է սովորում, մյուսը` Վանաձորի: Ծերը ծերին ենք հասցնում: Էդ հողի հույսին ենք»։ Նա հարցնում է Երեւանից նոր վերադարձած ամուսնուն, թե արդյո՞ք իրենք կշահեն դատը. «Սերոբ, հույս չունի՞նք, որ կշահինք»: Ամուսինը գլուխը բացասաբար շարժում է. «Չէ, հույս չկա»: Ու չնայած հույսի բացակայությանը, գյուղացին պատրաստ է մինչեւ վերջ պայքարել, անգամ հրաժարվել 4000 հա հողի համար նախատեսված

188.000 դրամից. «Պատկերացնո՞ւմ եք` 1 քառ.մետրի համար առաջարկում են 38 դրամ: Ավելի լավ ա վերջում հողերս ձրի տամ, քան վերցնեմ էդ գումարը: Բա գյուղացին առանց հողի կմնա»։ Իսկ նույն գյուղից Կիմա տատն էլ, ով Ալավերդուց 56 տարի առաջ հարս է եկել այստեղ, ավելի շատ մտահոգված է գյուղի բնապահպանական խնդիրներով: «Ծառերը օր օրի կտրում են, անտառները քչանում են: Գյուղը կորցնում ա իր դեմքը: Վերջում հաստատ ավերակ ա դառնալու` համ անհասկացողն ա ասում, համ էլ հասկացողը. ի՞նչ իմանաս»:

Ո՞վ է խնձորի տերը

«Թեղուտ համայնքն ունի 67 հա վարելահող, ընդամենը 67, որի ոչ մի քառակուսի մետրի վրա կոմբայնը չի կարող կանգնի ու շարժվի: Իսկ համայնքի 119 հա արոտավայրում պահում են 119 կով, այսինքն` 760 բնակչի էդքան կովը չի կարող պահել»,- ասում է Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը` անդրադառնալով երեք տարի առաջ սկսված հողերի առքի նախագծին, ըստ որի` նախատեսված է Թեղուտից գնել 47 հա հող, իսկ հարեւան Շնող գյուղից` 180 հա: «2007-ի նոյեմբերից կառավարությունը որոշում է կայացրել գերակա հանրային շահ ճանաչել էդ հողերի նկատմամբ: Իհարկե, կառավարության որոշումն էլ երեւի օրենքից է բխում: Էդ որոշումից հետո սկսեց գործընթացը: Ում հետ էլ չեն եկել փոխհամաձայնության, գնացել են դատարան»,- ասում է գյուղապետը` փորձելով բացատրել գերակա շահի իմաստը. «Մի հատ խնձոր կա, ու մեկը որոշում է, թե ով է տիրանալու էդ խնձորին, կամ ում են տալու: Եթե իմ շահը մի քիչ ավելին ա, գերադասում է տալ ինձ»,- ասում է նա: Բնականաբար, այս պարագայում հասկանալի է, թե ով է խնձորի տերը, թեպետ գյուղապետը խուսափում է հստակ պատասխանից` նշելով թե՛ պետության, թե՛ «Թեղուտ» ՓԲԸ-ի անունները: Սակայն կարեւորը, ըստ նրա, նոր կոմբինատի կառուցումն է, որը շուրջ 1500 մարդու, այդ թվում` նաեւ Թեղուտի բնակիչներին, հնարավորություն կտա աշխատել: «Այս պահին ընթացող շինաշխատանքները կտեւեն մոտ երեք տարի, որից հետո կոմբինատը կշահագործվի, ու մարդիկ կաշխատեն: Հիմա էլ էդ շինաշխատանքներին մասնակցում են 100 թեղուտցի: Ի դեպ, Թեղուտում աշխատուժն էդքան էլ շատ չի` մոտ 400 հոգի»,- ասում է գյուղապետը` նկատելով, որ գյուղացիներին մնում է առաջիկա երեք տարիներին մի կերպ յոլա գնալ: «Հետո տեսնենք` ի՞նչ կլինի: Թե չէ քաղաքից, մեկ էլ տեսնում ես, խումբ-խումբ մարդիկ են գալիս ու խոսում Թեղուտի բնապահպանական խնդիրների մասին, շատերն էլ գրում են էդ մասին առանց Թեղուտում լինելու: Ու էնպես ա ստացվում, որ թեղուտցին ա ուզում իր գյուղի վատը: Լավ, թող լավ բնություն ունենանք, բայց մեզ տանեն հուղարկավորեն: Երեւի է՞ս են ուզում»,- ասում է գյուղապետը:

Թեղուտի շինհրապարակում

Թեղուտի գյուղապետարանի դիմացի սարին արդեն երեւում են հանքերի ուրվագծերը, որոնք տեսք են ստացել «շնորհիվ» կատարված ծառահատումների, չնայած շինհրապարակում վստահեցնում էին, թե առայժմ օրինական անտառներին չեն հասել, թեեւ այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում՝ օրինական կամ ապօրինի անտառ: «Լեւի անտառներն ենք կտրում, բայց էդքան էլ շատ չեն լինելու ծառահատումները: Օրինակ, էս պոչամբարը տեսնո՞ւմ եք` մոտ 25 մետր բարձրություն է ունենալու, այ մինչեւ էդքանն ա լինելու»,- ասում է «Թեղուտ» ՓԲԸ-ի շինարարական վարչության երկրորդ տեղամասի պետ Սերյոժա Տիտանյանը` շեշտելով, որ իրենց գործը շատ դանդաղ է ընթանում: Վերջինս դա պայմանավորում է ՎՏԲ բանկից փոխանցվելիք գումարի հետ, որի առկայության դեպքում իրենք ավելի արդյունավետ կաշխատեն: «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության պետ Ռուբեն Պապոյանն էլ կարծում է, որ 2007-ի նոյեմբերի 3-ից սկիզբ առած շինաշխատանքները առաջիկա 4 տարիներին կավարտվեն: «Շենքի հիմքին դեռ չենք հասել: Առայժմ կատարում ենք ջրահեռացման աշխատանքներ, մոտ 30 մետր ճանապարհ ենք կառուցել: Բայց կարծում ենք՝ 48 ամսից աշխատանքները ավարտին կմոտենան»,- ասում է Ռուբեն Պապոյանը:

Ուր էր թե՝ ուրանի ուրվական լիներ

Այսօր թեղուտցին սարերին նայելիս էլ չի մտածում բնության արարչագործ լինելու մասին, փոխարենը տեսնում է հերկված հողակտորներ ու մետաղյա մեխանիզմներ: Այս տեսարանը գյուղացիներից շատերի մոտ առաջացնում է զայրույթ ու հիշեցնում հիվանդ ներկայի մասին: Նրանցից շատերը լսել են, որ գյուղում ուրանի պաշարներ կան, բայց հաստատ չգիտեն: Փոխարենը` գյուղամեջում հավաքվելով` քննարկում են իրավիճակն ու գնահատում այն: «Էս բաց հանք ա լինելու: Սա մի դեպքում՝ վնաս ա, մյուս դեպքում էլ` օգուտ: Էստեղ 100 տոկոս ուրանի պաշարներ կան, ու եթե դրանք սկսեն օգտագործել, մենք էլ ենք ընկնելու Չեռնոբիլի օրը. 320 կմ շառավղով տարածվում ա էդ ճառագայթումը, դե, շառավիղը գիտես, չէ, պատկերացրու: Էդ դեպքում մեզ պիտի էվակուացնեն»,- ասում են գյուղի մեծերն ու անհանգստանում երիտասարդների համար: Իսկ գյուղապետն ու Ալավերդու քաղաքապետը՝ ի զարմանս գյուղացիների` անգամ երանությամբ խոսում են այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե գյուղում ուրանի պաշարներ լինեին: «Աստված տա, որ ուրան լիներ: Հիմա, որ երկիրը ուրան ունի, նրա պես հարուստ երկիր չկա»,- ասում է Ալավերդու քաղաքապետը` նշելով կատարված հետազոտության արդյունքները, ըստ որոնց` Թեղուտի շրջանում կան պղնձի, մոլիբդենի, ինչպես նաեւ շատ քիչ քանակությամբ փիրուզի պաշարներ: Իհարկե, Թեղուտի գյուղամեջում այս մասին էլ են լսել, անգամ տեսել ու զարմացել, թե իրենց Թեղուտի համար մարդիկ ոնց են գլուխ ջարդում, մինչդեռ իրենք հարմարվում են ու փորձում պատկերացնել Թեղուտը հինգ տարի հետո` միայն թե իրենք էլ կենդանի լինեն այդ ժամանակ: