Մայիսին Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթում Ռուսաստանը «Մամա» երգով կներկայացնի ուկրաինուհի 21-ամյա Անաստասիա Պրիխոդկոն: Վերջինս բնակվում է Կիեւում, իսկ ՌԴ-ում ճանաչում ձեռք է բերել՝ մասնակցելով «Աստղերի ֆաբրիկա-7» նախագծին: «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնելու համար մրցույթի եզրափակիչ փուլում Պրիխոդկոյի օգտին է քվեարկել հանդիսականների 25 տոկոսը: Նախապատվությունը Պրիխոդկոյին են տվել նաեւ ժյուրիի 11 անդամներից 6-ը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Վալերիան, ով համարվում էր հաղթողի կոչման հիմնական հավակնորդը: Նրա օգտին քվեարկել է հանդիսականների միայն 14 տոկոսը: Ընտրական մրցույթից հետո Վալերիայի ամուսինը` պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են: «Մրցույթի ընթացքում կազմակերպիչներից մի քանիսը չհեղինակազրկվելու համար կնոջս խորհուրդ են տվել հրաժարվել պայքարից եւ հանել թեկնածությունը: Բացի այս, դեռեւս քվեարկության ժամանակ Պրիխոդկոյին առանձին սենյակում արդեն որպես հաղթող՝ նախապատրաստում էին բեմ դուրս գալ»,- ասել է Պրիգոժինը: Ի դեպ, Անաստասիա Պրիխոդկոն նախապես հայտ է ներկայացրել Ուկրաինայում «Եվրատեսիլի» նախընտրական փուլին մասնակցելու, սակայն անհայտ պատճառներով որակազրկվել է: Իսկ Ուկրաինան «Եվրատեսիլ 2009»-ում այս տարի կներկայացնի ռուսական «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհի Սվետլանա Լոբոդան: Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնելու են Անուշ եւ Ինգա Արշակյանները: