Քաղաքապետարանը պրոբլեմ չունի

03/07/2005

Վրացյան 71 եւ 71ա բնակելի շենքերն ընդամենը երեք տարի առաջ են
շահագործման հանձնվել: Բնակիչներն արդեն խոր երանությամբ են հիշում
շենքերում բնակության իրենց առաջին տարին. «Այնքան սիրուն կանաչապատ բակ
ունեինք, ուր երեխաները խաղում էին, մեքենաների համար առանձին կանգառ էր
սարքված, ամեն ինչ շատ կոկիկ էր ու խնամված, կողքի շենքերի բնակիչները
նույնիսկ մեզ նախանձում էին»:
Սակայն արդեն երկու տարի է կողքի շենքերի բնակիչներն էլ նրանց չեն
նախանձում, որովհետեւ նրանց նախանձի առարկա կոկիկ տարածքն այժմ վերածվել է
փնթի շինհրապարակի: Բնակիչների հավաստմամբ՝ «օրական ինչ-որ մեկն ինչ-որ
փաստաթղթեր առած գալիս ու սկսում է ինչ-որ բան կառուցել, չեն էլ
համբերում՝ մինչեւ պարզենք` օրինակա՞ն են իրենց փաստաթղթերը, թե՞ ոչ»:
Շենքերն այժմ օղակված են զանազան կիսակառույցներով, եւ ընդամենը մի
ճանապարհ է մնացել փողոցը բակին կապող: Երկու օր առաջ բնակիչներն
անակնկալի են եկել՝ տեսնելով, որ ինչ-որ մարդիկ արդեն այդ ճանապարհն էլ են
քանդում: «Էս ճանապարհը մեզ համար, կարելի է ասել, ստրատեգիական
նշանակություն ունի,- բնակիչների անունից ասում էր Գեա Մադաթյանը,- հիմա
սա էլ են ուզում քանդեն, տեղը ինչ-որ բուդկա սարքեն: Աստված չանի, եթե էս
երկու շենքերից մեկում մի օր հանկարծ հրդեհ բռնկվի, հրշեջ մեքենան
շենքերին մոտենալու տարբերակ չունի»: Հերթական շինարարության հեղինակներն,
այդ ճանապարհից բացի, պատրաստվում են գրավել նաեւ ավտոկանգառը: «Էս
շենքերի բնակիչներն ի՞նչ պետք է անեն, ո՞ւր պետք է կանգնեցնեն իրենց
մեքենաները, երեւի ստիպված վաճառեն, որպեսզի ինչ-որ մեկը հանգիստ իր համար
առեւտրի սրահ սարքի, դա քաղաքապետի համար պրոբլեմ չի՞ արդյոք»,- հարցնում
են բնակիչները: Իսկ քաղաքապետի համար դա հավանաբար պրոբլեմ չի, որովհետեւ
ապագա առեւտրի սրահի տերը երեկ բնակիչներին էր ներկայացել՝ զինված
շինարարության օրինականությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթերով. եւ
քաղաքապետի որոշումը կար, եւ ապագա կառույցի նախագիծը կար՝ քաղաքապետարանի
Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ստորագրությամբ, եւ
կենտրոնի թաղապետ Գ. Բեգլարյանի թույլտվությունը:
Ապագա կառույցի փաստաթղթերը ձեւակերպված են Մարիա Նավասարդյանի անունով:
Շենքերի բնակիչները նրան չեն ճանաչում: Երեկ բնակիչների հետ վեճի բռնված
Մարիա Նավասարդյանի հայրը՝ Արտաշես Նավասարդյանը, ներկայացավ որպես
հասարակ ինժեներ-էլեկտրիկ, ով ապրում է այդ նույն թաղամասում եւ ընդամենն
ուզում է օրինական ճանապարհով առեւտրի սրահ կառուցել:

Ն.Ա.