Նաեւ ֆիզիկական վտանգի սպառնալիք

10/03/2009

Հայտնի է, որ մեր ընտանիքն իրեն պատկանող «ՍԻԼ-Կոնցեռն» Տնտեսական միավորումով եւ նրա հիմնադիր անդամ ձեռնարկություններով հանդերձ՝ Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է: Մենք ժողովրդավարության ջատագովն ենք դեռեւս անկախության առաջին իսկ օրերից եւ մշտապես ողջունել ենք կառավարության բոլոր այն քայլերը, որոնք միտված են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

2007թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին հաջորդող ամեն օր եւ ամեն ժամ մեզ՝ Սուքիասյանների ընտանիքի անդամների համար մեր Հայրենիքում անազատ եւ ահաբեկված ապրելու մղձավանջի են վերածվել: Պատճառը կայանում էր նրանում, որ «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հրապարակավ հայտարարեց, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է ոչ թե գործող իշխանությունների թեկնածուին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

Այդ օրվանից սկսած պետական մեքենան իր ամբողջ կարողություններով եւ ապօրինի գործողություններով սկսել է աշխատել մեր ընտանիքի դեմ: Հարձակումների թիրախ դարձան ընտանիքին պատկանող ձեռնարկությունները եւ նրանց հետ համագործակցող տարբեր ընկերություններն ու անձինք: «Բջնի» ընկերությունում եւ «Սիլ Կոնցեռնի» հետ համագործակցող «Պիցցա Դի Ռոմա» ընկերությունում Հարկային ծառայությունը սկսեց ստուգումների իրականացման մի այնպիսի հարձակողական օպերացիա, որ իր կազմակերպվածության եւ կատարողական բարձր վարպետությամբ թերեւս հավասարազոր է թշնամու դեմ ռազմական օպերացիային:

Դիմակավորված, զինված անձանց խմբերը միաժամանակ հարձակվեցին վերը թվարկված կազմակերպությունների վրա: Այդ հարձակումներն ուղեկցվում էին ձերբակալություններով, ընկերություններին պատկանող գույքի առգրավմամբ: Կարծես այդ ամենը կատարվում էր թշնամիների հանդեպ, որոնց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցասումը դեռեւս երկար տարիների պատմություն ուներ:

Այս գործողություններով հայրենի իշխանություններն այլ քաղաքական հայացքներ ունեցող եւ քաղաքական այլ ճամբարներում գտնվող յուրաքանչյուր մարդու ուղղակիորեն եւ լկտիաբար ցանկացան ցույց տալ իրենց բիրտ ուժը: Հարցերի լուծման ուժային մեթոդի կիրառման այս ազդանշանը վկայում էր այն մասին, որ նրանք, ովքեր իրենց հետ չեն, իրենց թշնամիներն են: Թերեւս թշնամական գործողությունների կիրառման կիզակետը հանդիսացավ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության հետ կատարված հաշվեհարդարը: Գործարանի հետ տեղի ունեցած իրադարձություններն իրենց յուրահատկությամբ գրավեցին նաեւ միջազգային բազմաթիվ կառույցների եւ ներքաղաքական ուժերի ուշադրությունը:

Ընկերության նկատմամբ հարկային ծառայողների հարձակման արդյունքը եղավ այն, որ կազմվեց ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամի (13 միլիոն ԱՄՆ դոլար) չափով բնօգտագործման վճարի գծով ակտ: Հարկային ծառայության աշխատողները հարձակողական օպերացիայի շարունակականության տրամաբանության մեջ ընկերությանն առաջարկեցին այդ գումարը վճարել տասնօրյա ժամկետում:

Ակտը կազմելու հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ իբր ընկերությունը հանքավայրի վրա 2005թ. պետական մարմինների կողմից դրված հաշվիչը սխալ վայրում էր տեղադրել, եւ այդ իսկ պատճառով հարկային ծառայողները հաշվարկել էին գետնի տակից դուրս եկած հանքային ջրի արագությունը (լիտր/վայրկյան) եւ այդ հաշվարկը տարածել էին ամբողջ ժամանակաշրջանի վրա: Այս իրադարձությունների աբսուրդը կայանում է նրանում, որ` ա) հաշվիչը 2005թ. գարնանը տեղադրել եւ կապարակնքել էր ՀՀ Բնապահպանության նախարարության տեսուչը, բ) 2005թ. աշնանը նույն պահպանության նախարարությունը ստուգում էր անցկացրել ընկերությունում եւ արձանագրել, որ խախտում առկա չէ, գ) 2005թ. աշնանը Հարկային ծառայությունը ստուգում էր անցկացրել ընկերությունում եւ արձանագրել, որ բնօգտագործման վճարի մասով որեւէ խախտում առկա չէ, դ) 2006թ. գարնանը ՀՀ Բնապահպանության նախարարությունը կրկին ստուգում էր անցկացրել եւ արձանագրել, որ որեւէ խախտում առկա չէ, ե) հանքավայրից ջուրը մշտապես հոսում է եւ լցվում է գետը, եւ ընկերությունը վճարում է այն ջրի համար, որը խողովակով վերցնում է, զ) դատարանում ՀՀ Բնապահպանության նախարարության տեսուչը ցուցմունք է տվել՝ ասելով, որ հաշվիչը 2005թ. ինքն է տեղադրել, եւ որ 2008թ. ստուգման ժամանակ հաշվիչը նույն տեղում է եղել: Ակտը ընկերության կողմից բողոքարկվեց, սակայն այս դեպքում էլ փաստորեն Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը իր վճռում ասեց իր «ծանրակշիռ» խոսքը` մերժելով ապօրինի ակտի դեմ բերված հայցը: Իհարկե, հակառակ սրան, Հարկային ծառայության հայցը` ակտի գումարը բռնագանձելու մասին` բավարարվեց եւ ապօրինությունները թեւակոխեցին մի նոր փուլ: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ իշխանության մահակի հարվածից բաժին հասավ նաեւ գործարանի աշխատողներին եւս: Գործարանի աշխատողների կողմից բողոքի ձայն բարձրացնելու համար խաղաղ երթ եւ հանրահավաք անցկացնելու բազմաթիվ դիմումները մերժվեցին Երեւանի քաղաքապետի կողմից: Բազում անգամներ ներկայացված դիմումները մեկը մյուսի հետեւից արժանացան նույն բախտին: Այս անգամ կարծես Երեւանի քաղաքապետի մոտ էր մեծ ցանկություն առաջացել երկրի բարձրաստիճան ղեկավարներին հաճոյանալու եւ Սուքիասյանների ընտանիքին վարկաբեկելու գործում իր ավանդը ունենալու հարցում: Երեւանի քաղաքապետի հանրահավաքները եւ երթերն արգելելու որոշումների դատական բողոքարկումն արժանացավ նույն բախտին: Այս երկիրը դարձրել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, եւ մարդու իրավունքները ոտնահարում են անմարդկային ձեւով:

Սուքիասյաններին վարկաբեկելով զբաղվում են մի քանի հեռուստաընկերություններ (այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությունը) եւ մի շարք իշխանամետ թերթեր: Այս պայմաններում Սուքիասյանների ընտանիքի անվտանգությունն ապահովված չէ Հայաստանի Հանրապետությունում: Այդ պատճառով է, որ Սուքիասյան չորս եղբայրներից երեքը գտնվում են ընդհատակում` երկրի սահմաններից դուրս:

Մենք նաեւ համոզված ենք, որ մեր ընտանիքի անդամներին սպառնում է նաեւ ֆիզիկական վտանգ, մենք գիտակցում ենք, որ մեր դեմ հյուսվում են նոր սադրանքներ, քանի որ իշխանական խումբը ոչնչի առջեւ չի կանգնի քաղաքական հաշվեհարդարը մինչեւ վերջ հասցնելու համար: Դատեք ինքներդ՝ կազմակերպում են աճուրդի դրված գույքի գաղտնի գնահատման աշխատանքներ, հարկադիր կատարման գործընթացում պարտապան ընկերություն են ուղարկում սեւ, առանց տարբերանշանի, դիմակավորված անձանց, ձերբակալում եւ ամիսներով անազատության մեջ են պահում աշխատակիցներին, մաքսային տեռոր են իրականացնում մեզ պատկանող մի շարք ընկերությունների նկատմամբ եւ այլն: Աճուրդով, ապօրինի եւ օրենքների կոպիտ խախտումով «Բջնի» հանքային ջրերի գործարանը վաճառեցին իրենց ստորաքարշին 13 մլն ԱՄՆ դոլարով, եւ սա՝ այն դեպքում, երբ անկախ միջազգային աուդիտորական ընկերությունը 2008թ. գործարանը գնահատել էր 34 մլն ԱՄՆ դոլար:

Այս փաստերին ոչ միջազգային հանրությունը եւ ոչ էլ ներդրողները չեն կարող անտարբեր նայել: Չէ՞ որ նույն զոհասեղանին վաղը կարող են հայտնվել նաեւ ներդրողները: Այն պետությունը, որը սեփականության եւ մարդու անձեռնմխելիության իրավունքները օրը ցերեկով ոտնահարում է, չի կարող համարվել իրավական պետություն, ինչպիսին հռչակված է Հայաստանի Հանրապետությունը:

Սակայն մենք վճռական ենք պաշտպանել մեր օրինական իրավունքները եւ պատրաստվում ենք կազմակերպել տարբեր տեսակի օրինական միջոցառումներ` մասնավորապես`

1. կազմակերպել բողոքի ակցիաներ,

2. դիմել դատական ատյաններին, ընդհուպ Եվրոպական դատարան,

3. ստեղծել հասարակական կազմակերպություն (ի պաշտպանություն Սուքիասյան ընտանիքի)

4. համապատասխան փաստաթղթեր հանձնել դեսպանատներին:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք Ձեր օժանդակությունը եւ գնահատականը:

Հարգանքներով`

Ալբերտ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ.Գ. Սուքիասյանների ոչնչացման խումբը (բանդան) ղեկավարում է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը, անդամներն են` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մ. Մինասյանը (Ս. Սարգսյանի փեսան), ՀՀ Նախագահի օգնական Գ. Կոստանյանը դատարանների հարցով, ՀՀ. գլխ. դատախազ Ա. Հովսեփյանը եւ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Մ. Պողոսյանը:

ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան պրն Ա. Հարությունյանին
Եվրոպայի խորհրդի գրասենյակի Գլխ. Քարտուղարի հատուկ ներկայացուցչին
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ
ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակ
ՌԴ Դեսպանություն
ԱՄՆ Դեսպանություն
Բուլղարիայի Դեսպանություն
Գերմանիայի Դեսպանություն
Իտալիայի Դեսպանություն
Լեհաստանի Դեսպանատուն
Հունաստանի Դեսպանություն
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային
Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դեսպանություն
Ռումինիայի Դեսպանություն
Ուկրաինայի Դեսպանություն
Վրաստանի Դեսպանություն
Ֆրանսիայի Դեսպանություն
Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակ
IFC-ի Հայաստանյան գրասենյակ
ՎԶԵԲ` պրն Մ. Վայնշտեյնին
Human Rights Watch
Պիտեր Սեմնեբի
Ջոն Պրեսկոտին
ՄԻԺԻ
Հելսինկյան Կոմիտե

09.03.2009թ.