Երեկ գյուղացիական տնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչներ հավաքվել էին Կառավարության շենքի մոտ` պահանջելով ստիպել Արարատի պահածոների գործարանին՝ վճարել անցած տարի իրենց կողմից մթերված մոտ 80 միլիոն դրամի գյուղմթերքների դիմաց կուտակված պարտքը: «Մենք այնքան ենք կոփվել, որ ոչ մի կառավարության աջակցություն չենք ուզում, ընդամենը մեր քրտնած աշխատանքի գումարն ենք ուզում»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է բողոքի մասնակիցներից մեկը:
Անցած տարի Արարատի մարզի տարբեր գյուղերից Արարատի պահածոների գործարանին մոտ 80 միլիոն դրամի գյուղմթերք է հանձնվել: Կնքվել են պայմանագրեր, որ գործարանը պարտավորվում է մինչեւ տարեվերջ վճարել մատակարարված մթերքի դիմաց, սակայն գյուղացիական տնտեսություններին հասանելիք գումարները դեռեւս չեն վճարվել: Կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հավաքվածներին տեղեկացրել է, որ գործարանը խոստացել է մարտի 12-ից սկսել վճարումները: