69-ամյա Նունուֆար տատը երեխայի նման լաց լինելով ինձ ասում է` «Բալե՛ս, ապրել եմ ուզում: Մահ կամ ազատություն: Մի բան արա, թող կամ մեռնեմ, կամ էլ անցավ ապրեմ: Էլ չեմ դիմանում էս ցավերին: Թող ինձ տանեն գյուղ, սպանեն, երեխեքիս նեղություն չտամ, թե չէ…»: Նունուֆար տատը երեխաների, թոռների մոտ իրեն մեղավոր է զգում, որովհետեւ առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու կարծում է` երեխաների համար «բեռ» է դարձել: Ի ծնե երեւանյան հիվանդությամբ տառապող Նունուֆար տատը հերթով գերեզման է ճանապարհում նույն հիվանդությամբ տառապող քույրերին ու եղբորը: Արաբկիր համայնքում գտնվող Ն. Տիգրանյան 6-րդ շենքի իր բնակարանի մենությունը մղձավանջ է դառնում, երբ ծեր կինն իր ապագան նույնացնում է մահացած եղբոր «վերջաբանի» հետ: Ասում է` «Բալե՛ս, սա ժառանգական հիվանդություն ա. ախպերս որ մահացավ` ամբողջ մարմինը սեւացել, քրքրվել էր: Մի սոսկալի տեսարան էր: Ամբողջ օրը մենակ եմ, ու էդ մտքերն ինձ սպանում, տանում են մահվան դուռը»: Ծեր կինը թախիծով նայում է պատուհանից երեւացող քաղաքի տեսարանին ու ներքուստ կռվում է մահվան հետ: Ուզում է ապրել… Երեք երեխաների մայր Նունուֆար տատի «ժառանգներից» ամեն մեկի ճակատագիրն էլ խեղվել է վերջին տարիների «նեղության» պատճառով: Ասում է` «Մեծ տղես` Սարգիսս, գիտե՞ս ինչ տղա էր: Էս վերջին տարիների նեղությանը չդիմացավ` իրան տվեց խմելուն: Ալկաշի մեկն ա դառել, իրա ընտանիքին էլ չի պահում. ես ո՞նց ասեմ` երեխեքիդ թո՛ղ, ինձ տիրություն արա»: Երկրորդ տղան` Իլյիչը, վերջին տարիների ծանր պայմաններին չդիմանալով՝ հոգեկան խանգարում է ստացել, 2-րդ կարգի հաշմանդամ է: Մորն այցելության եկած Իլյիչն ասում է` «Կին, երեխեք ունեմ, բայց չեմ կարում պահեմ: Առավոտից-իրիկուն շուկայում կաշկա եմ քշում, բեռ եմ տեղափոխում, որ մի 500-700 դրամ աշխատեմ: Էնքան ծանրություն կրեցի, որ գռիժես կախվել ա: Էդ գործն էլ հիմա կյանքի գնով եմ անում»: Նունուֆար տատի աղջիկն էլ դժբախտացել է` ամուսնու՝ վերջին տարիների ծանր պայմաններին չդիմանալու պատճառով: Ամուսինը լքել է: Լքել է նաեւ առաջնեկ թոռնիկ աղջկա ամուսինը: Ու էդպես, Նունուֆար տատի երեք «ժառանգների» վերջին տարիների նեղությանը չդիմանալու «անբախտությունից» ամենաշատը տուժել է հենց ինքը` Նունուֆար տատը: 33 տարի Կույրերի կոմբինատում աշխատած Նունուֆար տատն ըստ պահանջի երեք երեխա է մեծացրել, կույր ամուսին է պահել, բայց այսօր նոպաների ժամանակ անգամ չի համարձակվում լսափողը վերցնել եւ երեխաներից մեկին օգնության կանչել: Ասում է` «Որ նոպաներս սկսվում են… գնում եմ մահվան դուռը` գալիս եմ: Գիտեմ, որ մի օր հետ չեն բերի»: Իրականում Նունուֆար տատի` ի ծնե երեւանյան հիվանդությունը հաղթահարվում է հանգստացնող դեղորայքով, սակայն այդ հիվանդության հետեւանքով ներկայումս ծեր կինը ստամոքսային եւ աղիքային ծանր խնդիրների առաջ է կանգնել: Ասում է` «Իմ հիվանդությամբ ես արդեն 69 տարի ապրում եմ, բայց հիմա հաստ աղիքի վիրահատություն ա պետք, որովհետեւ կերածս չեմ մարսում, աղիքս վնասված ա, լեղապարկս չի գործում, թույնը լցվում ա մեջս: Շատ վատ եմ ինձ զգում, ոնց որ գնամ մահվան դուռը, վախենում եմ հաց ուտեմ»: 8-րդ հիվանդանոցում հետազոտված ծեր կնոջը հորդորել են «համմեռով» ստուգվել, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց` անհապաղ վիրահատության: Մինչդեռ անհապաղ վիրահատությունը չի կատարվել միայն այն պատճառով, որ 25.000 դրամ կենսաթոշակով ապրող ծեր կինը չի կարող իրեն թույլ տալ 40.000-60.000 դրամ վճարելով՝ «համմեռով» հետազոտվել: 3-րդ կարգի հաշմանդամության համար թոշակ Նունուֆար տատը չի ստանում, բայց ինքն էլ չի հասկանում, թե ինչու չի ստանում: Ասում է` «Հիվանդանոցում ասեցին, որ՝ պիտի հաստ աղիքդ անհապաղ վիրահատվի, բայց պիտի նկարեն, որ ռենտգենի թուղթը ստուգեն՝ նոր: Պրոֆեսորը հրաժարվեց, ասեց` մինչեւ ռենտգեն թուղթ չլնի` ռիսկի չեմ դիմի: Հիմա ինչ ուտում եմ` խցանվում ա, ստամոքսս էլ ա վնասված: Տանջվում եմ, բալես, շատ եմ տանջվում: Եթե ապերացիան անեին` կյանքս կերկարեր, բայց իմ կյանքն ո՞ւմ ա պետք»: Նունուֆար տատը սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել, կարծես մարդկությունից մերժված ու անպիտան լինի: Հարցնում եմ` «Բայց դիմե՞լ եք Առողջապահության նախարարություն: Միայնակ, հաշմանդամ թոշակառու եք, կընդառաջեն, անվճար կհետազոտեն»: Պատասխանում է` «Չէ՛, բալես, ամաչել եմ: Էսքան ժամանակ ոչ մեկին ոչ մի հարցով չեմ դիմել. մտածել եմ՝ ամոթ ա, կասեն` երեխեք ունի, երեխեքը տիրություն չեն անում, սրան-նրան ա խնդրում, բայց էլ ճար չունեմ, բալես: Ապրել եմ ուզում… Կամ մահ, կամ ազատություն, բալա ջան: Էլ անալգին, բարալգինն էլ չեն օգնում»: Հետո Նունուֆար տատը շատ երկար նկարագրում է, թե մարմնի որ շրջանում ինչ ցավեր է ունենում: Նկարագրում է, թե ինչպես է վախենում, երբ միայնակ ու անպաշտպան վիճակում պատկերացնում է, թե` արդեն…
«Ախր այ տատի ջան, ինչո՞ւ չեք դիմում նախարարություն, ձեզ կընդառաջեն»,- կրկին հարցնում եմ Նունուֆար տատին, ով սկսում է մեղայական գալ. «Որովհետեւ դեբիլ եմ եղել, ամաչել եմ: Մտածել եմ` ես աշխատող կին եմ եղել, էլի, գիշեր-ցերեկ աշխատել եմ, բա հիմա ամոթ չի՞, որ վիզ ծռեմ մարդկանց: Նեղվում եմ, բալե՛ս, նստում, ինձ ու ինձ լացում եմ, որ ուրիշներին նեղություն եմ տալիս: Պրիստուպներս որ բռնում են` տավարի նման գոռում եմ: Բալե՛ս, բայց ախր ապրել եմ ուզում»: