Ֆոնոգրամայի տակ երգել չի կարելի: Այդ արգելքն արդեն ամրագրված է օրենքում: Առաջին հայացքից այդ որոշումը հիանալի է, քանի որ մենք բոլորս մինչեւ կոկորդը հագեցած ենք անորակ երգիչների «չերգելուց» ու նրանց բեմական ճիգերից: Սակայն այդ օրենքը միայն առաջին հայացքից է արդյունավետ, ընդհանրապես` այն մշուշոտ ու անմշակ է:
Իրավիճակն այսպիսին է. «պլյուս» երգող երգիչներն ու երգչուհիները զավթել են բեմերը, ինչի արդյունքում լավ վոկալիստները հնարավորություն չեն ունենում մրցել նրանց հետ, իսկ այդ ամենի արդյունքում էլ դեգրադացվում է հանդիսատեսը, եւ նրա երաժշտական ճաշակը անկում է ապրում: Եվ «պլյուսային» ֆոնոգրաման արգելելը փրկելու է իրավիճակը, քանի որ հստակ ցուցադրելու է` ով կարող է երգել, իսկ ով` ոչ:
Իրականում ձայնային ֆոնոգրամայի արգելքը շատ գրավիչ, զվարճալի ու վիճելի որոշում է, որը թեեւ պետք է «մաքրի» բեմերը խոտանից ու երգիչների ունակությունները ցուցադրի, սակայն ինչպե՞ս դա պետք է անի, պարզ չէ: Ամեն ինչ թողնված է երգիչների ու հնչյունային ռեժիսորների բարձր գիտակցությանն ու բարեխղճությանը: Ակնհայտ է, որ այդ որոշումը թաքնված հմայք ունի, քանի որ մի կողմից՝ թույլ է տալիս մեր «աստղերին» ասել, որ իրենք միշտ էլ պատրաստ են «կենդանի» երգել ու չեն վախենում նման որոշումից, իսկ մյուս կողմից` պետությունը ցուցադրում է, որ մտահոգված է իր քաղաքացիների հոգեբանական ու տնտեսական խնդիրներով:
Մշակույթի նախարարությունը` արգելելով պետական հսկողության տակ գտնվող դահլիճներում «ոչ կենդանի» երգելը, հայտարարեց, որ պաշտպանում է ունկնդրի շահերը: Չէ՞ որ հանդիսատեսը գումար է տալիս, համերգասրահ է գնում ու, չստանալով այն որակի մշակութային ծառայություն, որն ակնկալում էր, իրեն խաբված է զգում: Ձայնագրություն լսելու համար պետք է ավելի քիչ գումար վճարել, ըստ օրենք մշակողների` դա պետք է յուրատեսակ տնտեսական խթան հանդիսանա երգիչների համար, որոնք կշտապեն հրաժարվել ֆոնոգրամայից, նաեւ` հանդիսատեսի համար, որը չի վախենա տոմսերի համար վճարված գումարը ետ պահանջել, եթե համերգը «կենդանի» չէր:
Ոչ ոք չի ասում, որ ֆոնոգրաման վատ է, ասվում է միայն, որ անթույլատրելի է «ոչ կենդանի» երգել, եթե ազդակներում կամ համերգից առաջ (հենց բեմից) նախապես հայտարարված չէ ձայնային ֆոնոգրամա օգտագործելու մասին: Այսինքն` այդ որոշումը զուտ տեղեկատվական բնույթ է կրում` կարող ես առանց ձայնալարերի լարումի «երգել», ընդամենը բացուխուփ անելով բերանդ, պարզապես ելույթից առաջ այդ մասին ազնվորեն հայտարարիր: Կոմպոզիտոր, Հայաստանի ջազ-բենդի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը այդ կետը համեմատում է «Հորս արեւ» արտահայտության հետ: «Կար ժամանակներ, երբ բենզակայաններում գրվում էր՝ «Մաքուր բենզին», կարծես լինում է «կեղտոտ» բենզին»,- ասաց նա: Իսկ երգչուհի Զարուհի Բաբայանը նման քայլը ծիծաղելի է համարում. «Պաստառների վրա նշել համերգի ձայնագրված լինելն՝ ուղղակի ծիծաղելի է: Իսկ համերգից առաջ այդ մասին հայտարարելը ծիծաղի շարունակությունն է: Ես կարող եմ հայտարարել, որ համերգը «կենդանի» է, բայց ֆոնոգրամայի տակ երգել ու խաբել հանդիսատեսին: Հանդիսատեսին ընդհանրապես շատ հեշտ է խաբել»:
Եթե նույնացնենք այդ որոշումը ծանրորդների ելույթների հետ, ապա մարզիկը բեմ դուրս գալով` պետք է հայտարարի, որ ծանրաձողն իրեն օգնում են բարձրացնել օժանդակ սարքերը:
Սակայն, եթե ծանրաձողի պարագայում հանդիսատեսն ամեն ինչ հստակ տեսնում է, ապա երգի դեպքում դժվար է հասկանալ` կենդանի՞ է այն, թե՞ ոչ: Շարքային հանդիսատեսն այնքան է սովորել ֆոնոգրամային վոկալին, որ այլեւս չի կարող տարբերել «կենդանի» կատարումը ձայնագրությունից: Եթե, իհարկե, երգիչը իրապես լավն է ու «ֆալշ» չի երգում, ապա ինչպե՞ս հասկանալ` նա խախտո՞ւմ է օրենքը, թե՞ ոչ: Ա.Մարտիրոսյանը նկատում է, որ հանդիսատեսի ընդամենը 5-7%-ն է տարբերում ֆոնոգրաման «կենդանի» երգից: Իսկ եթե երգիչը 10 երգից 2-ն է ֆոնոգրամայի տակ երգում, արդյոք դա նույն խախտո՞ւմն է, ինչ ողջ համերգը «պլյուսով» երգելը: Կամ էլ` ո՞վ է պատասխան տալու ֆոնոգրամա օգտագործելու դեպքում, եւ որքա՞ն են լինելու տուգանքների չափերը մեկ «պլյուսային» երգի հաշվարկով: Այդ հարցերն անպատասխան են, քանի որ օրենքն այսբերգի գագաթից է սկսվել, ու չեն մշակվել դրա կիրառման մեխանիզմները: Մշակույթի նախարարությունը ոչինչ չի ասում տուգանային սանկցիաների, տուգանվողների ու տուգանքների չափերի մասին:
Ա.Մարտիրոսյանն ասում է, որ Մշակույթի նախարարին ինքն առաջարկել է տուգանել հնչյունային ռեժիսորներին: «Օրենքի կտրուկ կիրառման դեպքում շրջանցումներ ու չարաշահումներ կլինեն: Ամեն ինչի համար պետք է պատասխան տա հնչյունային ռեժիսորը, եւ հենց նա պետք է նյութական պատասխանատվություն կրի: Դա միակ դեղատոմսն է»,- ասաց նա: Իսկ Զ.Բաբայանը նկատեց, որ սկզբում պետք է հնչյունային ռեժիսորներին լիցենզիա տրամադրել ու խախտումների դեպքում` զրկել նրանց աշխատելու իրավունքից: «Ճիշտ կլիներ, որ օրենքը հենց այդ կետից սկսվեր, իսկ ֆոնոգրամայի արգելքը օրենքի փաթեթի միայն վերջին կետը դառնար»,- ասաց նա:
Իսկ ինչպե՞ս է այժմ վերահսկվելու ֆոնոգրամայի օգտագործումը:
Երեւի ստեղծվելու են հատուկ հանձնաժողովներ, որոնց անդամները գնալու են համերգների, նստելու են ձայնային պուլտերի առջեւ ու գրառումներ են անելու խախտումների մասին: Եվ հետո հնչյունային ռեժիսորներին տուգանքների ցուցակ են ներկայացնելու: Այդ դեպքում ստուգողների աշխատանքը կնմանվի սանէպիդկայանների աշխատակիցների կամ հրշեջների աշխատաոճին: Հնարավոր է, որ նրանք գան, խախտում արձանագրեն կամ էլ ասեն, որ ամեն ինչ լավ է: Հնարավոր են կաշառքներն ու բացեիբաց խախտումները (խախտել եմ օրենքը, վճարել եմ տուգանքը` ասենք, 10.000 դրամը, ու շարունակում եմ խախտել ու տուգանք վճարել): Զ.Բաբայանը նշում է, որ երգիչն ու հնչյունային ռեժիսորները կարող են պայմանավորվել ու չարձանագրել «պլյուսի» առկայությունը, եւ ոչ ոք չի կարողանա հսկել այդ «գործարքը»: Նույնիսկ հանդիսատեսը, որին (գիտենք բոլորս) խաբելը դյուրին է:
Հասկանալի է, որ «պլյուսային» ֆոնոգրաման արգելելու օրենքը սոսկ էմոցիոնալ ներգործություն ունի, գործնականորեն այն չի գործում: Երկու օր առաջ` մարտի 8-ին, Ֆիլհարմոնիայի դահլիճում «հավաքովի» համերգ էր կազմակերպվել, որի բոլոր մասնակիցները «պյուս» էին երգում եւ նախապես այդ մասին չէին հայտարարել: Նկատենք, որ ոչ ոք չի տուգանվել: Եվ հույս անգամ չկա, որ նման նախադեպեր չեն լինելու: Մինչդեռ մենք արդեն փայլուն ու արդիական օրենք ունենք, եւ այդ օրենքը փայլուն կերպով չի կիրառվում: Առաջին օրվանից իսկ այդ օրենքը գրանցվում է այն հերթական գեղեցիկ օրենքների շարքում, որոնք համ կան, համ էլ չկան: Նույն պատկերն է ձայներիզների ձայնագրման ու վաճառքի, հեղինակային իրավունքների հսկողության հետ, որոնք ամրագրված ու պաշտպանված են օրենքով, բայց չեն գործում: CD-ների մեծ մասը «պիռատական» արտադրանք է, իսկ հեղինակային իրավունքները խախտվում են ամեն քայլափոխի (հերիք է մեկ հայացք նետել մեր հեռուստատեսությանը):
Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Տարիներ շարունակ հանդիսատեսին ակնհայտ սուտ է մատուցվել, հատուկ էֆեկտներով ու տեխնիկական հնարքներով բեմում իլյուզիա էր ստեղծվում, որ երգիչը երգում է: Բազմաթիվ երաժշտական հնարքներ ու որակյալ տեխնիկա կա, որոնք երգչի ձայնը անթերի են դարձնում: Սկզբում այդ տեխնիկան օգտագործվում էր միայն ձայնասկավառակների ձայնագրության համար, իսկ հետո այդ պրակտիկան բեմեր տեղափոխվեց: Եվ ցանկացած միջակություն հնարավորություն ստացավ բեմ դուրս գալ, մտածելով` իսկ ինչո՞վ եմ ուրիշներից պակաս»: Նա վստահ է նաեւ, որ Հայաստանում այժմ կարելի է բարձրակարգ հնչողություն ունեցող համերգներ կազմակերպել, մնում է միայն՝ երգիչը երգել կարողանա: «Ես էլ եմ այդ խոհանոցից ու հաճախ եմ նույն թակարդում հայտնվել, երբ աշխատում էի երգիչների հետ ու տեսնում էի, որ նրանք ընդհանրապես երգել չգիտեն, ու նրանց անգամ չի կարելի մոտ թողնել երաժշտությանը»: Նա հիշեցրեց, որ «կենդանի» կատարման հմայքը ոչ մի տեխնիկա փոխանցել չի կարող, քանի որ տեխնիկան «ֆալշ» չի երգում ու «շնչակտուր չի լինում», իսկ արվեստը կարող է միայն մարդու, այլ ոչ թե՝ կոմպյուտերի աշխատանք լինել: Զ.Բաբայանը նկատեց, որ Երգի թատրոնի դպրոցն անցած յուրաքանչյուր երգիչ գիտե, որ երգը միայն «կենդանի» է լինում, քանի որ այդ թատրոնում ֆոնոգրաման ի սկզբանե արգելված էր:
Իհարկե, հենց «շնչակտուր» ու «կենդանի» երգն է գեղեցիկ, քանի որ այն հենց այս պահին ու մեր աչքի առջեւ է ծնվում: Եվ Ա.Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ ֆոնոգրամա արգելող օրենքը կօգնի կարգավորել երգարվեստը: Նա այդ օրենքը «PR» կամպանիա անվանեց: Ըստ նրա` այն հանդիսատեսին ազատություն կպարգեւի, պարզապես հանդիսատեսն ինքը պիտի պայքարի օրենքի համար` բոյկոտելով «անկենդան» համերգները: Ստացվում է, որ օրենքի գործածումը հենց հանրության ձեռքում է: Ինչպես ասում են` խեղդվողի փրկությունը հենց իր` խեղդվողի գործն է: Փրկարարները դեռ փրկության պլաններ են մշակում ու հորդորում են խեղդվողներին` լավ լողալ սովորել: Իսկ «ձայնազուրկ» համերգները շարունակվում են, եւ հերթական լավատեսական օրենքն են խախտում: