Ի՞նչ կարող է նշանակել, երբ մի խումբ տղամարդիկ, օրը ցերեկով, ձմռան ցրտին, մայրաքաղաքի կենտրոնում, միայն եւ միմիայն լողազգեստով` իրենց հնարավոր բարեմասնություններն ի տես անցորդների, տերեւի նման դողում են, ինչպես Իլֆի եւ Պետրովի հայտնի հերոսը` «12 աթոռից»: Այս խմբի լուսանկարն, ի դեպ, պատահաբար տեսա մեր խմբագրության լուսանկարների պահոցում: Տղամարդկանց այս խմբին չէր կարելի կասկածել սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունենալու մեջ, քանի որ ընդգծված անտարբեր էին միմյանց հանդեպ: Նրանք ակնհայտորեն եվրոպացի չէին, քանի որ թեթեւ հայացքն իսկ հուշում էր` ազգությամբ հայ են:
Համարյա մերկ այս տղամարդկանց անցորդների անամոթ հայացքների տակ փողոցում միավորել էր գսուրբ Վալենտինը: Ինչպես տգետներիս լուսավորեցին մեր խմբագրության աշխատակիցները` սրբ. Վալենտինի օրը «Բրաբիոն ֆլորա սերվիս» ընկերությունն ակցիա էր կազմակերպել` այն տղամարդիկ, ովքեր խանութ-սրահ կներկայանան իրենց մերկությունը միայն լողազգեստով ծածկած` հնարավորություն կունենան իրենց սիրելիների համար ընտրել անվճար ծաղկեփունջ: Եվ, ահա, հանուն անվճար ծաղկեփնջի կամ հանուն օրիգինալ երեւալու (ինչը ձմռան ցրտին այնքան էլ խելամիտ չէ եւ հղի է լուրջ վտանգներով. դա կհաստատեր նաեւ սեքսապաթոլոգ Գեորգի Կիմիչ Պողոսյանը)՝ այս տղամարդիկ հնարավորություն ունեցան անվճար ծաղկեփնջի տեր դառնալ: Մյուս կողմից, դժվար է ասել, թե ինչպես կընդունեին իրենց ծաղկեփնջերը այն կանայք, ում համար նախատեսված էին ծաղկի այդ փնջերը, քանի որ ոչ ամեն կին կհամաձայներ սիրո այդ խորհրդանիշը ստանալ իր տղամարդու բարեմասնությունների ցուցադրության գնով:
Մյուս կողմից` արժե նկատել, որ լոկ անդրավարտիքով փողոցում հայտնվելը մեծ զոհողություն է հատկապես այն տղամարդկանց համեմատությամբ, ովքեր տոներին նրբանկատորեն ցույց են տալիս, թե որեւէ կերպ չեն հիշում` օրացույցի հատկապես ո՛ր օրն է, եւ ձեւացնում են, թե չեն հասկանում` ինչո՞ւ են իրենց կանայք հատկապե՛ս տխուր այդ օրը:
Այնպես որ, արդեն կոտրված է այն կաղապարը, թե մեր տղամարդկանց ուշադրության առավելագույն դրսեւորումները ծաղիկներն են (գնված սեփական աշխատավարձով), օծանելիքը կամ հաճելի խոսքերը: Սակայն «Բրաբիոն» ընկերության աշխատակիցների երեւակայությունը չէր սահմանափակվել վերոնշյալ ակցիայով: Մարտի 8-ին հայ տղամարդկանց նոր փորձություն էր սպասում: Նրանք, ովքեր ցանկանում էին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրենց սրտի տիրուհիներին նվիրել շքեղ, բայց անվճար ծաղկեփունջ, պետք է ձիով ներկայանային խանութ: Ինչպես տեղեկացրեցին «Բրաբիոն ֆլորա սերվիսի» լրատվական ծառայությունից` անարձագանք չէր մնացել նաեւ այս կոչը: Դժվար է գլխի ընկնել` ինչպես, սակայն ակցիային մասնակցել էր ութ տղամարդ: Մեկն` անգամ կին էր: Յոթ տղամարդ` ձիով, եւ մեկն` ավանակով, շտապել էին «դեպքի վայր» եւ արժանացել ծաղկեփնջի: Հավանաբար տղամարդիկ գյուղերից էին, քանի որ ձիերն ու, առավել եւս` ավանակները, մայրաքաղաքում որպես փոխադրամիջոց առայժմ չեն օգտագործվում:
«Բրաբիոնից» տեղեկացրեցին, որ ապրիլի յոթին, Մայրության եւ գեղեցկության օրը, եւս ակցիա են կազմակերպելու, սակայն չցանկացան ժամանակից շուտ բացահայտել, թե ինչ փորձություն պետք է հաղթահարեն հայ տղամարդիկ այդ օրը:
Ենթադրում ենք, որ այս անգամ անվճար ծաղկեփունջ ստանալու համար տղամարդկանց չեն առաջարկի սրահ ներկայանալ` տղամարդկային արժանիքները թզի տերեւով ծածկած, թեեւ, վստահ ենք, այդ դեպքում էլ ցանկացողները քիչ չեն լինի: Սակայն, թերեւս, պետք չէ այդքան լուրջ ընդունել այս ամենը. մարդիկ գուցե փորձել են ծիծաղել իրենք իրենց վրա կամ այդ ձեւով ազատվել ինչ-ինչ բարդույթներից:
Սակայն հայ կանանց միայն վերոնշյալ ակցիայի մասնակիցները չէ, որ զարմացրեցին Մարտի 8-ին: Հայ կանանց այլ ամպլուայով էր փորձել ներկայանալ նաեւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Իր ձեռքերով աճեցրած ծաղիկները իր իսկ լուսանկարչական ապարատով հավերժացրած ՀՀ գլխավոր դատախազը Նկարիչների միության սրահում լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել: Պարոն Հովսեփյանը, մեղմ ժպիտը շուրթերին, պատմում էր, թե որքան հաճելի է գիտակցել, որ չքնաղ ծաղիկները, որոնց կյանքն այնքան էլ երկար չէ՝ անգամ այն պարագայում, երբ մեծանում են ՀՀ գլխավոր դատախազի խնամքի ու հովանավորության պայմաններում, ունեն անմահանալու, հավերժանալու եզակի հնարավորություն ֆոտոխցիկի շնորհիվ: Ավելորդ է ասել, որ գլխավոր դատախազի արվեստի գործերը տեսնելու համար հավաքվել էր այնքան մարդ, որքան կհավաքվեր, եթե այդ սրահում ցուցադրեին, ասենք, Վան Գոգի «Արեւածաղիկները»: Գովեստի, գնահատանքի խոսքեր, շնորհավորանքներ, լրագրողներ, հարցազրույցներ արվեստի թեմայով: Մինչ շատ այլ նկարիչներ իրենց կտավները Նկարիչների միության սրահում ներկայացնելու միջոցներ չունեն, երբ Նկարիչների միության անդամ դառնալուց առաջ վստահաբար չեն կարող գոնե մեկ օրով զբաղեցնել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, իրեն` Աղվան Հովսեփյանին, Նկարիչների միության նախագահը շնորհեց միության անդամի կարգավիճակ: Թեեւ արժե նշել, որ Մարտի 8-ին շատ կանայք, այդ թվում՝ քննիչների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, դատավորների կոռումպացվածության պատճառով անազատության մեջ հայտնված բազում մարդկանց կանայք ՀՀ գլխավոր դատախազից եթե ինչ-որ բան սպասում էին, ապա ամենեւին՝ ոչ ծաղիկների լուսանկարների ցուցահանդես:
Տոները, հատկապես կանանց նվիրված տոները Հայաստանում իրենց բովանդակությամբ շատ քիչ են տոն, ուրախություն պարունակում: Անգամ այն շնորհավորանքները, որ էկրաններից կանանց են ուղղում երկրի նախագահը, Վեհափառը կամ պետական բարձրաստիճան չինովնիկները, այնքա՜ն արժեզրկված են: Կլոր օր ցուցադրել, թե ինչպես են այս կամ այն կուսակցության ակտիվիստները կանանց մեկական վարդ կամ մեխակ նվիրում, լուրջ չէ, անգամ անաքրոնիկ է: Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ տոներին լիարժեք ուրախանալն անհարմար է: Դժվար է ամուսնուցդ սպասել թանկարժեք նվերներ` գիտենալով, որ, օրինակ, քաղբանտարկյալների կանանց համար լավագույն նվերն իրենց ամուսիններին իրենց կողքին տեսնելն է, շատ այլ կանանց համար` իմանալը, որ իրենց տղամարդիկ ունեն աշխատանք եւ ամենեւին պատրաստ չեն կիսամերկ դուրս գալ փողոց` մի փունջ անվճար ծաղկեփնջի համար: