2009թ. հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ստացվել են 43,6 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, այդ ցուցանիշը 27,6 տոկոսով պակաս է 2008թ. հունվարի համեմատ (60,2 միլիոն դոլար): Միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան նույն ժամանակահատվածում փոխանցվել է 5,9 միլիոն դոլար` 2008 թ.-ի հունվար ամսվա 6,8 միլիոն դոլարի համեմատ (13,1 տոկոսի նվազում): Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումների 78,4 տոկոսը, 2008թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 81,2 եւ 37,2 տոկոս: ԿԲ-ի տվյալներով, այս տարվա հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են 55,6 միլիոն դոլարի ոչ առեւտրային բնույթի միջոցներ` 2008թ. հունվար ամսվա համեմատ կրճատվելով 25 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցվել է 11,1 միլիոն դոլար` կրճատվելով 38,8 տոկոսով: Արդյունքում հունվարին միջոցների զուտ մուտքը կազմել է 44,5 միլիոն դոլար` կրճատվելով 20,5 տոկոսով: