Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը կրել է իր առաջին պարտությունը: Հայ շախմատիստը Չեռնոգորիայում ընթացող առաջնությունում սեւերով պարտվել է Հրիստոս Բանիկասին, որը իր վարկանիշով զգալիորեն զիջում էր Հակոբյանին: Մինչ այս Վլադիմիր Հակոբյանը 2 հաղթանակ էր տոնել, սակայն այս պարտությունից հետո նահանջել է 45-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 9 շախմատիստ, որոնք վաստակել են 3-ական միավոր: Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ ցածր դիրքերում են: Ինչպես եւ Վլադիմիր Հակոբյանը, 2-ական միավոր են վաստակել նաեւ Սերգեյ Գրիգորյանցը, Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Արթուր Չիբուխչյանն ունի 1 միավոր: Իսկ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստուհի: Մեկնարկը հաջող է եղել: Հաղթանակներ են տոնել Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը: Սիրանուշ Անդրեասյանը ոչ-ոքի է խաղացել մրցաշարի ուժեղագույն մասնակիցներից մեկի` Աննա Մուժչուկի հետ: Ոչ-ոքիով է ավարտել իր պարտիան նաեւ Աննա Հայրապետյանը: Իսկ Ստամբուլում մեկնարկել է նաեւ ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրի մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին առաջին 2 տուրերում վաստակել է 1 միավոր: