Առաջիկա ամիսներին

10/03/2009

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել կանոնավորապես շարունակելու հանդիպումները: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա ամիսներին կկազմակերպեն երկու նախագահների մասնակցությամբ հանդիպում, որտեղ կքննարկվեն առանցքային, դեռեւս լուծում չգտած հարցեր` Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շրջանակում»,- տարածաշրջան կատարած այցից հետո նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մարտի 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղել են Բաքվում, Լեռնային Ղարաբաղում եւ Երեւանում, որից հետո կրկին մեկնել են Բաքու: Բաքվում եւ Երեւանում նրանք հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եւ արտգործնախարարների հետ, իսկ Լեռնային Ղարաբաղում, ըստ հայտարարության` «դե ֆակտո՝ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»: Համանախագահները հայտարարությամբ ողջունում են հարցերի անկեղծ եւ բաց քննարկումները երկու երկրների նախագահների հետ իրենց վերջին Ցյուրիխյան հանդիպումից ի վեր, եւ հույս են հայտնում, որ «առաջընթաց կարձանագրվի բանակցություններում` հստակեցնելով եւ նեղացնելով կողմերի միջեւ առկա տարբերությունները, որպեսզի հիմնահարցը խաղաղ լուծում ստանա հնարավորին չափ շուտ ժամանակահատվածում»: Ողջունելով կողմերի միջեւ երկխոսության շարունակությունը` համանախագահները միաժամանակ դատապարտում են 2009 թ.-ի փետրվարի 26-ին հրադադարի ռեժիմի խախտումը շփման գծում, որն արձանագրվել է ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի ժամանակ: Հայտարարության մեջ համանախագահները ցավ են հայտնում, որ 2008թ.-ին շուրջ 30 մարդ է սպանվել եւ ավելի քան 50-ը վիրավորվել, եւս 6-ը սպանվել են այս տարվա սկզբից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Համանախագահները կոչ են անում կողմերին՝ վերանայել հրադադարի ամրապնդման վերաբերյալ իրենց առաջարկը, որն արվել էր 2008 թ.-ի դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ: